Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻՓՆՏՌԵԼ ԱՍՏԾՈՒՆ ԵՒ ՓԱԽՉԵԼ ՄԵՂՔԻՑ1 Սիրեցէ՛ք արդարու…

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ

ՓՆՏՌԵԼ ԱՍՏԾՈՒՆ ԵՒ ՓԱԽՉԵԼ ՄԵՂՔԻՑ

1 Սիրեցէ՛ք արդարութիւնը, երկրի՛ դատաւորներ։

Բարի՛ խորհեցէք Տիրոջ մասին

եւ պարզ սրտով փնտռեցէ՛ք նրան։

2 Աստուած պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան,

եւ պիտի երեւայ նրանց, ովքեր թերահաւատ չեն նրա նկատմամբ։

3 Արդարեւ, անիրաւ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց,

իսկ իր զօրութիւնը փորձելու համար Աստուած յանդիմանում է անզգամներին։

4 Իմաստութիւնը չի մտնի չարանենգ անձի մէջ

եւ ոչ էլ կը բնակուի այն մարմնի մէջ, որ մեղք է գործում։

5 Իմաստուն եւ անբիծ հոգին փախչում է նենգութիւնից

ու մերժում անմիտների խորհուրդները,

եւ երբ անիրաւութիւն է վրայ հասնում, յանդիմանում է այն։

6 Իմաստուն եւ մարդասէր հոգին չի արդարացնում նրան,

ով հայհոյում է իր բերանով,

որովհետեւ Աստուած վկայ է նրա ներքին ցանկութիւններին,

նրա սրտի ճշմարիտ վերակացուն է

եւ նրա լեզուի ունկնդիրը։

7 Արդարեւ, Տիրոջ հոգին լցնում է տիեզերքը,

եւ Նա, որ պահում է ամէն ինչ, գիտէ, թէ ով ինչ է բարբառում։

8 Ուստի նա, ով անիրաւ բաներ է շշնջում,

չի ծածկուելու եւ չի խուսափելու արդարացի դատապարտութիւնից։

9 Ամբարիշտների խորհուրդների քննութիւն պիտի լինի,

նրանց ասածների լուրը պիտի հասնի Տիրոջը,

եւ նրանք պիտի կրեն իրենց անիրաւութիւննների պատիժը։

10 Նախանձախնդիր ականջը լսում է ամէն բան,

եւ քրթմնջիւնն ու շշնջիւնն անգամ չեն մնայ ծածուկ։

11 Ուստի այսուհետեւ զգո՛յշ եղէք անօգուտ քրթմնջիւնից

եւ բամբասանքներից խնայեցէ՛ք ձեր լեզուն,

որովհետեւ գաղտնի շշնջիւնը զուր չի անցնի,

եւ ստախօս բերանը կը սպանի հոգին։

12 Ձեր կեանքի մոլորութեամբ ձեզ մահ մի՛ ցանկացէք

եւ մի՛ սպանէք ձեր անձերը՝ ձեր իսկ ձեռքերի գործերով։

13 Արդարեւ, Աստուած մահ չի ստեղծել,

եւ նա չի ուրախանում ողջերի կորստեան համար։

14 Նա ամէն ինչ հաստատել է լինելու համար,

եւ աշխարհի գործերը փրկութեան համար են։

Ո՛չ մահաբեր թոյն կայ նրանց մէջ

ե՛ւ ոչ էլ դժոխքի թագաւորութիւն՝ երկրի վրայ,

15 որովհետեւ արդարութիւնը անմահ է։

16 Իսկ ամբարիշտները ձեռքով ու խօսքով իրենց մօտ կանչեցին մահը,

նրան իրենց բարեկամ համարեցին,

հալումաշ եղան եւ դաշինք կնքեցին նրա հետ.

եւ իսկապէս արժանի են բաժնեկից լինելու նրան։