Հին Կտակարան
Նոր Կտակարան
8 Տէրն ինձ ասաց. «Ահա քեզ մի նոր մեծադիր մատեան. նրա մէջ ճարտար մարդո…
8 Տէրն ինձ ասաց. «Ահա քեզ մի նոր մեծադիր մատեան. նրա մէջ ճարտար մարդու գրչով գրի՛ր՝ արագօրէն աւարառութեա՛ն ենթարկել, շուտափոյթ կողոպո՛ւտ կուտակել[†††], քանզի ժամը հասել է։ 2 Ինձ համար վկաներ կը կարգես հաւատարիմ մարդկանց՝ Ուրիա քահանային եւ Բարաքիայի որդի Զաքարիային»։ 3 Եւ ես մերձեցայ իմ մարգարէուհի կնոջը. նա յղիացաւ ու մի որդի ծնեց։ Տէրն ինձ ասաց. «Նրա անունը դի՛ր Արագ-արագ կողոպտի՛ր եւ շուտ-շուտ աւար ա՛ռ, 4 քանզի մինչ մանուկը կը սովորի հայր կամ մայր ասել, Դամասկոսի հարստութիւնը եւ Սամարիայի աւարը կը բերուեն Ասորեստանի թագաւորի առաջ»։
ԱՍՈՐԵՍՏԱՆԻ ԹԱԳԱՒՈՐԻ ՅԱՐՁԱԿՈՒՄԸ
5 Ապա Տէրը նորից խօսեց ինձ հետ եւ ասաց.
6 «Քանի որ այդ ժողովուրդը արհամարհեց Սելովայի հանդարտահոս ջուրը
եւ ուզեց իր համար թագաւոր ընտրել Ռասիմին եւ Ռոմելայի որդուն,
7 դրա համար էլ Տէրը ձեզ վրայ պիտի թափի յորդ ու հզօր գետի ջուրը՝
Ասորեստանի արքային ու նրա զօրութիւնը։
Նա պիտի գայ հասնի ձեր բոլոր ձորերը
եւ շարժուի ձեր պարիսպների վրայով.
8 այն մարդուն, որ ի վիճակի կը լինի բարձրացնել իր գլուխը,
եւ այն զօրաւորին, որ ունակ կը լինի որեւէ բան անելու,
պիտի վերացնի Հրէաստանի երկրից.
նրա բանակը պիտի լցուի ձեր լայնարձակ երկիրը»։
9 Գիտցէ՛ք, հեթանոսնե՛ր,
Աստուած մեզ հետ է,
պիտի պարտուէք.
լուրը հասցրէք աշխարհի չորս կողմե՛րը.
դուք, որ հզօրացել էք, պիտի պարտուէք։
Թէեւ դուք դարձեալ ուժեղանալու էք,
բայց էլի պարտութեան էք մատնուելու։
10 Ինչ խորհուրդ էլ անէք՝
Տէրը խափանելու է այն,
եւ ինչ էլ ասելու լինէք՝ չի հաստատուելու,
քանզի Տէր Աստուած մեզ հետ է։
11 Այսպէս է ասում Տէրը նրանց, ովքեր ընդդիմանում են նրա ձեռքի զօրութեանը՝ հետեւելով այս ժողովրդի ճանապարհին.
12 «Ասում են, թէ երբեք չար բան չեն խօսում.
բայց չէ՞ որ ինչ խօսում է այդ ժողովուրդը՝ չարութիւն է։
Մի՛ սարսափէք այն բանից, ինչից նրանք են վախենում,
եւ մի՛ անհանգստացէք։
13 Իրեն՝ Զօրութիւնների Տիրո՛ջը սրբացրէք,
թող ձեր վախը Նա՛ լինի։
Եթէ յոյսդ նրա վրայ դնես,
14 նա քեզ համար սրբութիւն կը լինի,
եւ քո ոտքը քարի չի դիպչի, դու չես սայթաքի։
Բայց Յակոբի տունը որոգայթի եւ Երուսաղէմի դարանակալ ծործորների մէջ է։