Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՄԱՐԴԸ3 «Գիշերն անկողնուս մէջ փնտռեցի իմ հոգու սիրածին, փնտռեցի նրան, …

ՄԱՐԴԸ

3 «Գիշերն անկողնուս մէջ փնտռեցի իմ հոգու սիրածին,

փնտռեցի նրան, բայց չգտայ,

կանչեցի, բայց ինձ ձայն չտուեց։

2 Վեր կենամ, շրջեմ քաղաքում,

անցնեմ փողոցներ ու հրապարակներ

եւ փնտռեմ նրան՝ իմ հոգու սիրածին։

Փնտռեցի նրան, բայց չգտայ,

կանչեցի նրան, բայց ինձ ձայն չտուեց։

3 Քաղաքում շրջող պահապանները հանդիպեցին ինձ»։

Հարսն ասում է պահապաններին.

«Արդեօք չէ՞ք տեսել իմ հոգու սիրածին»։

4 Երբ նրանցից փոքր-ինչ անցայ,

ես գտայ իմ հոգու սիրածին։

Գտնելով Փեսային՝ ասում է.

«Բռնեցի նրան եւ բաց չթողեցի,

մինչեւ որ նրան իմ մօր տունը չտարայ

եւ այն սենեակը, ուր իմ մայրն յղիացել է ինձնով»։

Հարսն օրիորդներին երդուեցնում է երկրորդ անգամ.

5 «Երդուեցէ՛ք, ո՜վ Երուսաղէմի դուստրեր,

հողի եւ հանդի զօրութեան վրայ,

որ երբ վեր կենաք,

դուք իմ սիրածին չէք արթնացնի,

մինչեւ որ ինքը չկամենայ»։

Փեսան ասում է Հարսի մասին.

ԵՐՐՈՐԴ ԵՐԳ

ԿԻՆԸ

6 «Ո՞վ է սա, որ ելել գալիս է անապատից,

բարձրանալով, ինչպէս ծառացած ծուխ,

ինչպէս զմուռսի եւ կնդրուկի

եւ ամէն տեսակ իւղերի փոշու սիւն»։

Օրիորդներն այսպէս են ասում.

7 «Ահա Սողոմոնի գահաւորակը.

նրա շուրջը Իսրայէլի վաթսուն սպառազէն քաջեր են կանգնած,

8 բոլորն էլ սուսերաւորներ եւ հմուտ պատերազմողներ,

եւ իւրաքանչիւրը սուր ունի ազդրին՝

գիշերուայ արհաւիրքների համար։

9 Սողոմոն արքան իր համար գահաւորակ պատրաստեց

Լիբանանի մայրի փայտերից.

10 նրա սիւները շինեց արծաթից,

նրա սնարները՝ ոսկուց,

իսկ ձեղունը՝ ծիրանի կերպասից։

Նրա ներսը ակնազարդ է,

Երուսաղէմի դուստրերի սէրն է սփռուած։

11 Ելէ՛ք, ո՜վ Սիոնի դուստրեր,

եւ նայեցէ՛ք Սողոմոն արքային ու նրա պսակին,

որով մայրը նրա հարսանիքի օրը՝

իր որդու սրտի ուրախութեան օրը պսակեց նրան»։