Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԸՆԴԴԷՄ ԿՌԱՊԱՇՏՆԵՐԻ6 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, դէմք…

ԸՆԴԴԷՄ ԿՌԱՊԱՇՏՆԵՐԻ

6 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, դէմքդ ուղղի՛ր դէպի Իսրայէլի այդ լեռները, մարգարէութի՛ւն արա դրանց վրայ եւ ասա՛. 3 “Իսրայէլի՛ լեռներ, լսեցէ՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները։ Այսպէս է ասում Ամենակալ Տէրը լեռներին ու բլուրներին, ձորերին ու դաշտերին. ‘ Ահա սուր եմ քաշում ձեզ վրայ, ու ոչնչանալու են ձեր բարձրադիր սրբավայրերը, 4 կործանուելու են ձեր խորանները, խորտակուելու են ձեր մեհեանները. Ու գետին եմ փռելու ձեր սպանուածներին ձեր կուռքերի առաջ։ 5 Ձեր կուռքերի առաջ վիրաւոր դիաթաւալ եմ անելու իսրայէլացիներիդ ու ձեր ոսկորները փռելու եմ ձեր խորանների շուրջը, 6 ձեր բոլոր բնակավայրերում։ Քաղաքներն աւերուելու են, բարձրադիր սրբավայրերը՝ ոչնչանալու, որպէսզի ջնջուեն ու պակասեն ձեր խորանները, խորտակուեն ու վերջ գտնեն ձեր կուռքերը, վերանան ձեր մեհեանները, ջնջուեն ձեր ձեռքերի գործերը, 7 ու ձեր մէջ սպանուածներ ընկնեն։ Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը։