Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՈՐՈԳԱՅԹ ՉԱՐԻ ՀԱՄԱՐ18 Բաղդատ Սոքեցին նորից խօսեց ու ասաց.2 «Մինչեւ ե՞ր…
ՈՐՈԳԱՅԹ ՉԱՐԻ ՀԱՄԱՐ
18 Բաղդատ Սոքեցին նորից խօսեց ու ասաց.
2 «Մինչեւ ե՞րբ դադար չես առնելու.
հանդարտուի՛ր, որ մենք էլ խօսենք։
3 Ինչո՞ւ ենք մենք չորքոտանիների պէս լռել քո առաջ,
4 իսկ դու համակ բարկութիւն ես։
Հիմա եթէ դու մեռնես՝
երկնքի ներքոյ ամայութի՞ւն է տիրելու,
թէ՞ լեռներն են հիմնայատակ կործանուելու։
5 Հանգելու է ամբարիշտների լոյսը.
նրանց բոցը չի փայլելու։
6 Նրա լոյսը խաւարելու է իր յարկի տակ,
եւ ճրագը հանգելու է նրա վրայ։
7 Յետին մարդիկ յափշտակելու են նրա ունեցուածքը.
սխալ են դուրս եկել նրա խորհուրդները։
8 Ոտքը ծուղակն է ընկնելու,
եւ նա թպրտալու է ուռկանում։
9 Դարաններ են վրան թափուելու.
ծարաւիներին զօրացնելու է նրա դէմ։
10 Նրա համար հողում թակարդ է թաքցուած,
իսկ ճանապարհին՝ որոգայթներ։
11 Ցաւերը բոլոր կողմերից ոչնչացնելու են նրան.
շատեր նրա ձեռքն ու ոտքն են կապելու տանջահարող սովով։
12 Նրա համար ահաւոր կործանում է պատրաստուած.
ոտքի ներբանները մաշուելու են։
13 Տարաժամ մահը ուտելու է գեղեցկութիւնը նրա.
14 առողջութիւնը դուրս է քշուելու նրա յարկից։
Տագնապով նրան է հասնելու Մահ-արքայի պատուհասը։
15 Գիշերը նա բնակուելու է նրա յարկի տակ.
նրա վայելչութիւնը ծծումբի բոցով է փչանալու։
16 Նրա արմատները խորքից են ցամաքելու,
հունձն էլ վերեւից է թափուելու։
17 Յիշատակը նրա կորչելու է երկրի երեսից,
անունն էլ ջնջուելու է հրապարակաւ։
18 Լոյսից խաւար են քշելու նրան,
եւ իր ժողովրդի մէջ ծանօթ չի ունենալու։
19 Երկնքի ներքոյ նրա տունը չի փրկուելու,
այլ այնտեղ օտարներ են բնակութիւն հաստատելու։
20 Յետին մարդիկ[††††††] հեծեծելու են նրա վրայ,
առաջինները[‡‡‡‡‡‡] զարմանքով են համակուելու,
21 թէ սրա՞նք են անիրաւների տները,
սրա՞նք են այն մարդկանց տեղերը, ովքեր Տիրոջը չճանաչեցին»։