Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԱՆՏԻՈՔՈՍԻ ԵՒ ԼԻՒՍԻԱՍԻ ԱՐՇԱՒԱՆՔԸ13 Հարիւր քառասունինը թուականին, Յուդա…
ԱՆՏԻՈՔՈՍԻ ԵՒ ԼԻՒՍԻԱՍԻ ԱՐՇԱՒԱՆՔԸ
13 Հարիւր քառասունինը թուականին, Յուդա Մակաբայեցու ժամանակ 2 Անտիոքոսը Լիւսիասի հետ բազմաթիւ զօրքերով եկաւ Հրէաստան։ Նա ունէր հարիւր տասը հազար վահանակիր զինուորներ, հինգ հազար երեք հարիւր հեծեալներ, քսաներկու փղեր եւ երեք հարիւր գերանդակիր մարտակառքեր։ 3 Շմաւոնն[‡‡‡‡‡‡‡] իրեն խելօք կարծելով՝ ընկել էր նրանց մէջ, որ աշխարհի խաղաղութեան մասին բարեխօսի, մինչդեռ իր մտքի խորհուրդը երկրի քահանայապետութիւնը ստանալն էր։ 4 Արքայից արքան խիստ շարժել էր Անտիոքոսի բարկութիւնը Շմաւոնի դէմ, մանաւանդ Լիւսիասը հաստատեց, որ այս Շմաւոնն է այդ երկրում կատարուող բոլոր չարագործութիւնների պատճառը, ուստի հրաման տուեց, որ բռնեն նրան ու տեղի օրէնքի համաձայն ոչնչացնեն։ 5 Այդտեղ կար յիսուն կանգուն բարձրութեամբ մի աշտարակ, որը լցուած էր մոխրով։ Նա ունէր ձագարաձեւ, պտտուող մի գործիք։ 6 Դուռը շինել էին այնպէս, որ բացւում էր հակառակ՝ դէպի ներսի, մոխրի կողմը։ Նրա մէջ էին նետում այն յանցագործին, որ տաճարին վնաս էր տուել կամ այլ մեծամեծ չարիքներ էր գործել։ 7 Հրամայեցին այսպիսի պատժով մէջտեղից վերացնել անօրէն Շմաւոնին, 8 որ երկրի վրայ արժանի չլինի հողի ու պատանքի։ Քանի որ նա բազում չարիքներ էր գործել այն սեղանի հանդէպ, ուր պահւում էին սուրբ կրակն ու աճիւնը, դրա համար էլ նա մոխրահեղձ մահով գտաւ իր վախճանը։
ՄԱԿԱԲԱՅԵՑՈՒ ՅԱՂԹԱՆԱԿԸ ՄՈԴԻԻՄԻ ՄՕՏ
9 Անտիոքոս արքան պատրաստուեց աւելի վայրենի տանջանքների ենթարկել հրեաներին, քան իր հայրը։ 10 Երբ դա իմացաւ Յուդան, ժողովրդին պատուիրեց, որ գիշեր-ցերեկ կանչեն Տիրոջ անունը, որ Նա, ինչպէս նախկինում, հիմա էլ լինի օգնական այն մարդկանց, 11 ում ուզում են հեռացնել իրենց հայրերի օրէնքներից ու սուրբ տաճարից, իրենց չմատնի անօրէն հեթանոսների ձեռքը։ 12 Երբ բոլորն առհասարակ արտասուելով ու ծոմ պահելով միահամուռ այս ուխտը կատարեցին, երեք օր անընդհատ գետին ընկած աղօթք արեցին, այն ժամանակ Յուդան յորդորեց նրանց, որ պատրաստ լինեն։ 13 Նա առանձին հաւաքեց ժողովրդի ծերերին, խորհուրդ արեց։ «Քաղաքներն ամրացնենք, - ասաց, - քանի դեռ թագաւորի զօրքերը Հրէաստան չեն մտել։ 14 Աստծու կամքով մենք քաջութեամբ ելնենք, կեանքի եւ մահու կռիւ մղենք ի պաշտպանութիւն քաղաքի, օրէնքների, տաճարի, երկրի ու տէրութեան»։ Երբ այս բանն ասաց, անմիջապէս զօրքով արշաւեցին Մոդիիմ քաղաքի կողմերը. նա բանակատեղի էր հաստատում, զինանշան էր բաշխում, 15 իր անձը, զօրքն ու բանակի յաղթութիւնը յանձնում Աստծուն։ Նա ընտրեց Արիստիդէսին[§§§§§§§], լաւ սպառազինուած երիտասարդներ, գիշերով խուժեց թագաւորի բանակի մէջ, մտաւ վրանը, կոտորեց մօտ չորս հազար գիշերային պահակներ, սպանեց առաջնորդող փղին ու փղապետին եւ առհասարակ դռան բոլոր պահապաններին դիաթաւալ գետին տապալելով՝ վերադարձաւ։ 16 Այն ժամանակ ամբողջ բանակը խառնաշփոթութեամբ ու սարսափով բռնուեց։ 17 Բոլորը յուսալքուած, թուլացած, ուժասպառ եղած ու տարակուսած՝ դիմաւորեցին առաւօտը։
ԱՆՏԻՈՔՈՍԸ ՀԱՇՏՈՒԹԻՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ ՀՐԵԱՆԵՐԻՑ
18 Թագաւորը եբրայական բանակի այսպիսի համարձակութիւնն ու խիզախութիւնը երկնքի օգնութեանը վերագրելով՝ աշխատեց խորամանկութեամբ նոյնպիսի մի հարուած հասցնել նրանց, բայց անյաջողութիւն կրեց։ 19 Նա Բեթսոր արշաւելով՝ պաշարեց այն, ասպատակեց, բայց այդտեղ էլ հարուածներ ստանալով՝ պարտութիւն կրեց, 20 որովհետեւ ներսում գտնուողներին Յուդան ինքը գաղտնի պահեստներից նետ, զէնք, մթերք էր մատակարարում։ 21 Հրեաների գնդից Ռոդոկ անունով մէկը այս գաղտնիքը յայտնեց թշնամուն։ Փնտռեցին, գտան նրան ու պատժեցին. նա սրի զոհ դարձաւ։ 22 Երբ թագաւորին յայտնի դարձաւ, թէ բերդում գտնուողները ուժեղ են, ուժի գործադրումից հրաժարուելով՝ սկսեց խորամանկօրէն համոզել բերդում գտնուողներին, թէ դաշինք է առաջարկում, խոստանում է հրաժարուել բերդերը գրաւելուց, 23 մինչդեռ յարձակուեց Յուդայի բանակի վրայ, բայց երկու կողմից էլ անյաջողութիւն կրելով՝ ընկրկեց։ Երբ դրանից յետոյ նրան յայտնեցին, թէ Փիլիպպոսը ստոր արարք է կատարել՝ երկրում շրջագայելով արքունի գործերին վերաբերող կարգադրութիւններ է արել, թուլացաւ, յուսալքուեց, տրտմեց եւ եբրայեցիներին խնդրեց համաձայնութեան գալ։ Ուխտ դրեց, երդում տուեց, որ նրանց բոլոր իրաւունքները կը վերականգնի։ Խաղաղութեան դաշինք կնքեց, զոհ մատուցեց ու պատիւ տուեց տաճարին։ Նա քաղցր սիրով գթութիւն եւ մարդասիրութիւն ցոյց տուեց նրանց բոլոր վայրերում, 24 փառաբանեց Մակաբայեցուն եւ նրան աւելի հարուստ դարձրեց, քան առաջ էր։ Այնտեղ՝ Դորայից մինչեւ Գերար, սպարապետ նշանակեց Հեգեմոնիդէսին[********], 25 իսկ ինքն եկաւ մտաւ Պտղոմայիս։ Քաղաքի բնակիչները խիստ զայրացել էին, որ նա խաղաղութեան դաշինք է կնքել։ Նրանք չէին հանդարտւում, խռովութիւն էին պատրաստում նրա դէմ, ստիպում, որ չեղեալ յայտարարի հաշտութեան համաձայնութիւնը։ 26 Եկաւ Լիւսիասն ինքը, մօտեցաւ, ողջախոհութեամբ համոզեց նրանց, մեղմացրեց։ Անտիոքոսը նորից վերադարձաւ անտիոքացիների կողմերը։
Ահա այսպիսի վախճան ունեցաւ ասպատակող թագաւորի այս արշաւանքը։