Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՏԻՐՈՋ ՁԱՅՆԸ ՓՈԹՈՐԿԻ ՄԷՋ28 Սաղմոս Դաւթի. տաճարի նաւակատիքի օրհնութիւնը…
ՏԻՐՈՋ ՁԱՅՆԸ ՓՈԹՈՐԿԻ ՄԷՋ
28 Սաղմոս Դաւթի. տաճարի նաւակատիքի օրհնութիւնը
1 Աստծո՛ւ որդիներ, մատուցեցէ՛ք Տիրոջը,
մատուցեցէ՛ք Տիրոջը խոյերի ձագեր։
2 Մատուցեցէ՛ք Տիրոջը փառք ու պատիւ,
տուէ՛ք Տիրոջը փառքն իր անուան
եւ երկրպագեցէ՛ք Տիրոջն իր սուրբ սրահում։
3 Տիրոջ ձայնը ջրերի վրայ է.
փառքի Աստուածը որոտաց,
Տէրն ինքն է անսպառ ջրերի վրայ։
4 Տիրոջ ձայնը ահարկու է,
Տիրոջ ձայնը փառահեղ է։
5 Տիրոջ ձայնը փշրում է մայրիները,
Տէրը կոտրատում է մայրիները Լիբանանի։
6 Տէրը կոտրատում է դրանք ինչպէս Լիբանանի մատաղ տունկերը,
որոնք սիրասուն են միեղջերուի ձագերի պէս։
7 Տիրոջ ձայնը ճեղքում է կրակի բոցը։
8 Տիրոջ ձայնը ցնցում է անապատը,
Տէրը դողացնում է Կադէսի անապատը։
9 Տիրոջ ձայնը ոտքի է կանգնեցնում եղնիկներին
եւ մերկացնում անտառները։
Նրա տաճարում բոլորը թող գովեն փառքը նրա։
10 Տէրը զսպում եւ ցածրացնում է ջրհեղեղները,
Տէրը յաւիտեան պիտի թագաւորի։
11 Տէրն իր ժողովրդին զօրութիւն պիտի տայ,
իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղութիւն պարգեւելով։