Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՏԻՐՈՋ ԲԱՐԵՀԱՃՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԽՍՏՈՒԹԻՒՆԸ16 Մի՛ ցանկացիր անպիտան որդիների շա…

ՏԻՐՈՋ ԲԱՐԵՀԱՃՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԽՍՏՈՒԹԻՒՆԸ

16 Մի՛ ցանկացիր անպիտան որդիների շատութիւն եւ մի՛ ուրախացիր ամբարիշտ որդիներով. եթէ նրանք շատանան, մի՛ ուրախացիր նրանցով։

2 Եթէ նրանց մէջ չկայ Տիրոջ երկիւղը, դու նրանց կեանքի նկատմամբ վստահ մի՛ եղիր եւ մի՛ ապաւինիր նրանց շատութեանը։

3 Լաւ է մէկը, քան հազարը, եւ լաւ է մեռնել անզաւակ,

4 քան ունենալ ամբարիշտ որդիներ։

5 Արդարեւ, միայն մէկ իմաստուն է կառուցում քաղաքը, բայց այն կործանւում է անօրէնների ցեղից։

6 Բազում այսպիսի բաներ տեսայ իմ աչքերով, եւ սրանից էլ առաւել զօրաւոր բաներ լսեց իմ ականջը։

7 Մեղաւորների հաւաքոյթներին կրակ կը բորբոքուի, եւ Տիրոջ բարկութիւնը կը թափուի անհնազանդ ազգի վրայ։

8 Տէրը քաւութիւն չտուեց հին հսկաներին, ովքեր, իրենց զօրութեան վրայ վստահ, ապստամբեցին։

9 Չխնայեց նաեւ Ղովտի համաքաղաքացիներին, որոնցից զզուեց նրանց ամբաստանութեան պատճառով։

10 Չգթաց իրենց մեղքերի համար կորստեան դատապարտուած ազգին։

11 Այսպէս վարուեց նաեւ վեց հարիւր հազար հետեւակների հետ, ովքեր հպարտացել էին իրենց խստասրտութեամբ։

Թէկուզ եւ նրանցից մէկն իսկ խստապարանոց լինէր, զարմանալի կը լինէր, եթէ չդատապարտուէր.

12 քանզի թէ՛ ողորմութիւնը, թէ՛ բարկութիւնը նրանն է։

13 Նա հզօր է ինչպէս իր ներման, այնպէս էլ իր բարկութիւնը թափելու մէջ. որքան մեծ է նրա ողորմութիւնը, այնքան էլ մեծ է նրա յանդիմանութիւնը։

14 Մարդը դատւում է ըստ իր գործերի. մեղաւորն իր յափշտակութեան համար չի ճողոպրի, իսկ բարեպաշտ մարդը շնորհ կը գտնի իր համբերութեան համար։

15 Ամէն ողորմածութեան համար Տէրը տեղ կ’անի. իւրաքանչիւր ոք հատուցում կը գտնի ըստ իր գործերի։

16 Մի՛ ասա, թէ՝ «Կը թաքնուեմ Տիրոջից», եւ՝ «Ո՞վ կը յիշի ինձ»։

17 «Բազում ժողովրդի մէջ չեմ նկատուի, որովհետեւ իմ հոգին ի՞նչ է այդչափ արարածների մէջ»։

18 Ահաւասիկ, երկինքը, երկինքների երկինքը, անդունդներն ու երկիրը դղրդում են նրա այցելութիւնից,

19 նոյնպէս լեռներն ու երկրի հիմքերը ցնցւում նրա հայեացքից։

20 Բայց սիրտը չի կարող խորհել այդ մասին։

21 Ո՞վ կը մտածի նրա ճանապարհների եւ այն որոգայթների մասին, որոնք մարդ չի տեսել։

22 Իսկ նրա գործերից շատերը ծածուկ են. արդարութեան գործերը ո՞վ կը յայտնի, կամ ո՞վ համբերութեամբ կը սպասի, որովհետեւ կ’ասի, թէ՝ «Ուխտը հեռու է»։

23 Ով պակասամիտ է, այսպէս կը խորհի, եւ անզգամ ու մոլորուած մարդը յիմարութիւններ կը մտածի։

ՏԻՐՈՋ ՍԱՀՄԱՆԱԾ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԸ

24 Որդեա՛կ, լսի՛ր ինձ, սովորի՛ր գիտութիւնը եւ իմ խօսքերին ունկնդի՛ր եղիր քո սրտով։

25 Ես քեզ ցոյց կը տամ կշռադատուած գիտութիւնը եւ ճշմարտութեամբ կը յայտնեմ իմացութիւնը։

26 Տիրոջ գործերը սկզբից եւեթ ճշմարտութեամբ էին, եւ նա արարչագործութիւնից իսկ զատեց նրանց մասերը։

27 Յաւիտեան կարգաւորեց իր գործերը եւ կարգեր սահմանեց նրանց տեսակների մէջ։

28 Դրանք ո՛չ քաղց ունեն եւ ոչ էլ յոգնութիւն, չեն դադարում իրենց գործերից, եւ դրանցից իւրաքանչիւրը նեղութիւն չի տալիս իր մերձաւորին։

29 Դրանք յաւիտեան չեն հակառակուի Տիրոջ խօսքերին։

30 Այնուհետեւ Տէրը նայեց երկրին եւ այն լցրեց նրա բարիքներով։

31 Բոլոր կենդանի էակների շունչը ծածկեց երկրի երեսը, եւ բոլորը դարձեալ վերադառնալու են երկիր։