Հին Կտակարան
Նոր Կտակարան
10 Եւ Տէրն ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, այն բոլոր խօսքերը, որ ասացի քեզ, …
10 Եւ Տէրն ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, այն բոլոր խօսքերը, որ ասացի քեզ, ականջներո՛վդ լսիր ու սրտիդ մէ՛ջ պահիր։ 11 Եւ գնա՛ ու մտի՛ր քո ժողովրդի գերեալ զաւակների մէջ։ Նրանց հետ կը խօսես ու կ’ասես. “Այսպէս է ասում Տէր Աստուածը”, լսեն նրանք, թէ չլսեն»։
12 Եւ Հոգին ինձ բարձրացրեց, ու ետեւիցս մեծ շարժման ձայն լսեցի. ասում էին. «Օրհնեալ է Տիրոջ փառքը՝ իր բնակատեղիում»։ 13 Ու տեսայ, որ դա ձայնն էր միմեանց հետ սաւառնող կենդանի էակների թեւերի, ձայնը նրանց հետ պտտուող անիւների եւ ձայնը շարժման։ 14 Տիրոջ Հոգին բարձրացրեց, բարձրացրեց ինձ, ու համբառնալով գնում էի՝ հետեւելով իմ հոգու մղումին։ 15 Տիրոջ ձեռքն ինձ վրայ զօրաւոր եղաւ։ Վերացած՝ մտայ գերեալների մէջ ու շրջեցի Քոբար գետի բնակիչների մօտ, որոնք այնտեղ էին։ Ու դադար առնելով եօթը օր նստեցի նրանց մէջ։
ՏԷՐԸ ԵԶԵԿԻԷԼԻՆ ՊԱՀԱԿ Է ԿԱՐԳՈՒՄ
(Եզեկ. 33. 1-9)
16 Եօթը օր յետոյ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 17 «Մարդո՛ւ որդի, ես քեզ դէտ կարգեցի Իսրայէլի այդ տանը. դու ինձնից պատգամներ ես լսելու եւ իմ անունից սպառնալու ես[††] նրանց։ 18 Երբ անօրէնին ասեմ՝ ստոյգ պիտի մեռնես, դու այլեւս չես զգուշացնելու նրան, ոչ էլ ասելու ես անօրէնին, որ զգուշանայ, յետ դառնայ իր չար ճանապարհից ու ապրի։ Այդ անօրէնն իր անօրէնութեան մէջ է մեռնելու, եւ նրա արիւնը քեզնից եմ պահանջելու։ 19 Իսկ եթէ դու անօրէնին զգուշացնես, ու նա յետ չդառնայ իր անօրէնութիւնից եւ իր ճանապարհից, - այդ անօրէնն իր անօրէնութեան մէջ է մեռնելու, իսկ դու քեզ փրկելու ես։ 20 Եւ երբ արդարն էլ իր արդար գործերից շեղուի ու յանցանքներ գործի, նրա գլխին տանջանքներ եմ բերելու. ինքը մեռնելու է, որովհետեւ նրա կատարած արդար գործերը չեն յիշուելու։ Բայց քանի որ դու նրան չես զգուշացրել, նրա արիւնը քեզնից եմ պահանջելու։ 21 Ապա եթէ դու զգուշացնես արդարին, որ նա մեղք չգործի, արդարն ապրելով պիտի ապրի, որովհետեւ զգուշացրել ես նրան. դու էլ քեզ պիտի փրկես»։
ԵԶԵԿԻԷԼԸ ԼՌՈՒԹԵԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԱԾ
ԱՍՏԾՈՒ ԿՈՂՄԻՑ
22 Այնտեղ Տիրոջ ձեռքն ինձ վրայ հանգչեց, ու նա ասաց ինձ. «Վե՛ր կաց, դու էլ այն դաշտը ելի՛ր, այնտեղ քեզ հետ խօսելու եմ»։ 23 Վեր կացայ ելայ այն դաշտը։ Ահա այնտեղ էր իջել Տիրոջ փառքը, ինչպէս այն տեսիլքն ու փառքը, որ տեսել էի Քոբար գետի ափին։ Երեսս ի վայր ընկայ։ 24 Եւ Հոգին եկաւ վրաս ու ինձ ոտքերիս վրայ կանգնեցրեց։ Խօսեց հետս ու ասաց. 25 «Մտի՛ր ու փակուի՛ր քո տանը։ Մարդո՛ւ որդի, ահա քեզ վրայ կապանքներ են դրուած, ու քեզ դեռ կապելու են դրանցով. եւ դու դուրս չես գալու դրանց միջից։ 26 Լեզուդ էլ կապելու եմ քո քիմքին, ու համր ես լինելու։ Դու նրանց համար յանդիմանող մի մարդ չես լինելու, որովհետեւ նրանք դառնացնողների տուն են։ 27 Ու երբ հետդ խօսեմ, բաց եմ անելու քո բերանը, եւ դու ասելու ես նրանց. “Այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուածը”։ Ով որ լսելու է, թող լսի, իսկ ով որ արհամարհելու է, թող արհամարհի, քանի որ նրանք դառնացնողների տուն են»։
ԵԶԵԿԻԷԼԸ ՅԱՅՏՆՈՒՄ Է
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՊԱՇԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
4 «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քեզ համար մի աղի՛ւս առ, այն դի՛ր քո առաջ։ Դրա վրայ կը նկարես Երուսաղէմ քաղաքը, 2 շուրջը կը հաստատես նրա պաշարումը։ Նրա շուրջը մարտական աշտարակներ կը շինես, կը շրջապատես պատնէշներով, շուրջը բանակներ կը կանգնեցնես ու նետաձիգներ կը դնես չորս կողմը։ 3 Քեզ համար երկաթէ մի վահան կ’առնես եւ այն, իբրեւ երկաթէ պարիսպ, կը կանգնեցնես քո ու քաղաքի միջեւ։ Դէմքդ էլ կ’ուղղես դէպի այն, կը պաշարես այն, ու սա պաշարման մէջ կը լինի։ Իսրայէլի զաւակների նշանն է դա։
4 Դու կը ննջես քո ձախ կողքի վրայ ու Իսրայէլի տան անիրաւութիւններն էլ կը դնես վրադ, ըստ այն օրերի թուի, որ ննջելու ես դրա վրայ. հարիւր իննսուն[‡‡] օր կը կրես նրանց անիրաւութիւնները։ 5 Ես քեզ եմ տուել նրանց երկու անիրաւութիւնները, օրերի թուով՝ հարիւր իննսուն օր։ Եւ դու կը կրես Իսրայէլի տան անիրաւութիւնները, 6 կ’ամբողջացնես բոլորը միասին։ Դարձեալ կը ննջես, աջ կողքիդ վրայ, եւ Յուդայի տան անիրաւութիւնները կը կրես քառասուն օր. իւրաքանչիւր տարուայ դիմաց մէկ օր եմ սահմանել քեզ։
7 Դէմքդ կ’ուղղես դէպի Երուսաղէմի պաշարումը, կը զօրացնես բազուկներդ եւ նրա վրայ մարգարէութիւններ կ’անես։ 8 Իսկ ես ահա քեզ վրայ կապանքներ եմ դրել, ու դու մի կողքիցդ միւսին չես դառնալու, մինչեւ չվերջանան արգելափակմանդ օրերը։
9 Իսկ դու քեզ համար ցորեն ու գարի ա՛ռ, ոսպ ու ոլոռ, կորեկ ու հաճար, դրանք դի՛ր խեցէ մի ամանի մէջ եւ քեզ համար հա՛ց պատրաստիր։ Ու ըստ կողքիդ վրայ քո քնելու օրերի թուի՝ հարիւր իննսուն օր կ’ուտես այն։ 10 Կերակուրդ կշռով կ’ուտես. օրը քսան սիկղ[§§] որոշուած ժամերին կ’ուտես դրանից։ 11 Ջուրն էլ չափով կը խմես. մի փարչի վեցերորդ մասը որոշուած ժամերին կը խմես։ 12 Կերակուրդ գարուց պատրաստուած նկանակի ձեւով կ’ուտես. մարդկանց կղկղանքի վրայ կ’եփես այն, նրանց աչքի առաջ։ 13 Ու կ’ասես. “Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. իսրայէլացիներն այսպէս են ուտելու իրենց հացը՝ իրենց պղծութեամբ, այն այլազգիների մէջ, ուր ցրելու եմ նրանց”։ 14 Եւ ես ասում եմ. «Քա՛ւ լիցի, Իսրայէլի Տէ՛ր Աստուած, եթէ հոգիս երբեւէ ապականուի պղծութիւնների մէջ. ես մեռելոտի կամ գազանից յօշոտուած անասունի միս ծննդիցս ի վեր մինչեւ այժմ երբեք չեմ կերել, ու բերանս էլ որեւէ պիղծ միս չի մտել»։ 15 Եւ ասաց ինձ. «Ահա քեզ մարդու կղկղանքի փոխարէն արջառի քակոր եմ տուել. դրա վրայ կ’եփես հացդ»։
16 Եւ Տէրն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ահա ես վերացնում եմ Երուսաղէմում հացի պաշարը. թող հացը կշռով ու կարօտով ուտեն, ջուրն էլ չափով ու կարօտութեամբ խմեն, 17 որպէսզի կարօտ մնան հացի ու ջրի։ Ու թող կործանուեն մարդն ու իր եղբայրը, հալումաշ լինեն իրենց անիրաւութիւնների մէջ»։