Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՅԵՍՈՒՆ ԳԵՐՈՒՄ Է ՀԻՆԳ ԹԱԳԱՒՈՐՆԵՐԻՆ16 Այն հինգ թագաւորները փախան Մակեդա…
ՅԵՍՈՒՆ ԳԵՐՈՒՄ Է ՀԻՆԳ ԹԱԳԱՒՈՐՆԵՐԻՆ
16 Այն հինգ թագաւորները փախան Մակեդա եւ թաքնուեցին քարայրի մէջ։ 17 Իմաց տուին Յեսուին եւ ասացին. «Հինգ թագաւորները գտնուեցին Մակեդայում, քարայրի մէջ թաքնուած»։ 18 Յեսուն ասաց. «Քարայրի մուտքին մեծամեծ քարեր գլորեցէ՛ք եւ նրանց վրայ մարդիկ կարգեցէ՛ք, որ հսկեն նրանց։ 19 Բայց դուք մի՛ դադարէք ձեր թշնամիներին հետապնդելուց, հասէ՛ք նրանց վերջնապահներին եւ մի՛ թոյլ տուէք, որ մտնեն իրենց քաղաքները, որովհետեւ Տէր Աստուածը նրանց մատնեց մեր ձեռքը»։ 20 Երբ Յեսուն եւ բոլոր իսրայէլացիները դադարեցին մեծ կոտորածով նրանց իսպառ բնաջնջելուց, եւ նրանցից ազատուածները մտան ամրացուած քաղաքները, 21 ամբողջ ժողովուրդը ողջ առողջ վերադարձաւ բանակատեղի՝ Յեսուի մօտ, Մակեդա։ Եւ ոչ ոք չյանդգնեց խօսել իսրայէլացիների դէմ։ 22 Եւ Յեսուն ասաց. «Բացէ՛ք քարայրը եւ այնտեղից հանէ՛ք, բերէ՛ք ինձ մօտ այն հինգ թագաւորներին»։ 23 Այդպէս էլ արեցին. հինգ թագաւորներին՝ Երուսաղէմի թագաւորին, Քեբրոնի թագաւորին, Յերիմութի թագաւորին, Լաքիսի թագաւորին եւ Օդողոմի թագաւորին քարայրից հանեցին ու տարան նրա մօտ։ 24 Երբ նրանց տարան Յեսուի մօտ, Յեսուն կանչեց բոլոր իսրայէլացիներին, իր հետ գնացած առաջամարտիկներին եւ ասաց նրանց. «Մօտեցէ՛ք եւ ձեր ոտքերը դրէ՛ք նրանց պարանոցների վրայ»։ Նրանք մօտեցան եւ իրենց ոտքերը դրեցին նրանց պարանոցների վրայ։ 25 Յեսուն ասաց նրանց. «Մի՛ վախեցէք նրանցից եւ մի՛ զարհուրէք, արիացէ՛ք եւ զօրացէ՛ք, որովհետեւ Տէրն այսպէս պիտի անի ձեր բոլոր թշնամիներին, որոնց հետ դուք պիտի մարտնչէք»։ 26 Ապա Յեսուն նրանց սպանեց եւ նրանց հինգին էլ կախեց ծառերից, եւ նրանք կախուած մնացին ծառերից մինչեւ երեկոյ։ 27 Արեւամուտին Յեսուն հրամայեց, եւ նրանց իջեցրին ծառերից, գցեցին այն քարայրի մէջ, որտեղ թաքնուել էին. եւ քարայրի մուտքին գլորեցին մեծամեծ քարեր, որոնք կան մինչեւ այսօր։
ՀԱՐԱՒԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԳՐԱՒՈՒՄԸ
28 Այդ օրը գրաւեցին նաեւ Մակեդան, սրի քաշեցին այն ու նրա թագաւորին, բնաջնջեցին այն եւ նրա մէջ եղած բոլոր մարդկանց, ոչ մի ազատուած կամ փախստական չմնաց նրանցից։ Յեսուն Մակեդայի թագաւորի հետ էլ վարուեց այնպէս, ինչպէս վարուել էր Երիքովի թագաւորի հետ։
29 Յեսուն, նրա հետ նաեւ բոլոր իսրայէլացիները, Մակեդայից գնացին Լեբնա եւ պաշարեցին Լեբնան։ 30 Տէրը մատնեց այն իսրայէլացիների ձեռքը, եւ Յեսուն նուաճեց այն ու նրա թագաւորին, սրի քաշեց այն ու նրա մէջ եղած բոլոր մարդկանց, նրա մէջ ոչ մի ազատուած եւ փախստական չմնաց։ Նրա թագաւորի հետ վարուեց այնպէս, ինչպէս վարուել էր Երիքովի թագաւորի հետ։
31 Յեսուն բոլոր իսրայէլացիների հետ Լեբնայից գնաց Լաքիս, բանակատեղի դրեց նրա շուրջը եւ պաշարեց այն։ 32 Տէրը Լաքիսն Իսրայէլի ձեռքը մատնեց, եւ երկրորդ օրը Յեսուն գրաւեց այն, սրի քաշեց եւ բնաջնջեց այն, ինչպէս որ Լեբնայի հետ էր վարուել։
33 Այն ժամանակ Գազերի Ելամ թագաւորը ելաւ օգնելու Լաքիսին, բայց Յեսուն սրի քաշեց նրան ու նրա զօրքերին այնպէս, որ նրանցից ոչ մի ազատուած եւ փախստական չմնաց։
34 Յեսուն բոլոր իսրայէլացիների հետ Լաքիսից մեկնեց Օդողոմ, բանակատեղի դրեց նրա շուրջը եւ պաշարեց այն։ Տէրը մատնեց Օդողոմն Իսրայէլի ձեռքը, 35 եւ Յեսուն այն օրը գրաւեց ու սրի քաշեց այն։ Նրա մէջ եղած բոլոր մարդկանց այն օրը կոտորեցին, ինչպէս որ վարուել էին Լաքիսի հետ։
36 Յեսուն բոլոր իսրայէլացիների հետ Օդողոմից գնաց Քեբրոն ու բանակ դրեց նրա շուրջը։ 37 Գրաւեցին ու սրակոտոր արեցին այն, նրա թագաւորին եւ նրա մէջ եղած բոլոր մարդկանց. նրա մէջ ապրող ոչ մէկը չազատուեց։ Նրա հետ վարուեցին այնպէս, ինչպէս վարուել էին Օդողոմի հետ. բոլոր բնակիչներին սպանեցին ու նրա մէջ եղած ամէն ինչ ոչնչացրին։
38 Ապա Յեսուն եւ ամբողջ Իսրայէլը շրջուեցին դէպի Դաբիր եւ շրջապատելով՝ 39 գրաւեցին այն, գերեվարեցին նրա թագաւորին եւ նրա ամբողջ զօրքը[‡‡], սրակոտոր արեցին ամբողջ քաղաքը, բնաջնջեցին այն եւ նրա մէջ եղած բոլոր մարդկանց. ոչ մէկին ողջ չթողեցին։ Ինչպէս վարուել էին Քեբրոնի հետ եւ ինչպէս վարուել էին Լեբնայի ու նրա թագաւորի հետ, այդպէս էլ վարուեցին Դաբիրի եւ նրա թագաւորի հետ։
40 Յեսուն հարուածեց ամբողջ լեռնային երկրին, Նագեբին[§§] եւ դաշտային երկրներին, Ասեդոթին[***] եւ նրա բոլոր թագաւորներին։ Նրանցից ոչ մէկին ողջ չթողեց, բոլոր բնակիչներին սպանեց, ինչպէս Իսրայէլի Տէր Աստուածն էր պատուիրել։ 41 Յեսուն կոտորեց նրանց Կադէսբառնեայից մինչեւ Գազա, Գոսոմի ամբողջ երկիրը մինչեւ Գաբաւոն։ 42 Նրանց բոլոր թագաւորներին եւ նրանց երկիրը Յեսուն նուաճեց միաժամանակ, քանի որ Իսրայէլի Տէր Աստուածը կռւում էր իսրայէլացիների հետ միասին։ 43 Եւ Յեսուն բոլոր իսրայէլացիների հետ ետ դարձաւ բանակատեղի՝ Գաղգաղա։
ՄԱՌՈՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
11 Երբ Ասորի Յաբին թագաւորն այս բաները լսեց, մարդ ուղարկեց Մառոնի թագաւոր Յոբաբի, Սեմերոնի թագաւորի, Աքիփայի թագաւորի 2 եւ այն թագաւորների մօտ, որոնք մեծ Սիդոնի լեռներում եւ Քեներեթի դիմաց Ռաբաթում էին՝ դաշտերում եւ Նաբեթդորում, 3 արեւելեան կողմից ծովեզրեայ քանանացիների, ծովեզրեայ ամորհացիների, քետացիների, փերեզացիների, լեռնաբնակ յեբուսացիների եւ Ահերմոնի տակ Մասեփայում ապրող խեւացիների մօտ։ 4 Նրանք իրենց թագաւորների ու ծովափի աւազի չափ բազմաքանակ զօրքերի հետ ճամփայ ելան։ Նրանք չափազանց շատ ձիեր ու կառքեր ունէին։ Հաւաքուեցին այս բոլոր թագաւորները, եկան միասին եւ մէկտեղ բանակ դրին Մառոնի ջրի մօտ, որ պատերազմեն Իսրայէլի դէմ։
6 Տէրը Յեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, քանի որ վաղը այս ժամին ես նրանց բոլորին փախուստի պիտի մատնեմ իսրայէլացիների առաջ. նրանց ձիերին ջղակտոր կ’անես, նրանց կառքերը հրով կ’այրես»։ 7 Յեսուն ու նրա հետ ամբողջ պատերազմող զօրքը Մառոնի ջրի մօտ յանկարծակի նրանց դէմ գնացին եւ լեռնակողմում ընկան նրանց վրայ։ 8 Տէրը նրանց Իսրայէլի ձեռքը մատնեց, եւ կոտորելով նրանց՝ հալածեցին մինչեւ մեծ Սիդոն, մինչեւ Մասրեփոթմայիմ եւ մինչեւ Մասեփայի դաշտն արեւելքում։ Կոտորեցին նրանց, մինչեւ որ նրանցից ոչ մի ազատուած մարդ չմնաց։ 9 Յեսուն նրանց հետ այնպէս վարուեց, ինչպէս որ Տէրը պատուիրել էր նրան. նրանց ձիերը ջղակոտոր արեց եւ նրանց կառքերը հրով այրեց։
ԱՍՈՐԻ ԳՐԱՒՈՒՄԸ
10 Այն ժամանակ Յեսուն ետ դարձաւ եւ գրաւեց Ասորը եւ նրա թագաւորին, սպանեց նրան, որովհետեւ Ասորն առաջ այն բոլոր թագաւորութիւնների գլուխն էր։ 11 Նրա մէջ եղած բոլոր մարդկանց սրակոտոր արեցին, բնաջնջեցին բոլորին, նրա մէջ ոչ մի շնչաւոր էակ չմնաց։ Ասորն էլ կրակով այրեցին։ 12 Այդ թագաւորութիւնների բոլոր քաղաքներն ու նրանց թագաւորներին գերեց Յեսուն, նրանց սրի քաշեց եւ բնաջինջ արեց, ինչպէս որ իրենց հրամայել էր Տիրոջ ծառայ Մովսէսը։ 13 Բայց հողաբլուրների վրայ եղած բոլոր քաղաքները չայրեցին իսրայէլացիները, այլ միայն Ասորը, որ Յեսո՛ւն այրեց։ 14 Նրա ամբողջ աւարն ու անասունները իսրայէլացիները կողոպտեցին, բոլոր մարդկանց սրի քաշեցին, մինչեւ որ բնաջնջեցին նրանց եւ ոչ մի շնչաւոր էակ չթողեցին։ 15 Ինչպէս Տէրը հրամայել էր իր ծառայ Մովսէսին, եւ ինչպէս Մովսէսը պատուիրել էր Յեսուին, այդպէս արեց Յեսուն եւ ոչ մի բան զանց չարեց այն ամենից, ինչ նրան պատուիրել էր Մովսէսը։
ՅԵՍՈՒԻ ԳՐԱՒԱԾ ԵՐԿՐՆԵՐԸ
16 Յեսուն նուաճեց այն ամբողջ երկիրը, լեռնակողմը եւ ամբողջ Նագեբ երկիրը, ամբողջ Գոսոմ երկիրը, դաշտային եւ արեւմտեան կողմը, Իսրայէլի լեռն ու նրա հովիտը, որ լերան մօտ է, 17 Աքել սարից մինչեւ Սուրի ելքը, մինչեւ Բաալգադ եւ Լիբանանի դաշտավայրերը՝ Ահերմոնի ստորոտում, նրանց բոլոր թագաւորներին նա բռնեց եւ կոտորեց։ 18 Այդ բոլոր թագաւորների դէմ Յեսուն շատ օրեր պատերազմ մղեց, 19 եւ չկար մի քաղաք, որ Տէրը իսրայէլացիների ձեռքը մատնած չլինէր, բացի Գաբաւոնում բնակուող խեւացիներից. Յեսուն բոլորին նուաճեց պատերազմով։ 20 Արդարեւ, Տէրն էր, որ կարծրացրեց նրանց սրտերը, եւ նրանք պատերազմով դիմաւորեցին Իսրայէլին, որպէսզի չմեռնեն, Տէրը չողորմի նրանց, այլ բնաջնջուեն, ինչպէս որ Տէրն ասել էր Մովսէսին։ 21 Այն ժամանակ Յեսուն եկաւ եւ Քեբրոնի ու Դաբիրի լեռնակողմում, Անոբի եւ Իսրայէլի բոլոր լեռներում եւ Յուդայի երկրի բոլոր լեռներում կոտորեց ենակիմներին, ոչնչացրեց նրանց իրենց քաղաքներով հանդերձ։ Այո՛, Յեսուն կոտորեց նրանց, 22 եւ իսրայէլացիների երկրում ենակիմներից ոչ ոք չմնաց. մնացին միայն Գազայում, Գեթում եւ Ասեդոթում։
23 Յեսուն նուաճեց ամբողջ երկիրը, ինչպէս որ Տէրը պատուիրել էր Մովսէսին, եւ որպէս ժառանգութիւն տուեց Իսրայէլին բաժիններով ըստ նրանց ցեղերի։ Եւ երկիրը դադարեց պատերազմելուց։