Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՀՈՂՈՓԵՌՆԷՍԸ ԺՈՂՈՎ Է ԳՈՒՄԱՐՈՒՄ5 Ասորեստանի զօրքերի զօրապետ Հողոփեռնէսի…
ՀՈՂՈՓԵՌՆԷՍԸ ԺՈՂՈՎ Է ԳՈՒՄԱՐՈՒՄ
5 Ասորեստանի զօրքերի զօրապետ Հողոփեռնէսին պատմեցին, թէ իսրայէլացիները պատերազմի են նախապատրաստւում, փակել են լեռնանցքները, պարսպապատել բարձր լեռների գագաթները, ծածուկ որոգայթներ լարել դաշտերում։ 2 Հողոփեռնէսը խիստ զայրացաւ, կանչեց Մովաբի բոլոր իշխաններին, Ամոնի զօրապետներին, ծովեզերքի բոլոր նախարարներին եւ ասաց նրանց. 3 «Դուք, ո՛վ քանանացիներ, յայտնեցէ՛ք ինձ, ո՞վ է այդ ժողովուրդը, որ բնակւում է լեռնակողմում, ի՞նչ քաղաքներ են, ուր բնակւում են նրանք, կամ ինչքա՞ն է նրանց զօրքերի բազմութիւնը, ի՞նչ է նրանց ուժը կամ զօրութիւնը, կամ ո՞վ է նրանց թագաւորը եւ նրանց զօրքերի առաջնորդը, 4 եւ ինչո՞ւ նրանք փոխեցին իրենց միտքը, որպէսզի ինձ չդիմաւորեն, այլ գոռոզացան Արեւմուտքի բոլոր բնակիչներից աւելի»։
5 Եւ ահա բոլոր ամոնացիների առաջնորդ Աքիորը ասաց նրանց. «Թող տէրը լսի իր ծառայի խօսքերը. ես քեզ կը պատմեմ ճշմարտութիւնն այդ ժողովրդի մասին, որ բնակւում է այդ լեռնակողմում եւ մօտիկ է քեզ. ոչ մի սուտ խօսք դուրս չի գայ քո ծառայի բերանից։ 6 Այս ժողովուրդը քաղդէացիների ազգից է 7 եւ առաջինը պանդխտեց Միջագետքից, որովհետեւ քաղդէացիների երկրում չկամեցաւ պաշտել իր հայրերի աստուածներին. նրանք դուրս եկան իրենց հայրենի երկրից 8 եւ երկրպագեցին երկնքի Աստծուն, որին ճանաչում էին իբրեւ ճշմարիտ Աստծու։ Նրանք դուրս գալով՝ գնացին Միջագետք եւ այնտեղ պանդխտեցին բազում օրեր։ Իրենց Աստուածն ասաց նրանց, որ դուրս գան պանդխտութիւնից եւ հաստատուեն Քանանի երկրում։ Նրանք բնակուեցին այնտեղ, հարստացան ոսկով, արծաթով եւ բազում անասուններով։ 9 Նրանք իջան Եգիպտոս, որովհետեւ քանանացիների երկրում սով եղաւ։ Այնտեղ պանդխտեցին այնքան ժամանակ, քանի դեռ կարող էին սնուել, այնտեղ խիստ բազմացան, եւ թիւ չկար նրանց ազգին։ 10 Նրանց վրայ յարձակուեց եգիպտացիների արքան, նրանց գցեց ծառայութեան տակ՝ չարչարելով եւ հարկադրելով նրանց աղիւսներ պատրաստել։ 11 Նրանք կանչեցին իրենց Աստծուն, եւ Աստուած հարուածեց Եգիպտացիների երկիրը անբուժելի աղէտներով։ Եգիպտացիները նրանց հալածեցին իրենց երկրից։ 12 Աստուած ցամաքեցրեց Կարմիր ծովը նրանց առջեւ 13 եւ նրանց բերեց դէպի Սինայի ճանապարհը, դէպի Կադէս-Բառնա. սրանք անապատի բոլոր բնակիչներին տեղահանեցին, 14 բնակեցրին ամորհացիների երկրում եւ իրենց զօրութեամբ կոտորեցին բոլոր եսեբոնացիներին։ Անցան Յորդանան գետը ու ժառանգեցին ամբողջ երկիրը, 20 իրենցից քշեցին հեռացրին քանանացիներին, փերեզացիներին, յեբուսացիներին, սիւքեմացիներին, բոլոր գերգեսացիներին եւ երկար օրեր բնակուեցին այդ երկրում։ 21 Քանի դեռ նրանք իրենց Աստծու առջեւ չէին մեղանչել, նրանց հետ էր բարիքը, որովհետեւ Աստուած, որ ատում է անիրաւութիւնը, նրանց հետ էր։ 22 Եւ երբ իրենք հեռացան Աստծու պատուիրած ճանապարհից, կոտորուեցին բազմաթիւ պատերազմների մէջ եւ գերուեցին օտար երկիր, որ իրենցը չէր։ Իրենց Աստծու տաճարը կործանուեց ու իրենց քաղաքները մատնուեցին իրենց թշնամիների ձեռքը։ 23 Այժմ նրանք դարձի են եկել դէպի իրենց Տէր Աստուածը։ Հաւաքուեցին այն վայրերից, ուր ցրուած էին իրենց գերութեան մէջ, գրաւեցին Երուսաղէմը, որտեղ սրբարանն էր գտնւում. նրանք ապրեցին լեռնակողմում, որովհետեւ այն անբնակ էր։ 24 Եւ արդ, տէ՛ր, եթէ այժմ նրանց ժողովրդի մէջ մոլորութիւն կայ, եւ նրանք մեղանչում են իրենց Աստծու դէմ, ակնկալելով սպասենք դրան, որովհետեւ սա գայթակղութիւն է նրանց համար. մենք յետոյ կը յարձակուենք նրանց վրայ եւ պատերազմ կը տանք նրանց դէմ։ 25 Իսկ եթէ որեւէ անիրաւութիւն չունեն իրենց Աստծու հանդէպ՝ զանց առնենք նրանց, տէ՛ր, թերեւս իրենց Տէր Աստուածը պաշտպանի նրանց, եւ մենք ամօթով նախատինք կը կրենք ամբողջ երկրի առջեւ»։
26 Երբ Աքիորը դադարեց այս բաները խօսելուց, ամբողջ բանակը, որ վրանի շուրջն էր, տրտնջաց։ 27 Եւ իշխանները, ծովեզերքի բնակիչները, մովաբացիները Հողոփեռնէսին ասացին, որ պատժի Աքիորին։ «Մենք, - ասացին նրանք, - չենք վախենում իսրայէլացիներից, մի ժողովուրդ, որ պատերազմի ոչ մի կարողութիւն չունի։ 28 Արդ, տէ՛ր Հողոփեռնէս, մենք կ’ելնենք նրանց դէմ, եւ նրանք քո բոլոր զօրքերին կերակուր կը դառնան»։