Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՏՈԲԻԹԻ ՕՐՀՆԵՐԳԸ13 Տոբիթը ցնծութեան մէջ գրեց այս աղօթքը, եւ ասաց. «Օրհ…

ՏՈԲԻԹԻ ՕՐՀՆԵՐԳԸ

13 Տոբիթը ցնծութեան մէջ գրեց այս աղօթքը, եւ ասաց.

«Օրհնուած է Աստուած, որ կենդանի է յաւիտեան,

օրհնուած է նրա արքայութիւնը,

2 որովհետեւ նա է հարուածում եւ ողորմում,

նա է իջեցնում դժոխք եւ հանում այնտեղից,

եւ ոչ ոք չի փախչում նրա ձեռքից։

3 Իսրայէլի՛ որդիներ, պաշտեցէ՛ք նրան հեթանոս ազգերի առջեւ,

որովհետեւ նա մեզ ցրեց նրանց մէջ.

4 պատմեցէ՛ք նրա մեծութեան մասին,

բարձրացրէ՛ք նրան բոլոր կենդանի մարդկանց առջեւ,

քանի որ յաւիտեան նա է մեր Տէր Աստուածը,

մեր Հայր Աստուածը։

5 Մեր բոլոր անիրաւութիւնների համար նա կը տանջի եւ կրկին կ’ողորմի մեզ,

մեզ կը հաւաքի բոլոր հեթանոս ազգերի միջից,

ուր ցրուել ենք մենք։

8 Եթէ դուք ձեր ամբողջ սրտով,

ձեր ամբողջ հոգով վերադառնաք նրան

եւ նրա առջեւ արդարութիւն գործէք,

այն ժամանակ նա էլ կը դառնայ դէպի ձեզ

եւ իր երեսը չի ծածկի ձեզանից։

6 Դուք կը տեսնէք, թէ նա ինչ կ’անի ձեզ հետ,

եւ դուք նրան կը փառաբանէք լիաբերան։

Օրհնեցէ՛ք Տիրոջը, որ արդար է,

բարձրացրէ՛ք յաւիտենութեան Թագաւորին։

7 Ես իմ գերութեան երկրում կը փառաբանեմ նրան

եւ նրա զօրութիւնն ու մեծութիւնը ցոյց կը տամ մեղաւոր ազգերին։

Այժմ, մեղաւորնե՛ր, դարձէ՛ք եւ արդարութի՛ւն գործեցէք նրա առջեւ,

քանի որ, ո՜վ գիտէ, գուցէ նա բարեհաճ լինի եւ ողորմի ձեզ։

9 Իսկ ես կ’օրհնեմ իմ Աստծուն.

իմ անձը կ’օրհնի երկնքի Թագաւորին,

ես կը ցնծամ նրա մեծութեան համար։

10 Թող բոլոր ազգերն ասեն այս

եւ փառաբանեն նրան Երուսաղէմ սուրբ քաղաքում։

11 Երուսաղէ՛մ, նա կը պատժի քո ժողովրդի որդիներին,

բայց նորից կը դառնայ ու կ’ողորմի արդարների որդիներին։

12 Դու գոհութիւն կը մատուցես բարերար Տիրոջը

եւ կ’օրհնես յաւիտենութեան Թագաւորին,

քանի որ նա իր տաճարը դարձեալ ուրախութեամբ կը կառուցի քո մէջ,

13 քո մէջ կը ցնծան նրանք, ովքեր գերուած են,

քեզ կը սիրեն նրանք, ովքեր բոլոր ազգերի մէջ յաւիտեան թշուառացած են։

14 Բազմաթիւ ազգեր կը գան հեռուից,

Տէր Աստծու անունով իրենց ձեռքերին առած կը բերեն իրենց նուէրները՝

մատուցելու երկնաւոր Թագաւորին եւ քեզ ուրախութիւն կը տան սերնդից սերունդ։

16 Քո բոլոր ատելիներն անիծեալ կը լինեն,

քո բոլոր սիրելիներն օրհնեալ կը լինեն։

17 Ցնծա՛ եւ ուրա՛խ եղիր արդարների որդիների համար,

որովհետեւ նրանք կը հաւաքուեն միասին

եւ միասին կը փառաբանեն արդարութիւնների Տիրոջը։

18 Քեզ սիրողները երջանիկ կը լինեն,

եւ նրանք կը ցնծան քո խաղաղութեան համար.

երանի՜ նրանց, ովքեր տրտմեցին քո կործանման համար,

որովհետեւ երբ նրանք տեսնեն քո փառքը,

կրկին քեզանով կը ցնծան

եւ յաւիտեան ուրախ կը լինեն։

19 Հոգիս կ’օրհնի Աստծուն՝ մեծ Թագաւորին,

21 որովհետեւ Երուսաղէմը կը կառուցուի թանկարժէք քարերով՝

շափիւղայով, սուտակով եւ այլ թանկագին քարերով.

քո պարիսպները, աշտարակներն ու ամրութիւնները կը կառուցուեն ազնիւ ոսկով.

22 Երուսաղէմի բոլոր հրապարակները կը պատրաստուեն բիւրեղ, դահանակ եւ սարդիոն քարերով։

23 Երուսաղէմի բոլոր փողոցներում կ’ասեն՝ Ալէլուիա.

կ’օրհնեն եւ կ’ասեն.

“Օրհնուած է Աստուած,

որ յաւիտեան բարձրացրեց ամբողջ աշխարհը”»։