Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

26 Յոբը նորից խօսեց ու ասաց. 2 «Ո՞ւմ ես մերձենում կամ ո՞ւմ օգնականն ե…

26 Յոբը նորից խօսեց ու ասաց.

2 «Ո՞ւմ ես մերձենում կամ ո՞ւմ օգնականն ես լինելու դու.

արդեօք ո՞չ նրա, ում ուժն անբաւ է,

ու բազուկն՝ հզօր։

3 Ո՞ւմ խորհրդակից ես լինելու դու.

արդեօք ո՞չ նրան, ով ամբողջապէս իմաստութիւն է։

4 Ո՞ւմ յետեւից ես արդ գնալու դու.

արդեօք ո՞չ նրա, որի զօրութիւնը այնքա՜ն մեծ է։

Ո՞ւմ ես բան ասել, եւ կամ ո՞ւմ շունչն է դուրս եկել քեզնից։

5 Միթէ երբեւէ կը ծնուեն ջրի խորքից հսկաներ,

կամ էլ այնտեղի բնակիչներից։

6 Մերկ է դժոխքը Աստծու առաջ,

եւ կործանումը չունի վրան քօղ։

7 Ոչնչի շուրջը փռեց երկինքը,

կախեց երկիրը ոչնչի վրայ։

8 Իր ամպերի մէջ ջուրն է ծրարում,

եւ չի պատռուի մէգը նրանց տակ։

9 Նա, ով պահում է երեսն իր գահի,

փռում է վրան իր մառախուղը։

10 Իր հրամանով սահման է քաշել ջրի երեսին,

մինչեւ վախճանը լոյսի ու մութի։

11 Երկնի սիւները սարսուել են այնպէ՜ս

ու զարհուրել են նրա սաստումից։

12 Հանդարտեցրել է ծովն իր զօրութեամբ,

եւ ովկիանոսը իր իմաստութեամբ տարածուել-փռուել։

13 Սարսուել են նրանից փականքներն երկնի.

սպանել է նա իր հրամանով վիշապն ապստամբ։

14 Ահա այս է մասն իր ճանապարհի,

եւ դեռ պիտ լսենք խօսքերը նրա, մինչեւ վերջին շիթ։

Եւ ո՞վ կ’իմանայ նրա որոտման զօրութիւնը մեծ,

երբ այն արձակուի»։