Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԼԻՒՍԻԱՍԻ ԱՌԱՋԻՆ ԱՐՇԱՒԱՆՔԸ11 Երբ քիչ ժամանակ անց այդ մասին լսեց արքայի…

ԼԻՒՍԻԱՍԻ ԱՌԱՋԻՆ ԱՐՇԱՒԱՆՔԸ

11 Երբ քիչ ժամանակ անց այդ մասին լսեց արքայի հազարապետ Լիւսիասը, խիստ զայրացաւ, վրէժխնդրութեամբ լցուեց կատարուած դէպքերի համար։ 2 Նա զօրք ժողովեց, ութսուն հազար զինուոր հաւաքեց, ութսուն հազարանոց զօրքի հետ վերցրեց իր ունեցած ամբողջ հեծելազօրը, նրանց իր հետ առնելով յարձակուեց եբրայեցիների վրայ այն մտադրութեամբ, որ նրանց գլխաւոր քաղաքը վերածի հեթանոսների բնակավայրի, 3 սրբութեան տաճարը միւս մեհեանների նման դարձնի հարկատու, իսկ քահանայապետութեան պաշտօնը ամէն տարի լինի վաճառքի ենթակայ։ 4 Նա անտեսելով Աստծու զօրութիւնը, հազարաւոր հետեւակ զինուորներ, հեծելազօր եւ փղեր հաւաքելով՝ գոռոզամտութեամբ առաջ էր շարժւում։

5 Երբ Հրէաստան մտաւ ու մօտեցաւ Երուսաղէմից հինգ ասպարէզ հեռու գտնուող Բեթսորի բերդին, հազարաւոր զինուորներով շրջապատեց բերդը եւ սկսեց ճնշում գործադրել։ 6 Երբ մակաբայեցիներն իմացան իրենց բերդի պաշարման մասին, ժողովրդի հետ ողբալով ու արտասուելով աղաչում էին Աստծուն, որ բարի հրեշտակ առաքի իսրայէլացիներին փրկելու համար։ 7 Մակաբայեցին նախ ինքը զէնք վերցրեց, զօրքին հրաման տուեց սպառազինուել, կազմ ու պատրաստ լինել, նեղութիւն յանձն առնելով՝ օգնութեան հասնել նեղութեան մէջ գտնուող եղբայրներին։ 8 Այդ ժամանակ նրանք միաբան, միահամուռ սպառազինուելով՝ առաջ գնացին։ Երբ նրանք հասան Երուսաղէմ քաղաքի մերձակայքը, նրանց առաջ եկաւ իջաւ ոսկէ զէնքերով սպառազինուած, սպիտակ ձի հեծած մի մարդ։ Նա նիզակ էր ճօճում ու պատրաստւում էր յարձակում գործել։ 9 Բոլորը, գօտեպնդուած, օրհնեցին ողորմած Աստծուն եւ այդպէս քաջալերուած ու ոգեւորուած՝ յարձակման անցան։ Կարծես գնում էին ոչ թէ մարդկանց վրայ յարձակուելու, այլ հանդիպել էին սոսկալի գազանների, դէմ էին առել երկաթէ պարիսպների եւ ուզում էին հարուածել, կոտորել, կործանել, թափով անցնել, համարձակ յարձակուել՝ 10 ընդունելով երկնային նիզակակցի ողորմածութիւնը։ 11 Քաջի պէս, առիւծի նման յարձակուեցին թշնամի բանակի վրայ եւ նոյն տեղում էլ հարուածելով՝ դիաթաւալ արեցին տասնմէկ հազար ընտիր զինուոր, հազար վեց հարիւր հեծեալ 12 եւ ամբողջ զօրքը փախուստի մատնեցին։ Նրանցից շատերը ծանր վիրաւորուելով՝ տկար ու տկլոր փախան-փրկուեցին։ Լիւսիասը գլխիկոր, մազապուրծ փախաւ։ 13 Կարծես ինքը եղած չլինէր այդ ապիկարութեան պատճառը։ Նա խօսում էր ինքն իր հետ եւ մտածում, որ եբրայեցիներն անյաղթելի են, քանի որ հզօր Աստուած օգնում է նրանց։

ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԴԱՇԻՆՔ ՀՐԵԱՆԵՐԻ ՀԵՏ

Լիւսիասը պատգամաւորներ ուղարկեց նրանց մօտ, որ նրանց իրաւունքները հաշուի առնելով՝ հաշտութիւն կնքի, 14 յանձն առաւ թագաւորի համաձայնութիւնն ստանալ ու համոզել թագաւորին, որ բարեկամանայ նրանց հետ։ 15 Յուդան, յանուն հասարակութեան շահերի, համաձայնեց այն պայմաններին, որ ժամանակին առաջարկել էր Լիւսիասը։ Արքան թոյլ տուեց անել այն, ինչ հրեաների վերաբերեալ պահանջել էր Մակաբայեցին Լիւսիասին գրած նամակում։ 16 Հրեաներին գրուած նամակներն ունէին այս բովանդակութիւնը. 17 «Լիւսիասը ողջունում է հրեաների բանակին։ Յովհաննէսն ու Աբեսալոմը, որոնց դուք ուղարկել էիք մեզ մօտ, մեզ յանձնեցին ձեր նամակը եւ խնդրեցին այն, ինչ գրուած է նրա մէջ։ Ինչ արժանի էր թոյլ տալու, թոյլ տուեցի, 18 ինչ պէտք էր ցոյց տալ թագաւորին, ցոյց տուեցի, որպէսզի ձեզ թոյլատրուի անել այն, ինչ թոյլատրելի է։ 19 Մենք եւ դուք պէտք է հոգ տանենք միմեանց նկատմամբ, ուստի սրանից յետոյ կը ջանամ բարիք անել ձեզ։ 20 Յետագայ գործերի մասին պատուիրեցինք, որ խօսեն ձեզ հետ։ Ո՛ղջ եղէք։ 21 Հարիւր քառասունութ թուականին, Որմիզդի տօնի օրը, ամսի քսանչորսին»։

22 Իսկ արքունի հրովարտակը գրուած էր այսպէս. «Անտիոքոս արքան ողջունում է եղբայր Լիւսիասին։ 23 Երբ մեր հայրը գնաց աստուածների մօտ, կամեցանք, որ մեր թագաւորութեան ենթակայ ժողովուրդները խռովութիւն չբարձրացնեն։ 24 Հրեաներից աւելի ո՞վ խախտեց այդ օրէնքը։ Նախ նրանք չենթարկուեցին հեթանոսութիւն ընդունելու իմ հօր առաջարկութեանը, այլ խնդրեցին, որ թոյլ տանք պաշտել իրենց օրէնքները։ 25 Որպէսզի այս ազգը խռովութիւն չբարձրացնի, մենք յանձն առանք եւ հրաման տուեցինք իրենց տաճարը իրենց վերադարձնել եւ թոյլ տալ, որ ապրեն ըստ իրենց նախնիների օրէնքների։ 26 Արդ, լաւ կ’անես, եթէ մարդ ուղարկես նրանց մօտ, պայման կապես ու դաշինք կնքես, որ նրանք հասկանան, թէ մենք հոգ ենք տանում նրանց համար, ուրախանան, յօժարակամ, բարեացակամ դառնան նրանց նկատմամբ, ովքեր յարգում են իրենց օրէնքները»։

27 Ժողովրդին ուղղուած արքունի հրովարտակը գրուած էր այսպէս. «Անտիոքոս արքան բարեկամաբար ողջունում է հրեաների ծերակոյտին, հրեայ զինուորներին ու զօրքերին։ 28 Ո՛ղջ եղէք, եւ եթէ ամէն ինչ լինի այնպէս, ինչպէս մենք ենք կամենում, ապա մենք էլ ողջ կը մնանք։ 29 Լիւսիասը[*****] մեզ այնպէս տեղեկացրեց, թէ դուք ուզում էք իջնել Երուսաղէմում գտնուող հրեաների մօտ։ 30 Ովքեր այժմ կարող են գնալ, դրանց թող դա թոյլատրուի մինչեւ Ահեկան ամսի երեսունը։ 31 Հրեաների հետ կնքուած դաշինքի համաձայն, թող թոյլ տրուի, որ նրանք առաջուայ նման դաւանեն իրենց կրօնն ու օրէնքները, եւ ոչ ոք թող նրանց նեղութիւն չտայ որեւէ ձեւով։ 32 Մենք ուղարկում ենք Լիւսիասին ու[†††††]Մենելաւոսին, որ ձեզ մխիթարեն։ Ո՛ղջ եղէք։ 33 Հարիւր քառասունութ թուական, Ահեկան ամսի տասնհինգ»։

34 Հռոմէացիները նոյնպէս ուղարկեցին այսպիսի նամակ.

«Կոյինդոս Մեմիոսն ու Տիտոս Մանիոսը՝ հռոմէացիների գլխաւորները, ողջունում են եբրայեցի ժողովրդին։ 35 Ինչ արտօնութիւն որ տուել է ձեզ թագաւորի եղբայր Լիւսիասը, մենք նոյնպէս համաձայն ենք։ 36 Ինչ որ արժանի էք համարում հաղորդել արքային, իմաստութեամբ խորհելուց յետոյ արա՛գ հաղորդեցէք մեզ, որպէսզի որեւէ կերպ կարողանանք ձեզ օգտակար լինել, որովհետեւ մենք ահա շուտով գնալու ենք անտիոքացիների քաղաքը։ 37 Դրա համար էլ դուք շտա՛պ ուղարկեցէք մէկին, որ մենք էլ իմանանք, թէ դուք ինչ էք խորհում։ Ո՛ղջ եղէք։ 38 Այս դաշինքը կնքուեց քառասունութ թուականին Որմիզդի տօնին»։

[*****] Այլ բնագրերում՝ Մենելաւոսը։