Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԿՈՒՌՔԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ՄԻ ՈՒՐԻՇ ՕՐԻՆԱԿ14 Դարձեալ. եթէ մէկը, նաւ բարձրան…
ԿՈՒՌՔԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ՄԻ ՈՒՐԻՇ ՕՐԻՆԱԿ
14 Դարձեալ. եթէ մէկը, նաւ բարձրանալով,
կամենում է ճանապարհորդել ամեհի ալիքների վրայով,
օգնութեան է կանչում այդ փայտին,
որն աւելի տկար է, քան նաւի տախտակը,
2 քանի որ թէեւ նաւը ստեղծուել է շահի ցանկութիւնից,
եւ ճարտարապետն էլ իմաստութեամբ է կառուցել,
3 սակայն քո նախախնամութիւնն է, Հա՛յր, որ վարում է այն,
որովհետեւ դու ես, որ ծովի մէջ ճանապարհ եւ ալիքների մէջ ապահով շաւիղ ես տուել՝
4 ցոյց տալով, թէ ամէն ինչից կարող ես փրկել մինչեւ իսկ նրան,
ով ծով է մտել նոյնիսկ առանց փորձ ունենալու։
5 Բայց դու կամենում ես, որ քո իմաստութեան գործը զուր չանցնի,
դրա համար էլ մարդիկ իրենց անձերը վստահում են չնչին փայտին
եւ, շրջելով ալիքների վրայով,
փրկւում աննշան լաստի շնորհիւ։
6 Արդարեւ, հէնց սկզբից, երբ կործանւում էին ամբարտաւան հսկաները,
աշխարհի յոյսը, ապաւինելով լաստանաւին եւ ղեկավարուելով քո ձեռքով,
փրկուեց, որ աշխարհի վրայ սերունդ լինի.
7 քանզի օրհնեալ է այն փայտը, որով արդարութիւն է լինում,
8 եւ անիծեալ է ձեռակերտ կուռքը, ինչպէս նաեւ այն շինողը,
որովհետեւ նա կերտեց,
իսկ այս եղծանելին աստուած անուանուեց։
9 Առհասարակ Աստծուն ատելի են թէ՛ ամբարիշտը եւ թէ՛ նրա ամբարշտութիւնը,
10 որովհետեւ գործն էլ, գործողն էլ հաւասարապէս պիտի պատժուեն։
11 Դրա համար էլ հեթանոսների կուռքերի համար եւս դատաստան է լինելու,
քանզի Աստծու արարածների մէջ նրանք գարշութիւն են,
մարդկանց որդիների համար՝ գայթակղութիւններ,
անզգամների համար՝ ոտքերի որոգայթներ։
ԿՈՒՌՔԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ԾԱԳՈՒՄԸ
12 Պոռնկութիւնը սկիզբ առաւ կուռքերի հնարագործութիւնից,
իսկ կեանքի ապականութիւնը՝ նրանց գիւտից։
13 Ի սկզբանէ դրանք չեն եղել եւ յաւիտեան էլ չեն մնալու,
14 դրանք աշխարհ եկան մարդկանց ունայնամտութեան հետեւանքով,
ուստի նրանց վախճանն էլ շուտ է սահմանուած։
15 Իր վաղամեռիկ որդու տարաժամ մահուան սգով թախծող մի հայր շինել տուեց նրա արձանը
եւ արդէն մահացած այդ մարդուն մեծարեց որպէս աստուած
եւ իր հպատակներին աւանդ թողեց գաղտնի ծէսեր եւ ընծաներ մատուցել։
16 Յետոյ ամբարիշտ այդ սովորութիւնը մնաց երկար ժամանակ
եւ պահպանուեց որպէս օրէնք,
եւ բռնակալների հրամանով կուռքերը պաշտելու կարգ սահմանուեց։
17 Իսկ նրանց, որ հեռու բնակուելու պատճառով մարդիկ չէին կարող դէմառդէմ պատուել,
նոյն օրինակով քանդակեցին նրա հեռաւոր կերպարը
եւ կերտեցին թագաւորի յայտնի պատկերը պատուելու համար,
որպէսզի հեռաւորին, իբրեւ մօտիկի, ողոքեն փութաջանութեամբ։
18 Անգէտների մէջ պաշտամունքի տարածմանը նպաստեց արուեստագէտ վարպետի փառասիրութիւնը,
եւ նա շատ արձաններ կերտեց.
19 քանզի նա, թերեւս ցանկանալով հաճելի լինել իշխանին,
ջանք չխնայեց իր արուեստով նրա պատկերը քանդակելու իբրեւ գեղեցկութիւն։
20 Իսկ բազմութիւնը, արուեստագէտի գործի հմայքից հրապուրուած,
նրան, որ քիչ ժամանակ առաջ մեծարում էր որպէս մարդու,
այժմ արդէն պաշտամունքի առարկայ դարձրեց.
21 եւ դա էլ դարձաւ կեանքի որոգայթ եւ գայթակղութիւն,
որովհետեւ ում ժամանակին մարդիկ ծառայում էին կարիքից ու բռնութիւնից դրդուած,
այժմ արդէն նրա անհաղորդակցելի անունը դրին քարի ու փայտի վրայ։
ԿՈՒՌՔԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
22 Բաւական չէ, որ նրանք մոլորուել էին Աստծու գիտութիւնից,
այլեւ, լինելով անգիտութեան պայքարի մէջ,
դեռ այդ չարիքն էլ խաղաղութիւն էին կոչում՝
23 մանկասպան զոհաբերութիւններ կամ գաղտնի ծէսեր կատարելով
եւ կամ ուրիշ կրօններից մոլեգին անառակութիւններ վերցնելով։
24 Նրանք սուրբ չեն պահում ո՛չ իրենց կեանքը եւ ո՛չ էլ ամուսնութիւնը.
ընկերը կասկածամտութեամբ կա՛մ սպանում է ընկերոջը,
կա՛մ թաքուն խաբէութեամբ խղճալի վիճակի է հասցնում նրան։
25 Եւ խառնիխուռն է ամէն ինչ՝
արիւնը եւ սպանութիւնը,
գողութիւնը եւ նենգութիւնը,
ապականութիւնը, ուխտադրժութիւնը,
խռովութիւնը, երդմնազանցութիւնը, գրգռութիւնը,
26 բարի երախտիքների մոռացութիւնը,
հոգեպղծութիւնը, այլասերուածութիւնը,
ամուսնական անառակութիւնը,
շնութիւնն ու գիջութիւնը։
27 Արդարեւ, կուռքերի անունն ու նրանց պաշտամունքը
հէնց բոլոր չարիքների սկիզբն են, պատճառն են ու վախճանը։
28 Դրանք պաշտողները եթէ ուրախ են լինում, ապա մոլեգնում են,
եթէ մարգարէանում են, ապա սուտ են,
եթէ ապրում են, ապա՝ անիրաւութեամբ,
եթէ երդւում են, ապա դրժում են իսկոյն։
29 Եւ սուտ են երդւում, քանի որ յոյսը դրել են անշունչ կուռքերի վրայ,
որոնցից պատժի ակնկալութիւն չունեն։
30 Արդ, նրանց համար կրկնակի պատիժ պիտի լինի յիրաւի,
քանի որ սխալ գաղափար ունեցան Աստծու մասին՝
ունկնդիր լինելով կուռքերին,
եւ սուտ երդուեցին կուռքերին՝
արհամարհելով սրբութիւնը։
31 Արդարեւ, ոչ թէ նրանց զօրութիւնն է, ում երդուեցին,
այլ մեղաւորներին սահմանուած արդար դատաստանն է,
որ պատժելու է ամբարիշտներին յանցանքների համար։