Հին Կտակարան
Նոր Կտակարան
մեր խաղաղութեան համար նա՛ պատիժ կրեց, եւ նրա՛ վէրքերով մենք բժշկուեցի…
մեր խաղաղութեան համար նա՛ պատիժ կրեց,
եւ նրա՛ վէրքերով մենք բժշկուեցինք։
6 Ամէնքն էլ մոլորուած ոչխարներ են.
մարդն իր ճանապարհին մոլորուեց,
բայց Տէրը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։
7 Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում։
Ինչպէս ոչխար՝ նա մորթուելու տարուեց,
եւ ինչպէս գառ՝ անմռունչ կանգնած է խուզողի առաջ
եւ նրա նման իր բերանը չի բացում։
8 Խոնարհութեան շնորհիւ նրա դատաստանը վերացաւ,
եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի։
Երկրի վրայ վերջ տուին նրա կեանքին.
իմ ժողովրդի անօրէնութիւնների պատճառով նա մահուան մատնուեց։
9 Նրա գերեզմանի համար՝ չարութեամբ,
իսկ նրա մահուան համար մեծամեծ հարուածներով պիտի վրէժխնդիր լինեմ[†††††††††],
որովհետեւ նա անօրէնութիւն չգործեց,
եւ նենգութիւնը տեղ չգտաւ նրա բերանում։
10 Տէրը կամենում է մաքրել նրան վէրքերից։
Եթէ մեղքերի համար հատուցում տաք,
ապա երկարակեաց սերնդի կ’արժանանաք,
որի միջոցով Տէրը կը ցանկանայ ազատել նրան իր ցաւերից[‡‡‡‡‡‡‡‡‡],
11 ցոյց տալ նրան լոյս եւ օժտել իմաստութեամբ,
արդարացնել արդարին,
որը յօժարակամ ծառայեց շատերին
եւ իր վրայ է վերցնելու նրանց մեղքերը[§§§§§§§§§]։
12 Ահա թէ ինչու նա շատ բան պիտի ժառանգի
եւ հզօրների աւարը պիտի բաժանի,
որովհետեւ նրա անձը մահուան մատնուեց,
եւ նա յանցաւորներին հաւասար համարուեց։
Նա շատերի մեղքերը կրեց
եւ նրանց անօրէնութիւնների համար դատապարտուեց[**********]։
ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՈՒԽՏԸ ՉԻ ԽԱԽՏՈՒԻ
54 Ուրախացի՛ր, ո՛վ ամուլ, որ չծնեցիր,
կանչի՛ր ու աղաղա՛կ բարձրացրու, որ երկունքի ցաւով չբռնուեցիր,
քանզի բազում են ամուսնուց լքուածիդ որդիները,
աւելի շատ, քան որդիները արամբի կնոջ։
Չէ՞ որ Տէրն ասաց.
2 «Ընդարձակի՛ր քո վրանի եւ քո սրահների տեղը,
կանգնեցրո՛ւ եւ խնայողութիւն մի՛ արա.
երկարացրո՛ւ քո պարանները,
հաստատի՛ր քո ցցերը։
3 Աջ ու ձա՛խ տարածուիր,
եւ քո սերունդը պիտի ժառանգի հեթանոսներին
եւ պիտի կառուցի աւերուած քաղաքները։
4 Մի՛ վախեցիր, որ քեզ ամօթահար արին,
մի՛ նեղուիր, որ քեզ նախատեցին,
որովհետեւ վաղնջական ամօթը պիտի մոռանաս
եւ որբեւայրութեանդ նախատինքն այլեւս չպիտի յիշես»։
5 Տէրն է, որ քեզ համար անելու է այդ,
Զօրութիւնների Տէր է նրա անունը,
եւ նա, որ փրկեց քեզ,
Իսրայէլի նոյն Աստուածն է, որ համայն երկրինը պիտի համարուի[††††††††††]։
6 Տէրը քեզ չկանչեց որպէս լքուած ու վարանած կնոջ
եւ ոչ էլ իբրեւ մի կնոջ, որ մանկուց ատելի է եղել,
այլ Աստուած ասաց.
7 «Միառժամանակ լքեցի քեզ,
բայց մեծ գթութեամբ պիտի ողորմեմ քեզ։
8 Փոքր-ինչ բարկանալու պատճառով երեսս շրջեցի քեզնից,
բայց յաւիտենական կարեկցութեամբ պիտի ողորմեմ քեզ»։
Այդպէս ասաց Տէրը, որ փրկեց քեզ։
9 «Սա ինձ համար նոյնն է, ինչ Նոյի օրօք, ջրհեղեղի ժամանակ.
ինչպէս որ այն ժամանակ նրան երդուեցի,
որ չեմ բարկանայ երկրի վրայ,
այնպէս էլ երդուեցի, որ չեմ բարկանայ քեզ վրայ։
10 Իմ սպառնալիքով չեմ շարժելու լեռները,
չեմ փոփոխելու բլուրները.
ո՛չ իմ ողորմութիւնն է պակասելու քեզնից,
եւ ո՛չ էլ քո խաղաղութեան ուխտը պիտի վերանայ», -ասաց Տէրը։
ԵՐՈՒՍԱՂԷՄԸ ՊԻՏԻ ԳԵՂԵՑԿԱՆԱՅ
11 «Ո՛վ դու, որ տառապեալ ես եւ խախտուած,
ես հաշտուել եմ քեզ հետ,
մինչեւ որ դու մխիթարուես։
Ահա ես քո քարերը՝ սուտակից
եւ քո հիմքերը շափիւղայից պիտի պատրաստեմ.
12 քո աշտարակները յասպիսից պիտի կանգնեցնեմ, դռներդ՝ բիւրեղից
եւ քո շուրջը պարիսպ պիտի քաշեմ թանկագին եւ ընտիր-ընտիր քարերից։
13 Աստծուց խրատուած որդիներ պիտի ունենաս,
քո մանուկները մեծ խաղաղութեան մէջ պիտի լինեն։
14 Արդարութեամբ պիտի շէնանաս։
Հեռո՛ւ կանգնիր անիրաւից, որ ահ չունենաս,
եւ դողը քեզ չբռնի։
15 Ահա եկողները իմ անունով պիտի մօտենան քեզ,
քեզ մօտ պիտի պանդխտեն եւ քեզ ապաստան դարձնեն[‡‡‡‡‡‡‡‡‡‡]։
16 Ահաւասիկ ես քեզ հաստատեցի,
բայց ոչ որպէս մի դարբին,
որ փուքսով կայծեր է արծարծում
եւ գործիքներ է շինում իր համար.
ես քեզ հաստատեցի ոչ կորստի ու ոչնչացման համար[§§§§§§§§§§]։
17 Ոչ մի վնասակար գործիք քո դէմ յաջողութիւն չպիտի ունենայ,
եւ դու քո դէմ դատաստանի ելնող ամէն մի լեզու պարտութեան ես մատնելու,
նրա հետ՝ եւ քո բոլոր դատախազներին։
Դա է Տիրոջ ծառաների ժառանգութիւնը,
եւ ինձ համար դուք էք լինելու իրաւացի», -ասում է Տէրը։