Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

9 “Բազմաթիւ ժողովուրդների սիրտն եմ զայրացնելու քո դէմ այն ժամանակ, եր…

9 “Բազմաթիւ ժողովուրդների սիրտն եմ զայրացնելու քո դէմ այն ժամանակ,

երբ ազգերի հետ քեզ գերութիւնից դուրս բերեմ դէպի այն երկիրը,

որ դու չգիտես։

10 Քո պատճառով տրտմելու են բազմաթիւ ազգեր,

իսկ նրանց թագաւորները սաստիկ զարհուրելու են,

երբ սուրս թռչի նրանց դիմաց,

ու քո կործանման օրից նրանք սպասելու են իրենց կործանման”։

11 Ահա այսպէս է ասում Տէր Աստուած.

12 “Բաբելացիների արքայի սուրը հսկաների սրով հանդերձ գալու է քեզ վրայ,

եւ խորտակելու եմ քո զօրութիւնը։

Ազգերի բոլոր չարագործները գալու են ջնջելու եգիպտացիների ամբարտաւանութիւնը.

խորտակուելու է նրանց ամբողջ զօրութիւնը։

13 Ոչնչացնելու եմ նրա բոլոր կենդանիներին առատ ջրերի մէջ,

եւ դրանք չի պղտորելու մարդու ոտքը,

ոչ էլ կոխոտելու է անասունի կճղակը։

14 Ապա կանգ են առնելու նրա ջրերը,

իսկ գետերը իւղի պէս են հոսելու”,

- ասում է Ամենակալ Տէրը։ -

15 “Երբ Եգիպտոսը կորստեան մատնեմ,

երկիրն էլ է ամբողջովին աւերուելու։

Երբ այնտեղից ցրեմ բոլոր բնակիչներին,

պիտի իմանան, որ ես եմ Տէր Աստուածը։

16 Ողբ է սա, եւ ողբալու են նրան.

ազգերի դուստրերն են ողբալու նրան,

ողբալու են Եգիպտոսի ու նրա ամբողջ զօրութեան վրայ”»,

- ասում է Տէր Աստուած։

17 Ողբ Փարաւոնի ու Եգիպտոսի վրայ։

Տասներկուերորդ տարում, առաջին ամսին, ամսուայ տասնհինգերորդ օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.

18 «Մարդո՛ւ որդի, ողբա՛ Եգիպտոսի զօրութեան վրայ։

Ազգերը նրա դուստրերին,

երկրի խորքում մեռածներին

19 վայելչութեան ջրերից իջեցնելու են խորխորատ իջածների մօտ։

20 Իջի՛ր, ննջի՛ր անթլփատների հետ, սպանուածների մէջ։

Սրով ընկնելու են նրա հետ,

եւ վերջ է գտնելու նրա ամբողջ զօրութիւնը։

21 Եւ հսկաներն ասելու են քեզ.

“ Ե՛կ, իջի՛ր անդունդների խորքերը.

ումի՞ց էիր դու լաւ։

Իջի՛ր եւ հանգրուանի՛ր անթլփատների հետ,

սրից սպանուածների մէջ”։

22 Այնտեղ են Ասուրը եւ նրա ողջ ամբոխը,

բոլորն էլ սպանուածներ։

23 Այնտեղ՝ խորխորատի խորքերում է նրանց գերեզման տրուել,

ու բոլորը հաւաքուել են նրա շիրիմների շուրջը։

Սրից էին ընկել բոլոր սպանուածներն էլ,

որոնք անդունդների խորքերը դարձրին իրենց գերեզման։

Բոլորը հաւաքուել են նրա շիրիմների շուրջը։

Սրից էին ընկել բոլոր սպանուածներն էլ,

որոնք իրենց սարսափն էին տարածել ողջերի աշխարհի վրայ։

24 Այնտեղ էր Եղամը,

նրա ողջ զօրքը նրա գերեզմանի շուրջն էր։

Երկրի խորքերն անթլփատ են իջել բոլոր սրով սպանուածներն էլ,

որոնք իրենց սարսափն էին տարածել ողջերի աշխարհի վրայ։

Նրանք իրենց տանջանքներն ստացել են խորխորատ իջածների հետ,

սպանուածների մէջ։

25 Այնտեղ, նրա գերեզմանի շուրջն են գցուել Մոսոքն ու Թոբէլը

26 ու նրանց ամբողջ զօրքը՝ նրա բոլոր սպանուածները

(բոլորն էլ անթլփատներ, սրով սպանուած ընկածներ),

որոնք իրենց սարսաափն էին տարածել ողջերի աշխարհի վրայ։

27 Նրանք ննջել են յաւիտենապէս ընկած հսկաների հետ,

որոնք գերեզման էին իջել իրենց պատերազմական զէնքերով.

նրանց անիրաւութիւններն էլ դրուել են նրանց ոսկորների վրայ,

որովհետեւ զարհուրեցրել էին հսկաներին իրենց կենդանութեան ժամանակ։

28 Դու էլ ես անթլփատների մէջ գլորուել

ու ննջելու ես սրով սպանուածների մէջ։

29 Այնտեղ են Եդոմը,

նրա բոլոր թագաւորներն ու իշխանները,

որոնք իրենց զօրութեամբ հանդերձ ընկան սրի հարուածներից։

Նրանք էլ են ննջել խորխորատ իջած սպանուածների հետ։

30 Այնտեղ են հիւսիսի բոլոր իշխանները

(բոլորն էլ՝ Ասորեստանի զօրավարներ),

որոնք, սպանուած, գերեզման են իջել իրենց ահաւոր զօրութեամբ հանդերձ։

Նրանք եւս ամօթահար եւ անթլփատ ննջել են սրով սպանուածների հետ,

կրել իրենց տանջանքները խորխորատ իջածների հետ։

31 Փարաւոնը տեսնելու է նրանց եւ մխիթարուելու է

ի տես իր այն ողջ զօրքի, որ սպանուել է սրից.

այդպէս էլ կը լինի փարաւոնի եւ ամբողջ զօրքի հետ,

- ասում է Տէր Աստուած, -

32 քանզի նա իր սարսափն էր տարածել ողջերի աշխարհի վրայ։

Եւ փարաւոնը, նրա ողջ բազմութիւնն էլ իր հետ,

ննջելու է սրով սպանուած անթլփատների մէջ”»,

- ասում է Տէր Աստուած։

ԱՍՏՈՒԱԾ ԵԶԵԿԻԷԼԻՆ ՊԱՀԱԿ Է ԿԱՐԳՈՒՄ

(Եզեկ. 3. 16-21)

Յակոբի որդիներին

33 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, խօսի՛ր քո ժողովրդի զաւակների հետ ու ասա՛ նրանց. “Մի երկիր կայ, որի վրայ սուր եմ բերելու։ Եւ այդ երկրի ժողովուրդն իր միջից մի մարդ է ընտրելու, նրան պահակ կարգելու։ 3 Սա տեսնելու է երկրի վրայ հասած սուրը, փող է փչելու եւ ազդարարելու է ժողովրդին։ 4 Ժողովուրդը լաւ է լսելու փողի ձայնը, բայց չի զգուշանալու։ Եւ սուրը հասնելու, բռնելու է նրան. թող նրա արիւնն իր գլխին լինի, 5 քանի որ փողի ձայնը լսել էր, բայց չէր զգուշացել։ Թող նրա արիւնն իր գլխին լինի։ Իսկ նա, ով զգուշացրել էր, փրկելու է ինքն իրեն։ 6 Իսկ եթէ պահակը տեսնի վրայ հասած սուրը, բայց փողով նշան չտայ, ժողովուրդն էլ չզգուշանայ, - վրայ հասած սուրը բռնելու է նրանցից մէկին։ Սա իր անօրէնութեան պատճառով է բռնուած լինելու. բայց սրա արիւնը պահակից եմ պահանջելու”։

7 Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի. քեզ պահակ եմ կարգել Իսրայէլի այդ տան վրայ, եւ դու պիտի լսես իմ բերանի խօսքերը, իմ կողմից պիտի զգուշացնես նրանց։ 8 Երբ ես մեղաւորին ասեմ՝ հաստատ կը մեռնես, իսկ դու չխօսես ու չզգուշացնես ամբարշտին իր ճանապարհից, ինքը՝ անօրէնն իր անօրէնութեան մէջ կը մեռնի, բայց նրա արիւնը քեզնից կը պահանջեմ։ 9 Իսկ եթէ նախօրօք ասես ամբարշտին իր ճանապարհի մասին, որպէսզի յետ դառնայ դրանից, բայց նա յետ չկանգնի իր ճանապարհից, - ինքն իր ամբարշտութեան մէջ է մեռնելու, իսկ դու քո հոգին փրկելու ես»։

ԱՍՏՈՒԱԾ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԱՄԲԱՐՇՏԻ ՄԱՀԸ

10 «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, ասա՛ Իսրայէլի այդ տանը. “Այսպէս խօսեցէ՛ք ու ասացէ՛ք՝ մեր մոլորութիւններն ու անօրէնութիւնները մեր մէջ են, եւ մենք դրանց մէջ մաշւում ենք, ինչպէ՞ս ազատուենք”։ 11 Ասա՛ նրանց. “Ամենակալ Տէրն ասում է՝ կենդանի եմ ես եւ ամբարշտի մահը չեմ ուզում, այլ՝ նրա յետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը։ Դարձէ՛ք, յե՛տ դարձէք ձեր չար ճանապարհից, ինչո՞ւ մեռնէք, ո՛վ տունդ Իսրայէլի”։

12 Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, ասա՛ քո ժողովրդի զաւակներին. “Արդարի արդարութիւնը նրան չի փրկելու այն օրը, երբ մոլորուի, անօրէնի անօրէնութիւնն էլ նրան չի չարչարելու այն օրը, երբ յետ կանգնի իր բոլոր անօրէնութիւններից։ Արդարը չի կարողանալու ազատուել իր մեղքերի օրը։ 13 Երբ ես արդարին ասեմ՝ ապրելով ապրելու ես, իսկ նա էլ, յոյսը դնելով իր արդարութեան վրայ, անօրէնութիւն գործի, - նրա բոլոր արդար գործերը չեն յիշուելու, այլ իր կատարած անօրէնութեան համար մեռնելու է։ 14 Իսկ երբ ես ամբարշտին ասեմ՝ հաստատ մեռնելու ես, բայց նա յետ կանգնի իր մեղքերից, իրաւ դատաստան եւ արդար գործ կատարի, 15 պարտապանին յետ տայ գրաւը, վերադարձնի յափշտակածը, ընթանայ կեանքի պատուիրաններով, անիրաւութիւններ չգործի, - հաստատ ապրելու է ու չի մեռնելու։ 16 Նրա գործած բոլոր մեղքերը չեն յիշուելու, որովհետեւ իրաւ դատաստան ու արդար գործ է կատարել, դրա համար էլ ապրելու է”։

17 Քո ժողովրդի զաւակներն ասում են՝ Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ։ Բայց իրենց ճանապարհն է, որ ուղիղ չէ։ 18 Երբ արդարն իր արդար ճանապարհից շեղուի եւ անիրաւութիւններ կատարի, դրանցից էլ մեռնելու է։ 19 Իսկ երբ մեղաւորը յետ կանգնի իր անօրէնութիւնից, իրաւ դատաստան ու արդար գործ կատարի, դրանցով էլ ապրելու է։ 20 Ա՞յս բանի համար է, որ ասում էք՝ Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ։ Ամէն մէկիդ ըստ ձեր բռնած ճանապարհի եմ դատելու, ո՛վ տունդ Իսրայէլի»։

ԵԶԵԿԻԷԼԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ

ԱՒԵՐՈՒԱԾ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԱՍԻՆ

21 Մեր գերութեան տասներկուերորդ տարում, տասներորդ ամսին, ամսուայ հինգերորդ օրը, Երուսաղէմից ազատուած մէկն ինձ մօտ եկաւ ու ասաց. «Քաղաքը գրաւուած է»։ 22 Եւ երեկոյեան, մինչեւ նրա գալը, Տիրոջ ձեռքը ինձ վրայ էր. նա բաց արեց բերանս, մինչ դեռ առաւօտ չէր եղել։ Երբ բերանս բաց արեցի, այլեւս չէի կարող լուռ մնալ։

23 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 24 «Մարդո՛ւ որդի, Իսրայէլի երկրի աւերակների բնակիչներն ասում են. “Աբրահամը մէկ հոգի էր ու երկիրը գրաւեց, իսկ հիմա մենք շատ ենք, երկիրը մեզ է ժառանգութիւն տրուել, չժառանգե՞նք այն”։ 25 Ուստի ասա՛ նրանց. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. քանի որ արիւնով էք կերակրւում, աչքներդ գցում էք կուռքերին, արիւն էք թափում, - դեռ ուզում էք երկի՞րն էլ ժառանգել։ 26 Դա ձեզ համար սուր կը լինի, որովհետեւ պղծութիւններ էք կատարել, իւրաքանչիւրն իր ընկերոջ կնոջն է պղծել։ Եւ դեռ ուզում էք ժառանգե՞լ երկիրը”։ 27 Ուստի ասա՛ նրանց. “Այսպէս է ասում Տէր Աստուած. ես՝ Տէրս, կենդանի եմ, ովքեր որ աւերակներում են՝ սրով են ընկնելու, ովքեր որ դաշտերի երեսին են՝ անապատի գազաններին կեր են տրուելու, իսկ ովքեր որ պարիսպների տակ են կամ քարայրերում՝ համաճարակից են կոտորուելու։ 28 Երկիրն աւերակ եմ դարձնելու եւ կործանելու, եւ կորչելու է նրա զօրութիւնը, որով նա յոխորտում էր։ Աւերուելու են Իսրայէլի լեռները, եւ ոչ ոք չի լինելու, որ գնայ դրանց վրայով։ 29 Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը։ Նրանց երկիրն աւերակ եմ դարձնելու իրենց կատարած բոլոր գարշելի գործերի համար”»։

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԼՍՈՒՄ Է

ՄԱՐԳԱՐԷԻ ԽՕՍՔԸ, ԲԱՅՑ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ

30 «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի. քո ժողովրդի զաւակները շրջում են, քրթմնջում քո հասցէին պարիսպների մօտ, պալատների դռներին եւ մէկը միւսին, եղբայրն իր եղբօրն ասում է. “Հաւաքուենք գնանք եւ լսենք Տիրոջ կողմից ասուած պատգամները”։ 31 Հիմա գալիս են քեզ մօտ, ինչպէս ժողովուրդն է հաւաքւում. եւ իմ ժողովուրդը նստելու է քո առաջ, լսելու է քո խօսքերը, սակայն չի կատարելու դրանք, որովհետեւ նրանց բերաններում ստութիւնն է, եւ նրանց սրտերն իրենց պղծութեանն են հետեւում։ 32 Դու նրանց համար կը լինես ինչպէս քաղցրաբարբառ յօրինուած երգի ձայն. կը լսեն խօսքերդ, բայց չեն կատարի։ 33 Իսկ երբ օրը գայ, ու ասեն՝ “Ահա հասել է”, կ’իմանան, որ մարգարէ կար իրենց մէջ»։