Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԵԱՆ ՅՈՐԴՈՐ ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ2 «Եւ արդ, այս է իմ պատուիրանը ձեզ, …

ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԵԱՆ ՅՈՐԴՈՐ ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ

2 «Եւ արդ, այս է իմ պատուիրանը ձեզ, քահանանե՛ր։ 2 Եթէ չլսէք եւ չմտածէք փառք տալ իմ անուան, - ասում է ամենակալ Տէրը, - ձեզ վրայ անէծք կ’ուղարկեմ, կ’անիծեմ ձեր օրհնութիւնները, կը նզովեմ դրանք, քամուն կը տամ ձեր օրհնութիւնները, եւ չեն մնայ ձեր մէջ, քանի որ դրանք չդրեցիք ձեր սրտերում։ 3 Ահա ես որոշեցի թիկունքս դարձնել ձեզ, ձեր երեսին շաղ տալ ձեր աղտն ու կեղտը եւ ձեր տօների աղտեղութիւնը. ես այդպէս պիտի վերացնեմ ձեզ։ 4 Այն ժամանակ դուք կ’իմանաք, որ ես ուղարկեցի ձեզ այս պատուէրը՝ որ իմ ուխտը ղեւտացիների հետ է, - ասում է Ամենակալ Տէրը։ 5 Իմ ուխտը Ղեւիի հետ կեանքի եւ խաղաղութեան ուխտ է, եւ ե՛ս նրան երկիւղ ներշնչեցի՝ վախենալու ինձանից, ակնածելու իմ անունից։ 6 Ճշմարիտ օրէնքն էր նրա բերանում եւ անիրաւութիւն չգտնուեց նրա շրթունքներին, նա խաղաղութեամբ եւ ուղիղ ընթացաւ ինձ հետ եւ շատերին անիրաւութիւնից դարձի բերեց։ 7 Արդարեւ, քահանայի շրթունքները զգոյշ պիտի վարուեն գերութեան հետ, նրա բերանից պիտի օրէնքներ խնդրեն, քանի որ նա է Ամենակալ Տիրոջ պատգամաբերը։ 8 Իսկ դուք խոտորուեցիք ճանապարհից, շատերին թուլացրիք օրէնքը պահելուց եւ ապականեցիք Ղեւիի ուխտը, - ասում է Ամենակալ Տէրը։ 9 Ուստի ես ձեզ բոլոր ազգերից լքուած եւ արհամարհուած դարձրի, քանի որ իմ ճանապարհը չպահեցիք, այլ կեղծաւորութիւն էիք անում օրէնքի առաջ։

ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԵԱՆ ՅՈՐԴՈՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ

10 Արդարեւ, մէկ չէ՞ ձեր բոլորի հայրը, մէկ Աստուած չհաստատե՞ց ձեզ, ինչո՞ւ էք իւրաքանչիւրդ թոյլ տալիս ձեր եղբօրը՝ պղծելու ձեր հայրերի ուխտը։ 11 Լքուեց Յուդայի երկիրը, գարշելի բաներ արուեցին Իսրայէլում եւ Երուսաղէմում, որովհետեւ Յուդայի երկիրը պղծեց Տիրոջ սրբութիւնները նրանց ձեռքով, ում սիրեց, եւ յարեց օտար աստուածներին։ 12 Տէրը պիտի կործանի այն մարդուն, որն այդպէս կ’անի մինչեւ որ նա հալածուի Յակոբի տնից եւ դադարի Ամենակալ Տիրոջը զոհեր մատուցելուց։ 13 Ինչ որ ես ատում էի, ա՛յն էիք անում. արցունքներով ծածկեցիք իմ սեղանը, տանջանքի լաց ու ողբով։ Արժէ՞ արդեօք վերստին նայել ձեր զոհաբերումին եւ կամ այն ընդունել ձեր ձեռքերից։ 14 Դուք ասացիք. «Ինչո՞ւ այդպէս»։ Նրա համար, որ Տէրը ուխտ դրեց քո եւ քո երիտասարդութեան օրերի կնոջ միջեւ, որին թողեցիր. իսկ նա քո ուխտի ամուսինն ու կինն էր։ 15 Չէ՞ որ Տէրը ձեզ մէկ մարմին եւ հոգի արեց նրա հետ։ Եւ ասացէք, թէ ուրիշ ի՞նչ է խնդրում Աստուած, եթէ ոչ զաւակ։ Զգո՛յշ վարուեցէք ձեր հոգու հետ. քո երիտասարդութեան օրերի կնոջը մի՛ թող. 16 իսկ եթէ ատելու պատճառով արձակես նրան, ամբարշտութիւնը կը ծածկի քո խորհուրդը, - ասում է Իսրայէլի Տէր Աստուածը։ Զգո՛յշ վարուեցէք եւ անհաւատարիմ մի՛ եղէք, - ասում է Ամենակալ Տէրը։

17 Դուք, որ բարկացնում էք Աստծուն ձեր խօսքերով եւ ասում էք՝ «Ինչո՞վ բարկացրինք նրան»։ Ձեր այն խօսքով, թէ՝ «Ով որ չար գործ է անում, բարի է համարւում Տիրոջ առաջ, բարեհաճ է նրա նկատմամբ։ Էլ ո՞ւր է Արդարութեան Աստուածը»։