Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՏՈԲԻԹԻ ԱՂՕԹՔԸ3 Ես տխրեցի ու լաց եղայ. վեր կացայ եւ զայրացած սրտով սկս…
ՏՈԲԻԹԻ ԱՂՕԹՔԸ
3 Ես տխրեցի ու լաց եղայ. վեր կացայ եւ զայրացած սրտով սկսեցի աղօթել ու ասել.
2 «Տէ՛ր, արդար ես դու,
եւ քո բոլոր գործերն ու ճանապարհները ողորմութիւն են.
դատաստաններդ ճշմարիտ են, եւ միշտ արդար ես դատում.
3 նայի՛ր եւ յիշի՛ր ինձ,
մի՛ հատուցիր ինձ ըստ իմ մեղքերի եւ ըստ իմ չարիքների,
նաեւ իմ հայրերի գործած չարիքների համար,
որոնք մեղանչեցին քո առաջ։
4 Նրանք անտեսեցին քո պատուիրանները,
դու մեզ յափշտակութեան, գերութեան եւ մահուան մատնեցիր,
նախատինքի նշաւակ դարձրիր բոլոր ժողովուրդների առաջ,
որոնց մէջ եւ ցրուած ենք։
Արդ, Տէ՛ր, այժմ բազում են քո արդար դատաստանները,
որ արեցիր իմ եւ մեր հայրերի հետ,
5 որովհետեւ մենք քո պատուիրանները չկատարեցինք
եւ արդարութեամբ չընթացանք քո առջեւ։
6 Այժմ ինձ հետ վարուի՛ր ըստ քո կամքի հաճութեան
եւ իմ հոգին առնելու հրաման տուր,
որպէսզի ազատուեմ հոգուցս եւ հող դառնամ,
որովհետեւ ինձ համար մեռնելն աւելի լաւ է, քան իմ այս կեանքը,
քանի որ անտեղի նախատինքներ լսեցի,
եւ տրտմութիւնն իմ մէջ շատ է.
ազատի՛ր ինձ իմ վշտերից,
ուղարկի՛ր յաւիտենական հանգըրուան
եւ քո երեսը մի՛ շրջիր ինձանից»։
ՍԱՌԱՅԻ ԿՐԱԾ ՆԱԽԱՏԻՆՔՆԵՐԸ
7 Նոյն օրն իսկ Աստուած իմացել էր այն, ինչ կատարուել էր Ռագուէլի դուստր Սառայի հետ, որ Մարաստան երկրի Եկբատան քաղաքում էր. 8 իր հօր աղախինները նախատում էին աղջկան, որն ամուսնութեան էր տրուել եօթը մարդու, իսկ Ազմոդեւս չար դեւը սպանում էր նրանց՝ աղջկան մերձենալուց առաջ, համաձայն այր ու կնոջ մերձեցման կարգի։ Աղախինները նրան նախատում էին ու ասում. «Չգիտե՞ս, որ խեղդում ես քո ամուսիններին, որովհետեւ արդէն եօթը մարդ առար եւ ոչ մէկին չվայելեցիր. 9 ուրեմն մեզ ինչո՞ւ ես տանջում, ինչո՞ւ դու էլ նրանց հետ չմեռար, որպէսզի մենք երբեք չտեսնենք քո զաւակին»։
10 Երբ աղջիկն այս լսեց, շատ տխրեց ու ցանկանում էր խեղդել իրեն։ Նա ասում էր. «Ես իմ հօր միամօր զաւակն եմ, ուրեմն եթէ անեմ այս, նրան անարգանք կը բերեմ ու ծերունուն ցաւերով դժոխք կ’իջեցնեմ»։
ՍԱՌԱՅԻ ԱՂՕԹՔԸ
11 Եւ նա սկսեց աղօթել այն պատուհանի մօտ, որ նայում էր դէպի Երուսաղէմ։ Նա ասում էր.
13 «Օրհնուած ես դու, Տէ՛ր Աստուած իմ,
եւ յաւիտեան օրհնուած է քո սուրբ եւ պատուական անունը։
14 Այժմ, Տէ՛ր, իմ ամբողջ սրտով աղաչում եմ քեզ
15 եւ խնդրում, որ հոգիս մարմնիցս ազատես,
որպէսզի այլեւս նախատինքներ չլսեմ.
16 քանզի, Տէ՛ր, դու գիտես, որ իմ կուսութեամբ մաքուր եմ բոլոր մեղքերից,
17 չեմ աղտոտել իմ անունն ու իմ հօր անունը,
իմ հօր միամօր զաւակն եմ,
նա ուրիշ որդի չունի, որ ժառանգ լինի իրեն։
Նա ո՛չ մերձաւոր եղբայր, ո՛չ էլ եղբօրորդի ունի,
որպէսզի նրան կնութեան գնալու համար պահպանեմ անձս,
որովհետեւ ահա արդէն եօթը ամուսիններս մահացան,
այլեւս ինչի՞ համար ապրեմ հիմա։
Իսկ եթէ մահս չես ցանկանում, Տէ՛ր,
նայի՛ր ինձ եւ ողորմի՛ր,
որպէսզի այլեւս նախատինքներ չլսեմ»։
24 Եւ երկուսի աղօթքներն էլ լսելի եղան մեծ Ռափայէլին։ 25 Նա ուղարկուեց բժշկելու երկուսին էլ՝ Տոբիթի աչքերից հատերը վերացնելու եւ Ռագուէլի դուստր Սառայից Ազմոդեւս դեւին հանելու, նրան կնութեան տալու Տոբիթի որդի Տուբիին, որովհետեւ հէնց Տուբիին էր վիճակուած ժառանգել նրան։ Այդ նոյն պահին Տոբիթը շրջուեց ու մտաւ իր տուն, իսկ Ռագուէլի դուստր Սառան իջաւ իր վերնասենեակից։