Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԶԳՈՒՇԱՆԱԼ ՄԵՂՔԻՑ21 Որդեա՛կ, եթէ մեղք գործեցիր, այլեւս մի՛ արա եւ աղօթ…

ԶԳՈՒՇԱՆԱԼ ՄԵՂՔԻՑ

21 Որդեա՛կ, եթէ մեղք գործեցիր, այլեւս մի՛ արա եւ աղօթի՛ր հին մեղքերի համար։

2 Փախի՛ր մեղքերից, ինչպէս օձից. եթէ մօտենաս կը խայթի քեզ։

3 Մեղքի ժանիքները առիւծի ժանիքներ են, որ սպանում են մարդկանց հոգիները։

4 Ամէն տեսակ անօրէնութիւն նման է երկսայրի սրի. նրա տուած վէրքերին բժշկութիւն չկայ։

5 Արհաւիրքն ու թշնամանքը աւերում են հարստութիւնը. այդպէս էլ կ’աւերուի ամբարտաւանների տունը։

6 Խոնարհների խնդրուածքները հասնում են մինչեւ Տիրոջ ականջները, եւ նրա արդարութիւնը փութով կը հասնի։

7 Ով որ ատի յանդիմանութիւնը, նա կը լինի մեղաւորների շաւիղների մէջ, եւ ով որ երկիւղ է կրում Տիրոջից, սրտով նրան կը դառնայ։

8 Լեզուով հզօրը հեռուից է ճանաչւում, իսկ ով գիտուն է, տեսնում է իր սայթաքումը։

9 Ով իր տունը կառուցում է այլոց ունեցուածքով, նման է նրան, որ քարեր է հաւաքում ձմռանը։

10 Անօրէնների խումբը նման է դիզուած վուշի, եւ նրանց վախճանը կրակի բոցի մէջ է։

11 Մեղաւորների ճանապարհները հարթ են՝ քարերից մաքրուած, բայց վերջը դժոխքի խորխորատն է։

12 Ով պահում է օրէնքը, իշխում է իր մտքերին,

13 եւ Տիրոջ երկիւղի վերջը իմաստութիւնն է։

14 Ով խորագէտ չէ, չի սովորի։

15 Բայց խորագիտութիւն էլ կայ, որ շատացնում է դառնութիւնը։

ԻՄԱՍՏՈՒՆԻ ԵՒ ՅԻՄԱՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

16 Իմաստունի գիտութիւնը հեղեղի նման կը սաստկանայ, եւ նրա խորհուրդները ակնաղբիւրի նման են։

17 Տգէտի փորը նման է ծակոտկէն ամանի. ոչ մի գիտելիք այնտեղ չի մնայ։

18 Եթէ գիտունը իմաստուն խօսք լսի, կը գովի այն եւ կ’աւելացնի այն, մինչդեռ թեթեւամիտը լսեց ու նրան հաճելի չթուաց այն եւ նետեց իր թիկունքի յետեւը։

19 Տխմարի խօսքը ճանապարհի բեռան նման է, սակայն իմաստունների շուրթերի վրայ այն շնորհ է ստանում։

20 Իմաստունների խօսքերը փընտռուելու են ժողովրդի մէջ, եւ դրանց մասին խորհելու են իրենց սրտում։

21 Աւերուած տան նման է յիմարի իմաստութիւնը, եւ տխմար մարդու գիտութիւնը անմիտ խօսք է։

22 Անմիտների համար խրատը ոտնակապ է եւ աջ ձեռքի ձեռնակապ։

23 Ծիծաղելիս տխմարը բարձրացնում է իր ձայնը, իսկ խորագէտ մարդը հազիւ ժպտում է հանդարտ։

24 Գիտունի համար խրատը նման է ոսկեղէն զարդի եւ աջ բազկի ապարանջանի։

25 Տխմարի ոտքը արագ դիմում է դէպի տուն, սակայն բազմափորձ մարդը պատկառում է մարդկանցից։

26 Անմիտը դռան արանքից է տան մէջ նայում, իսկ բարեկրօն մարդը մնում է դրսում։

27 Մարդու համար անվայել բան է դռան մօտ ականջ դնելը,

իսկ իմաստունը վշտանում է այդ անարգ արարքից։

28 Շատախօս օտար բերանները պատմում են, ինչ որ լսել են, իսկ իմաստունների խօսքերը կշռադատուած են։

29 Յիմարների սիրտը իրենց բերանում է, իսկ իմաստունների բերանը՝ իրենց սրտում։

30 Ամբարիշտը սատանային անիծելիս՝ ինքն իր հոգին է անիծում։

31 Բամբասողը պղծում է իր հոգին, նա ուր էլ բնակուի, ատելի կը լինի։