Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԱՆՏԻՈՔՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՐՇՒԱՆՔԸ ԴԷՊԻ ԵԳԻՊՏՈՍ5 Այդ ժամանակ Անտիոքոսը պատրաս…

ԱՆՏԻՈՔՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՐՇՒԱՆՔԸ ԴԷՊԻ ԵԳԻՊՏՈՍ

5 Այդ ժամանակ Անտիոքոսը պատրաստուեց անտիոքացիների կողմերից երկրորդ անգամ յարձակուել Եգիպտացիների երկրի վրայ։ 2 Այնպէս պատահեց, որ քառասուն օր անընդհատ ամբողջ քաղաքի վրայ՝ երկնքում եւ երկրի վրայ երեւացին նիզակակիր հեծեալ զինուորներ, 3 որոնք զարդարուած էին ոսկէ զարդերով։ Սրանք արշաւում էին իրար խռնուած։ Վահանները բախւում էին, աղեղները՝ շաչում, սուսերները՝ շողում, դրօշները՝ փողփողում, նետերը՝ շառաչում։ Փայլատակում էին զէնքերը ոսկու պէս։ 4 Բոլորը ծնկի չոքած աղաչում էին, որ այդ տեսարանը բարի գործի նախանշան լինի։

ՅԱՍՈՆԸ ՅԱՐՁԱԿՒՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՎՐԱՅ

5 Երբ յանկարծակի լուր տարածուեց, թէ Անտիոքոսը հրաժեշտ է տուել կեանքին, Յասոնը ոչ պակաս քան քսան հազար[***] սպառազէն զինուորներ վերցնելով՝ յարձակուեց քաղաքի վրայ։ Մինչ քաղաքի բնակիչները անսպասելի դաւից վախեցած՝ պարսպից հեռացան, Մենելաւոսն արշաւելով եկաւ հասաւ քաղաք, 6 ուր մոլեգնած Յասոնն առանց խնայելու իր համաքաղաքացիներին էր կոտորում։ Կարծես նա թշնամիներ էր կոտորում՝ չմտաբերելով, որ սրանք իր տոհմակիցներն ու համաքաղաքացիներն են, եւ պէտք է մտածել սրանց կեանքի ապահովութեան մասին, մինչդեռ նա թշուառութեան էր մատնում նրանց։ Տոհմակից քաղաքացիների վրայ յարձակուելով ու նրանց կոտորելով կարծում էր, թէ թշնամու նկատմամբ է արագ յաղթանակ տանում ու յաղթութեան յուշարձան կանգնեցնում։ 7 Բայց եւ այնպէս նա իշխանութեան հասնել չկարողացաւ, այլ ի վերջոյ կրեց դաւաճանի նախատինքն ու փախաւ ամոնացիների կողմերը։ 8 Իր անփառունակ կեանքի վերջում նրան բանտարկեց արաբների արքայ Արետասը։ Յետոյ Յասոնը քաղաքից քաղաք փախաւ, իբրեւ օրէնքի դէմ ընդվզող՝ բոլորի աչքին ատելի դարձաւ ու հալածական, պիղծ ու գարշելի համարուեց իբրեւ գաւառի, քաղաքի, բանակի մատնիչ ու դահիճ, վտարուեց Եգիպտոս։ 9 Նա շատերին, անթիւ-անհամար մարդկանց տարագրեց իրենց երկրից, եւ ինքն էլ օտարների մէջ օտարանալով՝ 10 կորաւ անխնամ, անզգեստ, ոչ ոք չսգաց նրան, եւ նա արժանի չեղաւ հայրենի գերեզմանին։

11 Երբ այդ դէպքերի մասին տեղեկացաւ արքան, կարծեց, թէ Հրէաստանն ապստամբել է իր դէմ։ Այդ պատճառով նա գազազած սրտով շտապ դուրս եկաւ Եգիպտացիների երկրից եւ քաղաքը գրաւելով՝ սրի քաշեց։ 12 Նա զինուորներին հրաման տուեց, որ, ով իրենց ձեռքն ընկնի, անխնայ կոտորեն, իսկ ովքեր ապարանքներում ապաստանեն, նոյն տեղում էլ սպանեն նրանց։ 13 Տղամարդիկ ու ծերերն առհասարակ կոտորուեցին, կանայք ու մանուկներն առհասարակ սպանուեցին, կոյսերն ու աղջիկներն առհասարակ սրի քաշուեցին։ 14 Այդ երեք օրուայ ընթացքում ընդհանրապէս ութսուն հազար մարդ կոտորեցին. քառասուն հազար մարդկանց սրի քաշեցին եւ համարեա նոյնքան մարդկանց էլ վաճառքի հանեցին։

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՏԱՃԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ

15 Երբ նա չյագեցաւ այս չարագործութիւններով, որոշեց ձեռքը բարձրացնել ամբողջ աշխարհի ամենասուրբ սրբարանի վրայ, յանդգնեց մտնել տաճար՝ իբրեւ առաջնորդ ունենալով Մենելաւոսին, որը օրէնքի, երկրի, բանակի մատնիչն ու դահիճն էր դարձել։ 16 Իրենց պիղծ ու անօրէն ձեռքերով վերցրին ու պիղծ մարդկանց բաշխեցին զոհասեղանի այն սուրբ սպասքը, որ ուրիշ թագաւորներ ու այլ քաղաքներ նուիրել էին սրբարանին ի բարգաւաճումն ու ի փառս այդ վայրի։ 17 Գուցէ հպարտացել, յամառել էր իր մտքում Անտիոքոսը, երբ ասում էր, թէ՝ «Այս քաղաքի բնակիչների անօրէն մեղքերի համար է բարկացել Տէրը սրանց վրայ, դրա համար էլ անարգուել են սուրբ վայրերը։ 18 Եթէ մեծ մեղքեր գործած չլինէին, ապա կը լինէին այնպէս, ինչպէս Հելիոդորոսն էր եղել, որին Սելեւկիոս արքան ուղարկել էր, որպէսզի հաշուի գանձերը, եւ երբ սա մտել էր այնտեղ, անմիջապէս կործանուել էր իր յանդգնութեան պատճառով»։ 19 Ոչ թէ տեղի համար էր Տէրն ընտրել ազգին, այլ ազգի համար էր ընտրել տեղը։ 20 Դրա համար էլ տեղն ինքը ժառանգել էր ազգի մոլորութիւնը, որպէսզի այնուհետեւ նորից արժանանայ Տիրոջ բարերարութեանը, նորից ճշմարիտ փառքով հաճելի լինի մեծ Աստծուն։

ՆՈՐ ԿՈՏՈՐԱԾ ԵՐՈՒՍԱՂԷՄՈՒՄ

21 Անտիոքոսը ինը հարիւր քանքարի վրայ գումարած եւս ութ հարիւր քանքար վերցնելով յափշտակեց տաճարից, շտապ գնաց անտիոքացիների քաղաքը։ Նա գոռոզամտութեամբ կարծում էր, թէ կարող է ծովը ցամաքի վերածել եւ ցամաքը՝ ծովի։ 22 Նա այնտեղ թողեց խիստ վերակացուներ, որպէսզի սրանք չարչարեն ժողովրդին։ Երուսաղէմում թողեց ազգով փռիւգացի[†††] Փիլիպպոսին, որն իր բարքով աւելի ժանտ էր, քան նա, ով իրեն նշանակել էր այնտեղ, 23 իսկ Գարգարիզում՝ Անդրոնիկոսին։ Բացի այդ, սրանց վրայ նշանակեց Մենելաւոսին, որը նրանցից աւելի չար լինելով՝ դատ ու դատաստան էր տեսնում քաղաքացիների հետ։

24 Բայց քանի որ Մենելաւոսը քիչ էր խղճում հրեաներին, Մաշուէ[‡‡‡] Ապոլոնիոսին ուղարկեց քսան հազար զինուորներով, չհաշուած նախկին հազար զինուորները, որպէսզի բոլոր չափահաս մարդկանց կոտորի, կանանց ու մանուկներին վաճառի։ 25 Ինքը եկաւ Երուսաղէմ, նախ կեղծ խաղաղութեամբ, ապա դաւով մտաւ եւ այնտեղ մնաց մինչեւ սուրբ շաբաթ օրը։ Երբ տեսաւ, որ հրեաները շաբաթ օրը գործ չեն անում, հրաման տուեց իր զինուորներին զինուել։ 26 Ովքեր նայելու էին եկել այդ տեսարանը, սրով սպանեց նրանց։ Սպառազինուած զինուորները երթեւեկում էին ողջ քաղաքում այստեղ-այնտեղ եւ բոլորին դիաթաւալ գետին փռում։

27 Յուդա Մակաբայեցին տասը հոգով միասին փախուստի դիմելով՝ գնաց անապատ, լեռներում գազանների նման կեանք վարեց։ Նոյն ձեւով իր հետ եղած զինուորները խոտաբոյսեր ուտելով էին անցկացնում իրենց ժամանակը, որպէսզի հեռու մնան պղծութիւններից։

[***] Այլ բնագրերում՝ հազար։