Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՏԷՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԳԵՐՈՒԹԻՒՆԻՑ2 Տէրը կատարեց իր խ…

ՏԷՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԳԵՐՈՒԹԻՒՆԻՑ

2 Տէրը կատարեց իր խօսքերը, որ ասաց մեր մասին, մեր դատաւորների մասին, որոնք դատում էին Իսրայէլին, մեր թագաւորների մասին, մեր իշխանների մասին, Իսրայէլի եւ Յուդայի երկրի մարդկանց մասին, 2 թէ մեզ վրայ բերելու է այնպիսի մեծամեծ չարիքներ, որպիսիք երբեք չեն եղել ողջ երկնքի ներքոյ եւ որպիսիք նա կատարեց Իսրայէլի նկատմամբ՝ ըստ Մովսէսի օրէնքներում գրուած այն խօսքերի, 3 թէ մենք ուտելու ենք մեր որդիների մարմինները, եւ հայրը՝ իր դստեր մարմինը։ 4 Տէրը մեզ ստրուկ դարձրեց այն բոլոր թագաւորներին, որոնք մեր շուրջն էին, դատապարտեց նախատինքին ու աւերածութեանը շրջապատի բոլոր ժողովուրդների, որոնց մէջ ցրեց մեզ. 5 մենք ցած իջանք եւ ոչ թէ բարձրացանք, որովհետեւ մեղանչեցինք մեր Տէր Աստծու առաջ՝ չանսալով նրա ձայնին։ 6 Մեր Տէր Աստծունն է արդարութիւնը, իսկ մերը եւ մեր հայրերինը՝ երեսի ամօթը, ինչպէս որ այսօր է։ 7 Այն բոլոր չարիքները, որոնց մասին խօսեց Տէրը, եկան մեզ վրայ։ 8 Մենք չպաղատեցինք Տիրոջ առաջ, որպէսզի ամէն մէկն իր չար սրտի խորհուրդներից յետ դառնար, 9 եւ չարութիւնը զարթնեց Տիրոջ մէջ, ու նա չարիքներ բերեց մեզ վրայ։ Արդարեւ, Տէրն արդար է իր այն բոլոր գործերում, որ պատուիրել է մեզ, 10 բայց մենք չանսացինք նրա ձայնին՝ հետեւելու այն պատգամներին, որ Տէրը տուեց մեզ։

ԱՂԱՉԱՆՔ

11 Եւ արդ, ո՛վ Տէր Աստուած Իսրայէլի, դու էիր, որ հզօր ձեռքով, զարմանահրաշ գործերով ու սքանչելիքներով, մեծ զօրութեամբ ու բարձր բազկով քո ժողովրդին դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից եւ քեզ համար անուն ստեղծեցիր, ինչպէս այսօր։ 12 Մենք մեղք գործեցինք, ամբարշտութիւն ու անիրաւութիւն կատարեցինք, ո՛վ Տէր Աստուած մեր, քո իրաւունքների դէմ։ 13 Թող քո բարկութիւնը յետ դառնայ մեզնից, որովհետեւ մենք նուազեցինք հեթանոսների մէջ, ուր ցրեցիր մեզ։ 14 Լսի՛ր, Տէ՛ր, մեր աղաչանքներն ու մեր խնդրանքները, յանուն քո անուան՝ փրկի՛ր մեզ եւ մեզ շնորհների՛ արժանացրու մեզ գերողների առաջ, 15 որպէսզի ամբողջ երկիրն իմանայ, որ դու ես մեր Տէր Աստուածը, քանզի Իսրայէլի վրայ եւ նրա ազգի վրայ քո անունն է կնքուած։ 16 Տէ՜ր, նայի՛ր քո սուրբ տաճարից եւ յիշի՛ր մեզ։ 17 Տէ՜ր, խոնարհեցրո՛ւ քո ականջը եւ լսի՛ր, բա՛ց քո աչքերը եւ տե՛ս. Տիրոջը փառք ու իրաւունք են մաղթում ոչ թէ դժոխքի մեռելները, որոնց հոգիները նրանց միջից առել են, 18 այլ անսահման տխրութեամբ տրտմած հոգիները, որոնք քայլում են կորացած ու հիւանդ. մարմրող աչքերն ու քաղցած հոգիներն են փառք ու արդարութիւն մաղթում քեզ։

19 Ո՛վ Տէր, ոչ թէ մեր հայրերի եւ մեր թագաւորների արդարութիւնից է, որ գութ ենք հայցում քո առաջ, Տէ՛ր Աստուած մեր, 20 այլ նրա համար, որ քո ցասումն ու քո բարկութիւնը բերեցիր մեզ վրայ, ինչպէս քո ծառաների՝ մարգարէների միջոցով խօսեցիր, թէ՝ 21 այսպէս է ասում Տէրը. «Խոնարհեցրէ՛ք ձեր պարանոցները եւ ծառայեցէ՛ք բաբելացիների արքային, եւ դուք կ’ապրէք այն երկրում, որ տուել եմ ձեր հայրերին, 22 իսկ եթէ չանսաք Տիրոջ ձայնին՝ ծառայելու բաբելացիների արքային, ապա Յուդայի երկրի քաղաքներից եւ Երուսաղէմից դուրս ես կը վերացնեմ 23 ձայնն ուրախութեան եւ ձայնը ցնծութեան, ձայնը փեսայի եւ ձայնը հարսի, եւ այդ ամբողջ երկիրն ամայի կը դառնայ բնակչութիւնից»։

24 Բայց մենք չանսացինք քո ձայնին՝ ծառայելու բաբելացիների արքային, եւ դու ի կատար ածեցիր քո խօսքերը, որ յայտնեցիր քո ծառաների՝ մարգարէների միջոցով, թէ մեր թագաւորների ոսկորները եւ մեր հայրերի ոսկորները հանուելու են իրենց տեղից։ 25 Եւ ահա դրանք թափուած են ցերեկուայ տօթին ու գիշերուայ ցրտին, իսկ իրենք իրենց վախճանը գտան չարաչար ցաւերով, սովով, սրով ու գերութեամբ։ 26 Իսրայէլի տան եւ Յուդայի տան չարութեան պատճառով քո տաճարը, որը կոչւում է քո անունով, դու դարձրիր այնպիսին, ինչպիսին նա այսօր է։

27 Տէ՛ր Աստուած մեր, մեզ հետ վարուեցիր քո ամբողջ հեզութեամբ եւ քո ամբողջ մեծ գթութեամբ, 28 ինչպէս որ քո ծառայ Մովսէսի միջոցով խօսեցիր այն օրը, երբ դու Իսրայէլի որդիների առաջ պատուիրեցիր գրել քո օրէնքը եւ ասել. 29 «Եթէ դուք չլսէք իմ ձայնը, ապա ձեր բարձրագոչ շռինդը ազգերի մէջ, ուր ցրելու եմ ձեզ, պիտի իջնի ու նուազի։ 30 Գիտեմ, որ ինձ չեն լսելու, որովհետեւ մի պնդաճակատ ժողովուրդ են, բայց իրենց պանդխտած երկրում սրտով դարձի պիտի գան 31 եւ իմանան, որ նրանց Տէր Աստուածը ես եմ։ Նրանց սիրտ եմ տալու եւ ականջներ, որ լսեն։ 32 Նրանք պիտի օրհնեն ինձ այն երկրում, ուր գերի են, պիտի յիշեն իմ անունը 33 ու պիտի հրաժարուեն իրենց կամակորութիւնից եւ իրենց չար արարքներից, որովհետեւ պիտի յիշեն իմ առաջ մեղք գործած իրենց հայրերի ճանապարհները։ 34 Ես նրանց պիտի վերադարձնեմ այն երկիրը, որ երդուեցի տալ նրանց հայրերին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին, ու նրանք պիտի տիրեն նրան։ Պիտի բազմացնեմ նրանց, եւ նրանք չեն նուազելու։ 35 Նրանց հետ յաւիտենական ուխտ պիտի հաստատեմ. ես նրանց համար Աստուած պիտի լինեմ, իսկ նրանք ինձ համար՝ ժողովուրդ, եւ այլեւս Իսրայէլի իմ ժողովրդին չեմ գաղթեցնի այն երկրից, որ տուել եմ նրանց»։