Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԱՐԴԱՐՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ3 Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, եւ մա…

ԱՐԴԱՐՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

3 Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են,

եւ մահը չի մօտենալու նրանց։

2 Անզգամների աչքին թուաց, թէ նրանք մեռան,

եւ նրանց ելքն այս աշխարհից համարուեց տանջանք,

իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում,

3 բայց նրանք գտնւում են խաղաղութեան մէջ։

4 Ու թէպէտեւ մարդկանց թւում է, թէ նրանք տանջուեցին,

բայց նրանք անմահութեան հաստատ յոյս ունեն,

5 ինչպէս եւ նրանք, որոնք չխուսափեցին սակաւ ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն,

քանի որ Աստուած փորձեց նրանց

եւ նրանց էլարժանի գտաւ իրեն։

6 Նրանց փորձեց, ինչպէս ոսկին բովի մէջ,

եւ իբրեւ ողջակէզի զոհ ընդունեց նրանց։

7 Եւ երբ Տէրն այցելի նրանց,

նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան,

ինչպէս կայծը եղէգի միջով։

8 Պիտի դատեն ազգերին եւ տիրեն ժողովուրդներին,

եւ նրանց վրայ յաւիտեան թագաւորելու է Տէրը։

9 Նրանք, որ իրենց յոյսը դրել են Աստծու վրայ,

պիտի իմանան ճշմարտութիւնը,

եւ նրանք, որ հաւատարիմ են, սիրով պիտի սպասեն նրան,

քանզի սրբերի համար են նրա շնորհները եւ ողորմութիւնը,

եւ իր ընտրեալների համար է նրա այցելութիւնը։

10 Իսկ ամբարիշտները, որոնք արհամարհեցին արդարութիւնն ու ապստամբեցին Տիրոջ դէմ,

պիտի կրեն իրենց պատիժը՝ իրենց խորհուրդներին համապատասխան։

11 Արդարեւ ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է.

ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը,

եւ պիտանի չեն նրանց գործերը։

12 Նրանց կանայք անմիտ են,

նրանց երեխաները՝ չարաբարոյ,

եւ անիծուած են նրանց ծնունդները։

ԱՒԵԼԻ ԼԱՒ Է ԱՄԼՈՒԹԻՒՆԸ, ՔԱՆ ԱՐԳԱՍԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ

13 Երանելի է անարատ ամուլը, որ մեղքի անկողին չի ճանաչել.

նա վարձ կ’ընդունի դատաստանի օրը։

14 Նաեւ ներքինին, որ իր ձեռքով անիրաւութիւն չի գործել

եւ ոչ էլ չարութիւն է խորհել Տիրոջ մասին,

նրան ըստ իր հաւատի ընտիր շնորհ է տրուելու

եւ ցանկալի վիճակ՝ Տիրոջ տաճարում։

15 Արդարեւ, փառաւոր է բարի վաստակների պտուղը,

եւ անսխալ՝ իմաստութեան արմատը։ 16 Շնացողների որդիները լինելու են պակասաւոր,

եւ պիտի ոչնչանայ ապօրինի անկողնու զաւակը։

17 Եւ եթէ նոյնիսկ երկարակեաց էլ լինեն, ոչնչութիւն են համարուելու. իրենց կեանքի վախճանին էլ անարգուելու է նրանց ծերութիւնը։

18 Իսկ եթէ շուտ էլ լինի նրանց վախճանը, յոյս չեն ունենալու,

եւ ոչ էլ դատաստանի օրը՝ մխիթարութիւն։

19 Այո՛, այսպէս է կարգը. անիրաւ սերնդին՝ չարաչար վախճան։