Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԳՈՎՔ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ24 Իմաստութիւնը կը գովի իրեն եւ պիտի պարծենայ իր ժողո…

ԳՈՎՔ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ

24 Իմաստութիւնը կը գովի իրեն եւ պիտի պարծենայ իր ժողովրդի մէջ։

2 Բարձրեալի տաճարում պիտի բացի իր բերանը եւ նրա զօրութեան առջեւ պիտի պարծենայ.

5 «Ես դուրս ելայ Բարձրեալի բերանից եւ մշուշի նման ծածկեցի երկիրը։

7 Ես բնակուեցի բարձունքներում, եւ իմ Աթոռը ամպի սեան մէջ է։

8 Միայն ես պտտուեցի երկնքի ծիրով մէկ, գնացի անդունդների խորքերը,

9 իշխեցի ծովի ալիքներին,

10 բոլոր երկրներին եւ բոլոր ժողովուրդներին ու ազգերին։

11 Այս բոլորի մէջ հանգիստ փնտռեցի եւ այն երկիրը, ուր ես հանդարտուեմ։

12 Այն ժամանակ բոլորի Արարիչը պատուիրեց ինձ, եւ նա, ով ստեղծեց ինձ, ցոյց տուեց իմ խաղաղութեան խորանը։

13 Նա ասաց. “Դու բնակուի՛ր Յակոբի տոհմի մէջ եւ Իսրայէլի մէջ ժառանգութի՛ւն ստացիր”։

14 Սկզբից, յաւիտենութիւնից առաջ Տէրն ստեղծեց ինձ, եւ ես յաւիտեան չեմ նուազելու։

15 Ես պաշտամունք մատուցեցի նրա սուրբ խորանի առջեւ, ապա հաստատուեցի Սիոնի մէջ, Տէրը նոյնպէս բնակեցրեց ինձ սուրբ քաղաքում, եւ իմ իշխանութիւնը Երուսաղէմի մէջ է։

16 Ես արմատաւորուեցի փառաւոր ժողովրդի մէջ, Տիրոջ բաժնում՝ նրա ժառանգութեան մէջ։

17 Բարձրացայ Լիբանանի նոճու պէս եւ Ահերմոնի լեռների դափնու նման։

18 Բարձրացայ ինչպէս արմաւենին Ենգադիում եւ ինչպէս վարդենու տունկը Երիքովի մէջ։

19 Բարձրացայ դաշտի վայելուչ ձիթենու պէս, բարձրացայ սօսու նման։

20 Բուրեցի իբրեւ կինամոն եւ խնկի ծառ,

21 իբրեւ քաղբան, խունկ, ստաշխ եւ իբրեւ կնդրուկի անուշ հոտ վրանում։

22 Բեւեկնի նման արձակեցի իմ ոստերը, եւ իմ ոստերը փառքի եւ շնորհների ոստեր են։

23 Ես իբրեւ այգի[†††††] շնորհներ եմ բխում, եւ իմ ծաղիկները փառքի եւ հարստութեան պտուղներ են։

26 Մօտեցէ՛ք ինձ ամէնքդ, որ ցանկանում էք ինձ, եւ ճաշակեցէ՛ք իմ արմատներից,

27 քանզի իմ յիշատակը մեղրից քաղցր է, եւ իմ ժառանգութիւնը աւելի քաղցր է, քան մեղրի խորիսխը։

29 Ովքեր ուտեն ինձ, տակաւին պիտի քաղցած մնան, եւ ովքեր ըմպեն ինձ, տակաւին պիտի ծարաւեն։

30 Ով ինձ լսի, չի ամաչի, եւ ովքեր ինձ հետ գործեն, չեն մեղանչի»։

32 Այս ամէնը բարձրեալ Աստծու ուխտի Գիրքն է եւ Օրէնքը,

33 որ մեզ պատուիրեց Մովսէսը իբրեւ Յակոբի ժողովուրդների ժառանգութիւն։

34 Նա իմաստութիւնը հեղում է Փիսոն գետի նման

35 եւ ինչպէս Տիգրիսը՝ նորահաս բերքի օրերին։

36 Նա գիտութիւնը լցնում է Եփրատի նման եւ ինչպէս Յորդանանը՝ հնձի օրերին։

37 Նա խրատը սփռում է իբրեւ լոյս եւ տարածում ինչպէս Գեհոնը՝ բերքահաւաքի օրերին։

38 Նրան չհասցրեց ճանաչել առաջին մարդը, նրան չքննեց վերջինը եւս,

39 քանզի նրա խոհամտութիւնը ծովից անհուն է, եւ նրա խորհուրդը խոր է մեծ անդունդներից աւելի։

41 Ես իբրեւ ջրմուղ ելայ գետից եւ իբրեւ վտակ ելայ դրախտից։

42 Ասացի՝ ջրեմ պարտէզը եւ ջրեմ ածուն։

43 Եւ ահա ինձ համար ջրմուղը գետ դարձաւ եւ ինձ համար գետը՝ ծով։

44 Տակաւին ես գիտութիւնը պիտի լուսաւորեմ ինչպէս առաւօտ եւ նրա լոյսը պիտի տարածեմ մինչեւ հեռաստանները։

46 Եւ տակաւին ուսմունքը պիտի սփռեմ իբրեւ մարգարէութիւն եւ այն յաւիտեանս պիտի թողնեմ ազգերի մէջ։

47 Տեսէ՛ք, ես ոչ միայն ինձ համար աշխատեցի, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր փնտռում են այն։

[†††††] Յունարէնում՝ իբրեւ խաղողի որթ։