Հին Կտակարան
Նոր Կտակարան
ստեղծուած ճշմարտութեամբ եւ արդարութեամբ։ 9 Տէրը փրկութիւն ուղարկեց իր…
ստեղծուած ճշմարտութեամբ եւ արդարութեամբ։
9 Տէրը փրկութիւն ուղարկեց իր ժողովրդին,
յաւիտեանս պատգամեց իր ուխտը.
սուրբ եւ ահեղ է նրա անունը։
10 Զգօնութեան սկիզբն երկիւղն է Տիրոջ հանդէպ,
բարեմիտ են բոլոր նրանք, որ գործադրում են այն.
նրա օրհնութիւնը կը մնայ յաւիտեանս յաւիտենից։
ԱՐԴԱՐ ՄԱՐԴՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆԸ
111 Ալէլուիա
1 Երանի այն մարդուն, որ վախենում է Տիրոջից,
եւ խիստ կամեցող է նրա պատուիրանների։
2 Նրա սերունդը հզօր կը լինի երկրի վրայ,
եւ ուղղամիտների ազգը կ’օրհնուի։
3 Փառք եւ հարստութիւն կը լինի նրա տան մէջ,
նրա արդարութիւնը կը մնայ յաւիտեանս յաւիտենից։
4 Արդարների համար լոյս ծագեց խաւարում.
ողորմած, գթասիրտ եւ արդար է Տէրը։
5 Բարի մարդը ողորմած է եւ փոխ է տալիս,
խօսքն իր կատարում արդարութեամբ,
6 որպէսզի յաւէտ նա չսասանուի,
յաւիտեան մնայ յիշատակն արդարի։
7 Չար լուրից նա չի վախենայ,
նրա սիրտը պատրաստ է յոյս դնելու Աստծու վրայ։
8 Հաստատուն է սիրտը նրա եւ չի սոսկայ,
մինչեւ իր թշնամիների վերջը չտեսնի։
9 Բաժանեց նա ու տուեց աղքատներին.
նրա արդարութիւնը կը մնայ յաւիտեանս յաւիտենից,
եւ նրա եղջիւրը բարձր կը լինի փառքով։
10 Մեղաւորը, տեսնելով, կը բարկանայ,
կը կրճտեցնի ատամներն իր ու հալումաշ կը լինի,
եւ մեղաւորների ցանկութիւնը կը կորչի։