Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՆԻԿԱՆՈՐԸ ԱՐԳԵԼՈՒՄ Է ՊԱՀԵԼ ՇԱԲԱԹԸ՝ ՀԱՆԳՍՏԵԱՆ ՕՐԸ15 Երբ Նիկանորն իմացաւ…

ՆԻԿԱՆՈՐԸ ԱՐԳԵԼՈՒՄ Է

ՊԱՀԵԼ ՇԱԲԱԹԸ՝ ՀԱՆԳՍՏԵԱՆ ՕՐԸ

15 Երբ Նիկանորն իմացաւ, որ Յուդայի զինուորները սամարացիների կողմերում են, որոշեց, որ շաբաթ՝ հանգստեան օրը կը յարձակուի նրանց վրայ։ 2 Նիկանորը բռնի տարաւ իր մօտ գտնուող հրեաներին։ Սրանք սկսեցին աղաչել ու ասացին. «Տէ՛ր, քո կամքն այդպէս խիստ ու դաժանօրէն մի՛ կատարիր, այլ փա՛ռք տուր, յարգի՛ր այս օրը, որ սուրբ Ամենակալն է իբրեւ հանգստեան օր սահմանել»։ 3 Այն ժամանակ անօրէնն սկսեց հարցնել ու ասաց. «Մի՞թէ երկնքում գոյութիւն ունի Ամենակալ Աստուած, որը հրամայել է ձեզ շաբաթ օրը նուիրական պահել»։ 4 Նրանք պատասխանեցին ու ասացին. «Այո՛, գոյութիւն ունի ամենազօր, կենդանի Տէր, որը հրամայել է նուիրական պահել շաբաթուայ եօթներորդ օրը»։ 5 Ամենաժանտ այդ մարդն արհամարհանքով ասաց. «Իսկ ես ամենազօր եմ այս երկրի վրայ, որ հրամայում եմ գործել զէնքով ու զրահով եւ կատարել արքունական ծառայութիւն»։ Այդ անօրէնը չէր հրաժարւում իր գոռոզամտութիւնից։ 6 Նիկանորը յամառօրէն որոշել էր յարձակուել Յուդայի մարդկանց վրայ, կոտորել եւ յաղթութեան նշան կանգնեցնել։ 7 Մակաբայեցին ամէն ժամ յոյսը դնում էր Տիրոջ վրայ, որ երբեք չէր դադարում նրան օգնելուց։ 8 Նա յուսադրում էր իր հետ գտնուողներին եւ ասում. «Չվախենաք, չսարսափէք անօրէն հեթանոսներից։ Նախնիների քաջագործութիւնները յիշելով՝ յարձակուեցէ՛ք, որովհետեւ երկնքից է գալու ձեր օգնութիւնը։ Ապաւինեցէ՛ք այն յաղթութեանն ու մխիթարութեանը, որ Տէրն է առաքելու»։ 9 Օրէնքներով ու մարգարէներով նա քաջալերում էր նրանց՝ յիշեցնելով նրանց մղած պատերազմները։ 10 Սրտապնդելով համոզում էր նրանց, նաեւ հեթանոսների կեղծիքը ցոյց տալով յիշեցնում էր, թէ որքան են նրանք ուխտը դրժել եւ երդմնազանց եղել։

ՄԱԿԱԲԱՅԵՑՈՒ ԲԱՐԵՆՇԱՆ ԵՐԱԶԸ

11 Նրանցից ամէն մէկին սրտապնդում էր առաւել ոգեւորիչ խօսքերով, քան զէնքով՝ տէգերով ու վահաններով։ Նա այդ ժամանակին պատշաճ մի երազ պատմեց, որով աւելի զուարթացրեց բոլորին։ 12 Նրա տեսած երազը հետեւեալն էր. Օնիա անունով մէկը, որն իր ժամանակին գեղեցիկ դէմքով, շքեղ արտաքինով, հեզաբարոյ ու սրտով խաղաղ մի քահանայապետ էր, եկաւ ու սկսեց գեղեցիկ խօսքեր ասել մարդու անձնական քաջագործութիւնների մասին, մի բան, որ սովորել էր մանուկ հասակից։ Նա ձեռքը բարձրացրած աղաչում էր, որ հաստատ մնայ հրեայ ազգը։ 13 Դրանից բացի, նա տեսաւ մի փառահեղ, սքանչելի ու խիստ վայելուչ ծերունու, որ կանգնած էր նրա մօտ։ 14 Այդտեղ խօսել սկսեց Օնիան ու ասաց. «Սա մեր եղբայրասէր ծերունին է, որ միշտ ու յաճախ աղօթք է մատուցում Աստծուն»։ Դա Աստծու մարգարէ Երեմիան էր։ 15 Երեմիան իր աջ ձեռքը մեկնելով՝ Յուդայի ձեռքին դրեց ոսկէ մի սուսեր։ Տալու ժամանակ նա այսպէս ասաց. 16 «Ընդունի՛ր այս սուրբ սուսերն իբրեւ Տիրոջ կողմից տրուած պարգեւ, որովհետեւ դրանով ես ոչնչացնելու բոլոր թշնամիներին»։

ՆԻԿԱՆՈՐԻ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՄԱՀԸ

17 Այս ազդու եւ գեղեցիկ խօսքերից խիստ քաջալերուեցին, ոգեւորուեցին, նոր ուժ ստացան Յուդան ու երիտասարդները։ Որոշեցին այլեւս չխոտորուել, այլ ոտքերը հաստատուն դնել գետին, ապաւինել համբերութեանը, պատրաստ լինել պատերազմի, քաջի անուն վաստակել, հաւատարմութեան ուխտը հաստատ պահել, քաղաքի մասին հոգ տանել, 18 նաեւ կանանց, երեխաների, հարազատ եղբայրների, տոհմակից քաղաքացիների, տեղացի դայեակների մասին հոգալ։ Այս ամենից աւելի, սակայն, պէտք է մտահոգուէին յանուն մեծ ու սուրբ տաճարի պատերազմելու համար։ 19 Քաղաքացիները նուազ չէին անհանգստանում մղուող պատերազմի, նրա ելքի համար։ 20 Երկու կողմերի զօրքերը միմեանց վրայ յարձակուելուց առաջ շեփոր էին հնչեցնում, պատրաստութիւն էին տեսնում, ճակատ կազմում, բոլոր գնդերի գլուխ կանգնեցնում սպառազինուած փղեր, հեծելազօրը կանգնեցնում էին աջ ու ձախ կողմերում։ 21 Այդ սոսկալի երազում Յուդան տեսնում էր, որ գնդերն իրենց դրօշները պարզած՝[§§§§§§§§] պատրաստութիւն էին տեսնում, տարբեր զէնքերով զինւում։ Փողփողում էին տարբերանշանները, խիստ գազազում էին հսկայ գազանները։ Այն ժամանակ Յուդան ձեռքերը երկինք պարզած՝ դիմեց հրաշագործ Տիրոջը, որը յաղթանակ է պարգեւում ոչ թէ ըստ մարդկանց ցանկութեան, այլ ըստ իր իրաւադատ կամքի այն մարդկանց, որ արժանի են իրեն։ 22 Նա դիմեց Նրան այսպիսի աղաչանքով. «Դու, Տէ՛ր տէրերի, Եզեկիէլ արքայի ժամանակ ուղարկեցիր քո հրեշտակին եւ Սենեքերիմի զօրքից կոտորեցիր հարիւր ութսունհինգ հազար սպառազէն հեծեալ։ 23 Արդ, ո՛վ ամենազօր Տէր, որ բնակւում ես երկնքում, ուղարկի՛ր մեզ քո հրեշտակին որպէս ահ ու սարսափ տարածող, որպէս քո բազկի զօրութիւն, 24 որպէսզի սարսափեն ու դողան քո ժողովրդի վրայ հայհոյելով յարձակուող թշնամիները»։ Եւ այսպէս նա վերջացրեց իր խօսքը։

25 Երբ Նիկանորը շեփորներ հնչեցնելով, բազմաթիւ նուագարաններ նուագելով իր զօրքն էր առաջ շարժում, 26 սրանք բազմաթիւ աղօթքներով ու պաղատանքներով յարձակուեցին նրանց վրայ։ 27 Սրանց ձեռքերը կռուի մէջ էին, իսկ սրտերը աղօթքներով դարձած էին դէպի երկինք, դէպի Աստուած։ Մակաբայեցի Յուդայի բանակը հեթանոսների զօրքից կոտորեց ոչ պակաս քան երեսունհինգ հազար մարդ՝ խիստ ուրախանալով, որ Աստուած մեծապէս օգնեց իրենց։ 28 Այսպէս գործը յաջող աւարտելով՝ նրանք վերադարձան ուրախութեամբ։ Երկու կողմերի սպանուած զինուորների մէջ գտնելով Նիկանորի դիակը իր զէնքերով ու զինանշաններով հանդերձ, 29 իրենց մայրենի լեզուով ու բարձր ձայնով օրհնեցին իրենց Ամենազօր Աստծուն։ 30 Ազգի համար յօժարակամ նահատակուելու պատրաստ Յուդան հրամայեց, որ կտրեն Նիկանորի գլուխն ու աջ ձեռքը ուսով հանդերձ եւ տանեն Երուսաղէմ։ 31 Երբ ինքն եկաւ հասաւ, զոհասեղանի մօտ կանչեց իր ազգատոհմի մարդկանց, քահանաներին, բերել տուեց նաեւ միջնաբերդում մնացած մարդկանց, 32 նրանց ցոյց տուեց անօրէն, հայհոյող Նիկանորի գլուխը եւ այն ձեռքը, որ ամբարտաւան գոռոզութեամբ յանդգնել էր երկարել Ամենակալ Աստծու տաճարի դէմ։ 33 Նա հրամայեց կտրել հանել անօրէն Նիկանորի լեզուն եւ ասաց. «Սա մանր-մանր կտրատելով՝ գիշակեր թռչուններին կեր պիտի դարձնեմ»։ Նա հրամայեց նրա անխոհեմ բազուկը կախել տաճարի դիմաց։ 34 Բոլորը դէպի երկինք՝ փառապանծ Աստծուն ուղղեցին իրենց օրհնութիւնները եւ ասացին. «Թող օրհնուի Նա, ով իր սուրբ վայրը անարատ պահեց»։

35 Մակաբայեցին Նիկանորի գլուխը կախեց բարձրապարիսպ աշտարակից ի ցոյց բոլորի՝ որպէս նշան Տիրոջ պարգեւած յաղթութեան ու բացայայտ օգնութեան։ 36 Բոլորի համաձայնութեամբ ամբողջ ազգին հրաման տուեցին, որ այդ օրը ամենամեայ տօն լինի, որպէսզի այդ օրն աննկատ չանցնի։

37 Դա տասներկուերորդ ամսի՝ ասորերէն Ադար կոչուող ամսի տասներեքերորդ օրն է եւ տօնւում է մարդքէական ամսից մի օր առաջ։

ՎԵՐՋԱԲԱՆ

38 Նիկանորի հետ կապուած դէպքերի պատմութիւնն այսքան է։ Այստեղ ես էլ աւարտում եմ այն ժամանակների պատմութիւնը, երբ եբրայեցիները տիրեցին այդ քաղաքին։ 39 Եթէ գովութեան արժանի է շարադրանքս, ապա գոհ եմ, որովհետեւ դա եղել է իմ ցանկութիւնը, իսկ եթէ խօսքս եղել է պարզունակ ու թոյլ, ապա այդքանն եմ կարողացել։ 40 Եթէ որեւէ մէկը գինին առանձին ու ջուրն առանձին է խմում, անդուր է, իսկ եթէ մէկը ջուրը խառնում է գինու հետ, ապա քաղցր ու հաճելի է դառնում դրա համը։ Նոյն ձեւով մեր խօսքի կառուցուածքը հաճելի պէտք է լինի նրանց ականջին, ովքեր ընդունում են այն։ Այստեղ աւարտում ենք մեր խօսքը։

[§§§§§§§§] Այլ բնագրերում՝ զինուած։