Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ ԳԻՇԵՐԸ8 Երբ նրանք ընթրելն աւարտեցին, Տուբիին տարան աղջկա…
ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ ԳԻՇԵՐԸ
8 Երբ նրանք ընթրելն աւարտեցին, Տուբիին տարան աղջկայ մօտ։ 2 Երբ նա ներս մտաւ, յիշեց Ռափայէլի խօսքերը, վերցրեց խնկի մոխրախառն կրակը, նրա վրայ դրեց ձկան սիրտն ու լեարդը եւ ծխեց. իսկ երբ դեւն առաւ այդ հոտը, փախաւ Եգիպտոսի սահմանների վերին կողմը, 3 եւ Հրեշտակը կապեց նրան։
Երբ երկուսով անկողին մտան, Տուբին ելաւ մահճից եւ ասաց. 4 «Քո՛յր, դո՛ւ էլ արի, աղօթենք, որպէսզի Աստուած մեզ ողորմի»։ Տուբին սկսեց աղօթել ու ասաց.
7 «Օրհնուած ես դու, մեր հայրերի Տէ՛ր Աստուած, օրհնուած է քո սուրբ անունը եւ փառաւորուած յաւիտեան,
թո՛ղ քեզ փառաբանեն երկինքը եւ քո բոլոր արարածները։
8 Դո՛ւ ստեղծեցիր Ադամին եւ նրան օգնական տուիր Եւային,
նրա կնոջը որպէս զօրավիգ տուիր նրան.
նրանցից եղան մարդկանց բոլոր զաւակները.
դո՛ւ ասացիր, թէ՝ “Լաւ չէ, որ մարդ լինի մենակ,
նրա համար իրեն նման օգնական ստեղծենք”։
9 Այժմ, Տէ՛ր, այս քրոջս առնում եմ ոչ թէ պոռնկութեան համար,
այլ՝ արդարութեամբ, որպէս կին։
10 Նայի՛ր, Տէ՛ր, եւ ողորմի՛ր ինձ,
որպէսզի մենք միասին ծերանանք»։
Եւ աղջիկն աղօթում էր նրա հետ։ Այն գիշեր նրանք քնեցին երկուսով՝ միասին։
11 Իսկ Ռագուէլը գնաց եւ նրա համար գերեզման փորեց, 12 քանզի վախենում էր, թէ գուցէ նա էլ մեռնի։ 13 Ռագուէլը եկաւ տուն եւ ասաց իր կին Հեդնային. 14 «Աղախիններից մէկին ուղարկի՛ր, որպէսզի տեսնի, թէ կենդանի՞ է արդեօք, իսկ եթէ ոչ, կը թաղենք նրան, եւ ոչ ոք չի իմանայ»։ 15 Աղախինը ներս մտաւ ու տեսաւ, որ երկուսով քնած են։ 16 Նա դուրս ելաւ ու ասաց, որ կենդանի են։
ՌԱԳՈՒԷԼԻ ՕՐՀՆՈՒԹԻՒՆԸ
17 Ռագուէլը օրհնեց Աստծուն ու ասաց.
«Օրհնուած ես դու, Տէ՛ր Աստուած,
քո բոլոր օրհնութիւնների ու փառքերի մէջ.
թող քեզ օրհնեն քո բոլոր սրբերը,
քո բոլոր ստեղծածները,
քո ընտրեալները թող քեզ օրհնեն յաւիտեան։
18 Օրհնուած ես դու, Տէ՛ր Աստուած,
որովհետեւ ուրախացրիր ինձ,
եւ ինձ հետ չպատահեց այն, ինչ թւում էր ինձ,
այլ մեզ հետ վարուեցիր ըստ քո մեծ ողորմութեան։
19 Օրհնուած ես դու, Տէ՛ր,
որովհետեւ ողորմեցիր այս երկու միամօրիկ զաւակներին,
Տէ՛ր, սրանց համար արա՛ քո ողորմութիւնները,
թո՛ղ սրանց կեանքն աւարտուի առողջութեամբ եւ ուրախութեամբ»։
20 Եւ նա իր ծառաներին հրամայեց լցնել գերեզմանը։
22 Ապա տասնչորս օր արեց նրանց հարսանիքը։ 23 Ռագուէլն ասաց Տուբիին. «Երդուեցնում եմ քեզ. դու այստեղից չես գնայ, մինչեւ չաւարտուի հարսանիքի տասնչորս օրը. 24 իսկ յետոյ կը վերցնես իմ ունեցուածքի կէսը, դու եւ աղջիկը խաղաղութեամբ կը գնաք քո հօր մօտ, իսկ երբ ես եւ իմ կինը մեռնենք, դուք կը վերցնէք մնացած մեր ամբողջ ունեցուածքը»։