Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՄԱՀԸ41 Ո՜վ մահ, որքան դառն է քեզ յիշելն այն մարդու համար, ով խաղաղ ապ…

ՄԱՀԸ

41 Ո՜վ մահ, որքան դառն է քեզ յիշելն այն մարդու համար, ով խաղաղ ապրում է իր հարստութեան մէջ,

2 ով անվիշտ է ու ամէն ինչում յաջողակ եւ կարող է դեռ կերակուր ճաշակել։

3 Ո՜վ մահ, բարի է քո դատաստանն այն մարդու համար, որ կարիքի մէջ է եւ ուժից ընկած,

4 որ ծերացած եւ ամէն տեսակ հոգսերով ծանրաբեռնուած եւ կորցրած է հաւատն ու համբերութիւնը։

5 Մի՛ վախեցիր մահուան դատաստանից. յիշի՛ր քո նախնիներին եւ յետնորդներին. այս դատաստանը Տիրոջից է ամէն մի կենդանի մարմնի համար։

6 Էլ ինչո՞ւ է քեզ ծանր թւում Բարձրեալի բարեհաճութիւնը.

7 թէկուզ տասը, թէկուզ հարիւր, թէկուզ հազար տարի էլ լինի՝ գերեզմանում չկայ յանդիմանութիւն կեանքի համար։

ԱՄԲԱՐԻՇՏՆԵՐԻ ՊԱՏԻԺԸ

8 Մեղաւորների որդիները պիղծ որդիներ են լինում, նրանք շրջում են ամբարիշտների մէջ։

9 Մեղաւորների որդիների ժառանգութիւնը կորչում է, բայց նրանց սերնդի հետ միշտ մնում է նախատինքը։

10 Որդիները մեղադրում են ամբարիշտ հօրը, որովհետեւ նրա պատճառով նախատինք են կրում։

11 Վա՜յ ձեզ ամբարիշտ մարդիկ, որ լքել էք բարձրեալ Աստծու օրէնքը։

12 Եթէ ծնւում էք՝ անէծքի համար էք ծնւում, եւ եթէ մեռնում էք՝ անէծքն է ձեր բաժինը։

13 Այն ամէնն, ինչ հողից է, հողին է գնում. այդպէս էլ ամբարիշտները անէծքից գնում են դէպի կորուստ։

14 Մարդկանց սուգն իրենց մարմնի համար է, իսկ մեղաւորների անունը բարի չէ, պիտի ջնջուի։

15 Հո՛գ տար քո անուան համար, քանզի այն քեզ հետ է լինելու աւելի քան ոսկու հազարաւոր մեծ գանձերը։

16 Բարի կեանքի օրերը համրանք չունեն, եւ բարի անունը յաւիտեան կը մնայ։

ԻՆՉԻ՞Ց ՊԷՏՔ Է ԱՄԱՉԵԼ

17 Որդինե՛ր, պահպանեցէ՛ք խաղաղութեան խրատը. ծածուկ իմաստութիւն լինի թէ թաքցուած գանձ, ի՞նչ օգուտ երկուսից։

18 Աւելի լաւ է այն մարդը, որ թաքցնում է իր յիմարութիւնը, քան այն մարդը, որ թաքցնում է իր իմաստութիւնը։

19 Արդ, պատկառեցէ՛ք իմ այս խօսքերից,

20 որ մի բանի մասին պիտի ասեմ. լաւ չէ ամէն ինչից ամօթ զգալ եւ ոչ էլ բոլորին հաւատարմութեամբ հաճելի լինել։

21 Հօրից ամաչեցէ՛ք պոռնկութեան համար,

22 դատաւորից եւ իշխանից՝ յանցանքի համար, ժողովականներից եւ ժողովրդից՝ անօրինութեան համար,

23 ընկերոջից եւ բարեկամից՝ զրկանքների համար, պանդխտութեան վայրում՝ գողութեան համար,

24 Աստծու ճշմարտութիւնից եւ ուխտից՝ ստութեան համար, ուրիշների հացի վրայ ձեռք դնելու համար, տալու եւ առնելու մէջ նախատինք կրելու համար, ողջոյնին ի պատասխան ձեր լռութեան համար,

25 բոզ կնոջ երեսին նայելու համար, ազգականից երես թեքելու համար,

26 մէկի բաժինը կամ նրան տրուածը խլելու համար, ամուսնացած կնոջը ակնապիշ նայելու համար,

27 նրա սպասուհուն հետամտելու, առաւել եւս նրա անկողնուն մօտենալու համար։

28 Ամաչի՛ր բարեկամներին նախատինքի խօսքեր ասելու համար, եւ տալուց յետոյ մի՛ յանդիմանիր. ամաչի՛ր նրանցից քո լսած խօսքերը կրկնելու եւ նրանց գաղտնիքները հրապարակելու համար։