Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՅԱՂԹԱԿԱՆ ԵՐԳ149 Ալէլուիա1 Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհնութեամբ, սրբերի ժո…
ՅԱՂԹԱԿԱՆ ԵՐԳ
149 Ալէլուիա
1 Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհնութեամբ,
սրբերի ժողովում է օրհնութիւնը նրա։
2 Իսրայէլն ուրախացաւ իր Արարչով,
Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագաւորով։
3 Թող գովեն նրա անունը օրհնութեամբ,
նուագարանով ու օրհներգով սաղմոս ասեն նրան։
4 Տէրը սիրում է իր սուրբ ժողովրդին,
եւ փառաւորում հեզերին փրկութեամբ։
5 Թող սրբերը պարծենան փառքով,
եւ ցնծան իրենց հանգստի մէջ։
6 Թող նրանք փառաբանեն Աստծուն իրենց բերաններով.
նրանց ձեռքերում երկսայրի սրեր կան,
7 որ վրէժ լուծեն հեթանոսներից
եւ պատժեն բոլոր ժողովուրդներին,
8 որ նրանց թագաւորներին կապեն շղթաներով,
եւ նրանց մեծամեծներին՝ երկաթեայ ձեռնակապերով,
9 որ գրուած դատաստանն իրագործեն նրանց հանդէպ։
Այս է փառքը նրա բոլոր սրբերի։
ՓԱՌԱԲԱՆԵՑԷ՛Ք ՏԻՐՈՋԸ
150 Ալէլուիա
1 Օրհնեցէ՛ք Աստծուն իր սրբարանում,
օրհնեցէ՛ք նրան իր զօրութեան երկնային հաստատութեան մէջ։
2 Օրհնեցէ՛ք նրան իր զօրութեան մէջ,
օրհնեցէ՛ք նրան իր անչափ մեծութեան մէջ։
3 Գովաբանեցէ՛ք նրան օրհնութեան ձայնով,
գովաբանեցէ՛ք նրան սաղմոսով եւ օրհներգութեամբ։
4 Օրհնեցէ՛ք նրան ցնծութեամբ,
գովաբանեցէ՛ք նրան ուրախութեամբ։
5 Օրհնեցէ՛ք նրան քաղցր խօսքերով,
օրհնեցէ՛ք նրան լսելի բառերով,
օրհնեցէ՛ք նրան գոհութեան ձայնով։
6 Բոլո՛ր հոգիներ, օրհնեցէ՛ք Տիրոջը։
Հաշուից դուրս այս սաղմոսը Դաւթի ինքնագիրն է, երբ նա մարտնչելու ելաւ Գողիադի դէմ, Սաւուղի առջեւ.
1 Փոքրն էի ես իմ եղբայրների մէջ.
եւ կրտսերն՝ իմ հօր տանը.
հօրս ոչխարներն էի արածեցնում։
2 Ձեռքերն իմ նուագարան ստեղծեցին,
եւ մատներս օրհներգութեան գործիք պատրաստեցին։
3 Իսկ արդ, ո՞վ պիտի պատմի այս բանն իմ Տիրոջը.
ամէն բանի Տէրն ինքը կը լսի այս ամէնը։
4 Նա ուղարկեց իր հրեշտակին,
ինձ վերցրեց հօրս ոչխարների հօտից,
եւ օծեց ինձ իր իւղի օծումով։
5 Գեղեցիկ ու մեծ էին եղբայրներն իմ,
բայց Տէրը չհաւանեց նրանց։
6 Ես ելայ այլազգու դէմ,
եւ նզովեցի կուռքերը նրա։
7 Առայ նրա սուրն իրենից,
կտրեցի գլուխը նրա,
եւ վերացրի նախատինքը Իսրայէլի որդիներից։