Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ ԴԵՐԸ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ.ԱԴԱՄԻՑ ՄԻՆՉԵՒ ՄՈՎՍԷՍ10 Իմաստութիւնը հ…
ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ ԴԵՐԸ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ.
ԱԴԱՄԻՑ ՄԻՆՉԵՒ ՄՈՎՍԷՍ
10 Իմաստութիւնը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հօրը՝
միայնակ ստեղծեալին։
2 Նա փրկեց նրան իր յանցանքներից
եւ զօրութիւն տուեց նրան բոլորի վրայ իշխելու։
3 Իսկ անիրաւը բարկութեամբ հեռացաւ դրանից
եւ կործանուեց իր եղբայրասպան զայրոյթի մէջ։
4 Դրա համար էլ իմաստութիւնը երկրորդ անգամ փրկեց հեղեղուած երկիրը չնչին այն փայտի շնորհիւ,
որի նաւապետն էր արդարը։
5 Իմաստութիւնն էր նոյնպէս, որ միաբանութեամբ չարութեան մէջ խռնուած ազգերի միջից ճանաչեց արդարին,
նրան անարատ պահեց Աստծու առջեւ
եւ հզօրին պահպանեց որդու նկատմամբ տածած գթութեամբ։
6 Իմաստութիւնն ամբարիշտների կորստի ժամանակ փրկեց արդարին՝
փախցնելով նրան հինգ քաղաքների վրայ իջնող հրից,
7 ուր որպէս չարիքի վկայ՝ հողերը ծխալով դեռեւս մնում են խոպան,
ուր պտղատու տունկերը ժամանակին պտուղ չեն տալիս,
եւ ուր որպէս անհաւատ հոգու յիշատակ՝ կանգուն է աղի արձանը։
8 Զանց անելով իմաստութիւնը՝ նրանք ոչ միայն վնաս կրեցին բարին չճանաչելու համար,
այլեւ աշխարհում անմտութեան յիշատակ թողեցին,
որպէսզի իրենց յանցանքները ծածկուած չմնան։
9 Իսկ իմաստութիւնն իրեն ծառայողներին փրկեց վշտերից։
10 Նա եղբօր բարկութիւնից փախածին առաջնորդեց դէպի ուղիղ շաւիղներ,
ցոյց տուեց նրան Աստծու արքայութիւնը
եւ սրբութիւնները ճանաչելու գիտութիւնը։
Յաջողութիւն եւ շահ տուեց նրան իր տքնութիւնների մէջ
եւ բազմացրեց նրա վաստակը։
11 Բռնացողների ագահութիւնից պաշտպանեց նրան,
12 աւելի հարստացրեց նրան
եւ պահպանեց թշնամիներից։
Նրան զգուշացրեց դարանակալներից
եւ յաղթող դարձրեց բուռն պատերազմում,
որպէսզի գիտենայ, թէ աստուածպաշտութիւնը զօրաւոր է ամէն բանից։
13 Իմաստութիւնը չլքեց վաճառուած արդարին,
այլ մեղքերից փրկեց նրան,
14 նրա հետ իջաւ փոսը
եւ կապանքների մէջ չթողեց նրան,
մինչեւ իսկ նրա ձեռքը թագաւորական գաւազան դրեց
եւ նրան իշխանութիւն տուեց իրեն նեղողների վրայ,
ցոյց տուեց, որ ստախօսներ էին իրեն բամբասողները,
եւ յաւիտենական փառք տուեց նրան։
ԵԼՔ
15 Իմաստութիւնը փրկեց սուրբ ժողովրդին եւ անարատ սերնդին՝
իրեն նեղող ազգի ձեռքից։
16 Իմաստութիւնը մտաւ Տիրոջ ծառայի հոգու մէջ
եւ հրաշագործութիւններով ու սքանչելիքներով դիմագրաւեց ահազդու թագաւորներին.
17 սրբերին հատուցեց իրենց վաստակի վարձը,
նրանց առաջնորդեց սքանչելի ճանապարհով,
ցերեկը նրանց հովանի եղաւ,
իսկ գիշերը՝ աստղալոյս։
18 Նրանց անցկացրեց Կարմիր ծովով
եւ տարաւ նրանց առատ ջրերի միջով։
19 Ընկղմեց նրանց թշնամիներին,
իսկ իրենց վերեւ հանեց անդնդի խորքերից։
20 Դրա համար էլ արդարները կողոպտեցին ամբարիշտներին
եւ օրհնեցին, Տէ՛ր, քո սուրբ անունը. քո ձեռքը, որ մարտնչում էր իրենց համար, օրհնեցին միահամուռ։
21 Իմաստութիւնը բացեց համրերի բերանը
եւ յստակախօս դարձրեց մանուկների լեզուն։