Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԱՍՏԾՈՒ ՄԵԾՈՒԹԻՒՆԸ18 Նա, որ կենդանի է յաւիտեան, ամէն ինչ ստեղծեց հաւաս…
ԱՍՏԾՈՒ ՄԵԾՈՒԹԻՒՆԸ
18 Նա, որ կենդանի է յաւիտեան, ամէն ինչ ստեղծեց հաւասարապէս, եւ միայն Տէրն է արդար համարւում։ Ոչ մէկին չի տրուած պատմել նրա գործերը։
2 Ո՞վ կը քննի նրա մեծագործութիւնները։
3 Ո՞վ կը չափի նրա հզօրութեան մեծութիւնը,
4 եւ ո՞վ կը համարձակուի պատմել նրա ողորմութեան մասին։
5 Հնարաւոր չէ ո՛չ նուազեցնել, ո՛չ աւելացնել եւ ո՛չ էլ հետազօտել Տիրոջ զարմանահրաշ գործերը։
6 Երբ մարդը համարի, թէ աւարտել է, կը զգայ, թէ նոր է սկսել, եւ երբ դադարի պատմեզուց, ապշահար կը մնայ։
ՄԱՐԴՈՒ ՈՉՆՉՈՒԹԻՒՆԸ
7 Ի՞նչ է մարդը, եւ ի՞նչ է նրա օգուտը։
8 Ո՞րն է նրա բարիքը, ո՞րն է նրա չարիքը։ Մարդու օրերի թիւը ինչքան էլ շատ լինի, հարիւր տարի է։ Ինչպէս ջրի կաթիլը ծովի համեմատութեամբ եւ խիճը՝ աւազի, այնպէս տարիներն են սակաւ յաւիտենական օրերի համեմատ։
9 Սրա համար է, որ Տէրը համբերատար է նրանց նկատմամբ եւ նրանց վրայ հեղում է իր ողորմութիւնը։
10 Նա տեսաւ եւ իմացաւ նրանց կործանումը, որ դաժան էր։
11 Սրա համար էլ բազմապատկեց իր ներողամտութիւնը։
12 Մարդու ողորմութիւնն իր մերձաւորի վրայ է, իսկ Տիրոջ ողորմութիւնը՝ բովանդակ մարմնաւորի։
13 Տէրը յանդիմանում, խրատում եւ ուսուցանում է եւ, իբրեւ հովիւ, նրան իր հօտն է վերադարձնում։
14 Ողորմում է նրանց, ովքեր ընդունում են խրատը եւ շտապում են լսել նրա վճիռները։
ՏԱԼՈՒ ԱԶՆԻՒ ՁԵՒԸ
15 Որդեա՛կ, քո բարիքին արատ մի՛ խառնիր եւ քո տուածներին՝ տրտմութեան խօսքեր։
16 Միթէ ցօղը չի՞ զովացնում տօթը. այդպէս էլ լաւ խօսքն աւելի լաւ է, քան նուէրը։ Շնորհալի մարդը երկուսն էլ ունի։
17 Յիմարն ապերախտութեամբ նախատում է,
18 եւ չարակամ մարդու նուէրը արցունք է բերում աչքերին։
ԻՄԱՍՏՈՒՆԻ ԽՈՀԵՄՈՒԹԻՒՆԸ
19 Խօսելուց առաջ մտածի՛ր եւ դեռ չհիւանդացած՝ հո՛գ տար քո մասին.
20 նախքան Տիրոջ դատաստանը քննի՛ր քո անձը եւ նրա այցելութեան ժամանակ ողորմութիւն կը գտնես։
21 Մեղանչելու ժամանակ ցո՛յց տուր, որ դարձի ես գալիս։
22 Մի՛ յապաղիր ժամանակին կատարել խոստումդ եւ մինչեւ մահ մի՛ յետաձգիր արդարացումդ։
23 Աղօթելուց առաջ նախապատրաստի՛ր քեզ եւ մի՛ եղիր այն մարդու նման, որ փորձում է Տիրոջը։
24 Յիշի՛ր վախճանի օրուայ ցասումը եւ վրէժխնդրութեան ժամանակը, երբ Տէրը քեզնից կը շրջի իր երեսը։
25 Լիութեան ժամանակ յիշի՛ր աղքատութեան ժամանակը եւ հարստութեան օրերին՝ աղքատութիւնն ու նեղութիւնը։
26 Առաւօտից մինչեւ երեկոյ փոփոխւում է ժամանակը, եւ Տիրոջ առջեւ ամէն ինչ յարափոփոխ է։
27 Իմաստուն մարդը ամէն ինչում զգոյշ կը լինի եւ մեղքի ժամանակ կը խուսափի բազում յանցանքներից։
28 Ամէն խելամիտ մարդ ճանաչում է իմաստութիւնը եւ գոհութիւն կը տայ նրան, ով գտել է այն։
29 Խելամիտ խօսքերով իրենք էլ են իմաստնանում եւ ճշմարիտ ու տեղին առակներ բերում։
30 Որդեա՛կ, անձնատուր մի՛ եղիր հեշտասիրութեանը
31 եւ թշնամիներից ոտնակոխ չես լինի։
32 Մի՛ ուրախացիր փափուկ կեանքով եւ մի՛ կապուիր դրա հետ։
33 Գրաւ դրած եւ պարտք վերցրած փողերով մի՛ աղքատացիր[**], քանզի հարբեցող մշակը նոյնպէս հարստութեան չի հասնի։