Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

2 Փեսան ասում է իր եւ Հարսի մասին. «Ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների շո…

2 Փեսան ասում է իր եւ Հարսի մասին.

«Ես դաշտերի ծաղիկ եմ,

հովիտների շուշան։

2 Ինչպէս շուշանն է փշերի մէջ,

այնպէս էլ իմ սիրելին է դուստրերի մէջ»։

Հարսն ասում է Փեսային.

3 «Ինչպէս խնձորենին է անտառի ծառերի մէջ,

այնպես էլ իմ սիրեցեալն է տղաների մէջ։

Ցանկացայ նստել նրա հովանու տակ եւ նստեցի.

եւ քաղցր է նրա պտուղն իմ կոկորդում»։

Հարսն ասում է օրիորդներին.

4 «Դուք ինձ խնջոյքի սենեա՛կը տարէք,

եւ թողէ՛ք մնամ ես իմ սիրոյ հետ։

5 Զօրացրէ՛ք ինձ իւղերով եւ խնձո՛ր դիզեցէք վրաս,

քանզի այրւում եմ խանդակաթ սիրով։

6 Թող նրա ձախը լինի գլխիս տակ, եւ աջը նրա թող գրկի ինձ»։

Հարսն ասում է օրիորդներին.

7 «Երդուեցէ՛ք, ո՜վ Երուսաղէմի դուստրեր,

հողի եւ հանդի զօրութեան վրայ,

որ երբ վեր կենաք,

դուք իմ սիրածին չէք արթնացնի, մինչեւ որ ինքը չկամենայ»։

Լսում է Փեսայի ձայնը եւ ասում.

ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳ

8 «Իմ սիրեցեալի ձայնն է.

ահա գալիս է նա,

վազքով անցնում է լեռների վրայով եւ ցատկոտում բլուրների վրայ։

9 Իմ սիրեցեալը նման է այծեամի կամ եղնիկի հորթերի,

որ լինում են Բեթէլի լեռներում»։

Հարսն օրիորդներին պատմում է, թէ ինչպիսին է Փեսան եւ ասում.

«Ահա նա կանգնած է մեր պատի յետեւում,

եւ ձգուելով դէպի պատուհանները՝

նայում է ճաղերից։

10 Ինձ պատասխան է տալիս իմ սիրեցեալը եւ ասում՝

«Վե՛ր կաց, իմ սիրելի, իմ գեղեցիկ, իմ աղաւնի։

11 Ահա ձմեռն անցաւ,

անձրեւները անցան-գնացին,

ծաղիկները երեւացին մեր երկրում,

12 էտելու ժամանակը հասաւ,

տատրակի ձայնը լսուեց մեր երկրում։

13 Թզենին իր բողբոջն արձակեց,

ծաղկած որթերը տարածեցին իրենց հոտը։

14 Վե՛ր կաց, իմ սիրելի, իմ գեղեցիկ, իմ աղաւնի։

Ո՛վ իմ աղաւնեակ,

դու, որ պատսպարուել ես վէմի հովանու տակ,

ցո՛յց տուր քո երեսն ինձ

եւ լսելի՛ դարձրու ինձ քո ձայնը,

քանզի քաղցր է քո ձայնը,

եւ գեղեցիկ է երեսը քո»։

Փեսան այսպէս է ասում օրիորդներին.

15 «Բռնեցէ՛ք փոքրիկ աղուէսներին,

որ ապականում են այգիները,

որպէսզի ծաղկեն մեր որթերը»։

Հարսն ասում է այսպէս.

16 «Իմ սիրեցեալն իմն է, իսկ ես՝ նրանը.

նա, որ հովուում է հօտը շուշանների մէջ,

17 քանի դեռ ցերեկը կը լուսաւորի,

եւ դեռ կը շարժուեն ստուերները։

Վերադարձի՛ր, ո՛վ իմ սիրեցեալ,

այծեամի պէս կամ եղնիկների հորթերի նման,

որ լինում են խնկաբեր լեռների վրայ»։