Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ30 Ով սիրում է իր որդուն, պէտք է յաճախակի …

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

30 Ով սիրում է իր որդուն, պէտք է յաճախակի պատժի նրան, որպէսզի վերջում ուրախ լինի։

2 Ով խրատում է իր որդուն, նրանից օգուտ կը տեսնի եւ ծանօթների մէջ նրանով կը պարծենայ։

3 Ով ուսուցանում է իր որդուն, թշնամու նախանձը կը շարժի եւ բարեկամների առջեւ նրանով կը պարծենայ։

4 Երբ նրա հայրը վախճանուի, կարծես թէ չի մեռել, որովհետեւ իրենից յետոյ թողնում է իր նմանին։

5 Հայրը նրան տեսաւ իր կեանքում եւ ուրախացաւ եւ իր վախճանի մասին չտրտմեց։

6 Թշնամիների առջեւ վրիժառու թողեց նրան եւ բարեկամների առջեւ՝ շնորհներ հատուցող։

7 Ով գուրգուրում է իր որդուն, նրա վէրքերը կը կապի, եւ նրա ամէն մի ճիչի հետ կը գալարուեն նրա աղիքները։

8 Անվարժ ձին կամակոր է լինում, եւ քմահաճ որդին՝ լկտի։

9 Գգուի՛ր որդուդ, եւ նա քեզ կը վախեցնի, խաղա՛ նրա հետ, եւ նա քեզ կը տրտմեցնի։

10 Մի՛ ծիծաղիր նրա հետ, որպէսզի ցաւ չպատճառի քեզ, եւ յետոյ ատամներդ չառնեն դառնութիւնից։

11 Մանկութեան ժամանակ իշխանութիւն մի՛ տուր նրան. քանի դեռ տղայ է, ջարդի՛ր նրա կողերը,

12 որպէսզի չլինի թէ երբեւէ յամառելով չհնազանդուի քեզ։

13 Խրատի՛ր քո որդուն եւ գործի՛ դիր նրան, որպէսզի խայտառակութեան մէջ չընկնես։

ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

14 Լաւ է առողջ եւ ուժեղ աղքատը, քան հաշմուած մարմնով հարուստը։

15 Լաւ է առողջութիւնն ու առոյգութիւնը, քան ամէն տեսակ ոսկին, եւ լաւ է կարող մարմինը, քան անսպառ հարստութիւնը։

16 Մարմնի առողջութիւնից աւելի մեծ հարստութիւն չկայ եւ մարմնի խնդութիւնից՝ աւելի մեծ ուրախութիւն։

17 Լաւ է մահը, քան դառն կեանքը կամ երկար ցաւը։

18 Փակ բերանին մօտեցուած քաղցրաւենիքը նոյնն է, ինչ գերեզմանին դրուած կերակուրը։

19 Ի՞նչ օգուտ զոհերը կուռքերին, քանի որ ո՛չ ուտում են եւ ո՛չ էլ հոտոտում։

20 Այնպէս էլ՝ ովքեր հալածուեն Տիրոջից, աչքով կը տեսնեն ու կը հառաչեն այն ներքինու նման,

21 որը գրկում է կոյսին եւ հոգոց հանում։

ՈՒՐԱԽՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

22 Անձնատուր մի՛ եղիր տխրութեանը եւ քեզ մի՛ նեղիր քո խորհուրդներով։

23 Մարդու կեանքը սրտի ուրախութիւնն է, եւ կեանքի երկարութիւնը՝ նրա ցնծութիւնը։

24 Սփոփի՛ր քո հոգին, մխիթարի՛ր քո սիրտը եւ քեզանից հեռո՛ւ վանիր տխրութիւնը,

25 քանզի շատերին սպանեց տխրութիւնը, եւ դրանից ոչ մի օգուտ չկայ։

26 Նախանձն ու բարկութիւնը կարճեցնում են կեանքի օրերը, եւ հոգսերը ծերացնում ժամանակից առաջ։

16[†††††††] Տիրոջ օրհնութիւնը հասնում է բերք հաւաքողների յետեւից ինչպէս ճռաքաղը.

17 եւ բերք հաւաքողի նման լցնում հնձանը։

18 Հասկացէ՛ք, միայն ինձ համար չէ, որ աշխատեցի, այլ՝ բոլորի համար, ովքեր խրատ են փնտռում։

19 Լսեցէ՛ք ինձ, ժողովրդի՛ իշխաններ, եւ ունկնդի՛ր եղէք, եկեղեցո՛ւ առաջնորդներ։

20 Որդուդ, կնոջդ, եղբօրդ եւ բարեկամիդ իրաւունք մի՛ տուր քո կեանքում եւ քո ունեցուածքը մի՛ տուր ուրիշի, որպէսզի զղջալով կարիքի մէջ չընկնես։

21 Քանի դեռ կենդանի ես, եւ շունչդ վրադ է, թող ոչ մէկը չփոխարինի քեզ,

22 քանզի աւելի լաւ է, որ որդիներդ քո կարիքն զգան, քան դու նայես նրանց ձեռքին։

23 Քո բոլոր գործերի մէջ գլխաւո՛ր եղիր։

24 Քո պատուի վրայ պարսաւանք մի՛ բեր։ Քո կեանքի աւարտի օրը եւ վախճանի ժամանակ միայն բաշխի՛ր եւ տո՛ւր ժառանգութիւնդ։

ԾԱՌԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

25 Կերը, գաւազանը եւ բեռը էշինն է. հացը, ծեծը եւ գործը՝ ծառայինը։

26 Գործը կատարի՛ր ծառայով[‡‡‡‡‡‡‡], եւ դու հանգիստ կ’ունենաս, անգո՛րծ թող նրա ձեռքերը, եւ նա ազատութիւն կը փնտռի։

27 Լուծը եւ շղթաները վիզն են խոնարհեցնում, իսկ լլկանքն ու տանջանքը՝ չարագործ ծառային։

28 Նրան գործի՛ դիր, որպէսզի պարապ չմնայ,

29 քանզի բազում չարիք է ծնում անգործութիւնը։

30 Նրան գործի՛ մէջ պահիր, ինչպէս վայել է նրան, եւ եթէ նա չհնազանդուի, ծանրացրո՛ւ կապանքները, բայց ամբողջ մարմինը աւելորդ մի՛ ծանրաբեռնիր եւ մի՛ գործիր անարդարութեամբ։

31 Եթէ դու ծառայ ունես, թող նա քեզ նման լինի, քանզի նրան ձեռք բերեցիր արեամբ։ Եթէ դու ծառայ ունես, նրա հետ եղբօր նման վարուիր, քանզի նրա կարիքը կը զգաս, ինչպէս քո անձի կարիքը։

32 Եթէ չարչարես նրան, նա խրտնելով կը փախչի.

33 էլ ո՞ր ճանապարհի վրայ նրան պիտի փնտռես։

[†††††††] 16-ը եւ շարունակութիւնը համապատասխանում են յունարէն բնագրի 33գլխի 17-ին եւ նրա շարունակութեանը։ Յունարէն 30,27-ը համապատասխանում է հայերէն 33, 13-ին, իսկ յունարէն 31, 1-ը՝ հայերէն 34, 1-ին։