Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԿՐԱԿԷ ՍԻՒՆԸ18 Բայց մեծ էր լոյսը քո սրբերի համար. իսկ նրանք, որ ձայներ…
ԿՐԱԿԷ ՍԻՒՆԸ
18 Բայց մեծ էր լոյսը քո սրբերի համար.
իսկ նրանք, որ ձայներ էին լսում,
սակայն կերպարանքները չէին տեսնում,
հէնց նրանք էլ երանի էին տալիս սրբերին,
որոնք այդպիսի չարչարանքներ չկրեցին։
2 Սրբերը իրենց կրած նախկին զրկանքների համար ոչ թէ անարգում,
այլ գոհութիւն էին մատուցում Աստծուն
եւ թողութիւն հայցում անցեալում տեղի ունեցածի համար։
3 Խաւարի փոխարէն քո ժողովրդին առաջնորդում էր բոցի սիւնը անծանօթ ճանապարհին,
որն անվնաս արեգակ էր նրանց համար՝ իրենց բազմախուռն գաղթի ժամանակ։
4 Իսկ անօրէններն արժանի էին լոյսից զրկուելու եւ խաւարի մէջ արգելափակուելու,
որովհետեւ արգելքի տակ էին պահում քո որդիներին,
որոնց միջոցով անեղծ օրէնքի կենաց լոյսը պիտի պարգեւուէր աշխարհին։
ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ ԳԻՇԵՐ ԵՒ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ԳԻՇԵՐ
5 Երբ նրանք խորհեցին կոտորել սրբերի երեխաներին,
ու թէեւ նրանցից մի ընկեցիկ մանուկ փրկեցին,
բայց դու, որպէս պատիժ, ոչնչացրիր նրանց բազմաթիւ որդիներին
եւ բոլորին էլ կործանեցիր յորդահոս ջրերում։
6 Այդ գիշերը նախագուշակ եղաւ մեր հայրերի համար,
որպէսզի նրանք հաստատ տեսնելով այն երդումը,
որին հաւատում էին, սրտանց հրճուէին։
7 Եւ քո ժողովուրդն ակնկալեց ինչպէս արդարների փրկութիւնը,
այնպէս էլ թշնամիների կորուստը։
8 Արդարեւ, ինչով որ պատժեցիր հակառակորդներին,
նոյն միջոցով էլ քեզ մօտ կանչելով՝ փառաւորեցիր մեզ։
9 Ազնիւների որդիները գաղտնօրէն զոհաբերութիւններ էին կատարում
եւ միաբան ուխտում սրբութեան օրէնքը,
որը պահանջում էր, որ սրբերը հաւասարապէս հաղորդակից լինէին
թէ՛ բարիքներին եւ թէ՛ զրկանքներին։
10 Ուստի այնտեղ, ո՛վ Հայր, քաղցր օրհնութիւններ էին երգում,
մինչդեռ հակառակ կողմից հնչում էր թշնամիների խառնաշփոթ բարբառը,
եւ բարձրանում էր սգացող մանուկների խղճալի ձայնը։
11 Նոյն ձեւով ծառաները տէրերի հետ տանջուեցին,
եւ ռամիկը թագաւորի հետ նոյն չարչարանքը կրեց։
12 Առհասարակ բոլորն էլ նոյն մահով մահացած անթիւ-անհամար մեռեալներ ունէին,
այնպէս որ կենդանի մնացածները նոյնիսկ բաւական չէին թաղելու մեռածներին,
որովհետեւ մի վայրկեանի մէջ կործանուել էր նրանց պատուական սերունդը։
13 Ու թէեւ կախարդութիւնների պատճառով ոչ մի բանի չէին հաւատում,
բայց տեսնելով իրենց անդրանիկ ծնունդների վախճանը,
խոստովանեցին, որ դա քո ժողովուրդն է։
14 Եւ մինչդեռ խաղաղ անդորրը պատել էր ամէն ինչ,
եւ գիշերն արագօրէն իր ընթացքը կիսել,
15 երկնային արքայական գահերից ամենազօր քո խօսքը
ահեղ ռազմիկի նման հասաւ՝ կործանելու այս երկիրը։
16 Քո անաչառ հրամանը պողպատէ սուսեր բերելով եւ միջամուխ լինելով՝
բոլորին մահ էր պատճառում.
այնտեղ երկինքն էր քերում, այստեղ՝ հասնում երկրին։
17 Այն ժամանակ յանկարծակի նրանց խռովեցին ծանր երազների ցնորքները,
անսպասելի զարհուրանքները պաշարեցին նրանց,
18 եւ մէկն այստեղ, միւսն էլ այլ տեղ կիսամահ ընկած՝
յայտնի էին դարձնում այն պատճառը, որից մեռնում էին։
19 Նրանց խռովեցնող այդ երազները նոյնն էին նախագուշակում,
որպէսզի նրանք չկործանուէին առանց իմանալու,
թէ ինչու էին չարաչար տանջւում։
ԱՀԱՐՈՆԻ ՄԻՋԱՄՏՈՒԹԻՒՆԸ ԱՆԱՊԱՏՈՒՄ
20 Թէեւ երբեմն-երբեմն արդարներն էլ մատնուեցին մահուան փորձութեան,
եւ շատերը մահ գտան անապատում,
բայց քո բարկութիւնը երկար չտեւեց,
21 որովհետեւ անարատ մի այր շտապեց իր պաշտամունքի զէնքով՝
աղօթքով եւ խնկով յղելով իր ուղերձը քաւութեան համար՝
կանգնելու քո բարկութեան դիմաց եւ վերջ դնելու հարուածներին,
դրանով իսկ ցոյց տալով, որ ինքը քո ծառան է։
22 Եւ նա յաղթեց խուռներամ բազմութեանը ոչ թէ մարմնի ուժով կամ զէնքի զօրութեամբ,
այլ սոսկ խօսքով հնազանդեցրեց պատժողին՝
յիշեցնելով հայրերի երդումն ու դաշինքը։
23 Միմեանց վրայ շեղջ-շեղջ կուտակուած դիակների մէջ կանգնած՝
նա դադարեցրեց բարկութիւնը
եւ ողջերի ու մեռածների միջով ճանապարհ բացեց։
24 Նրա ծոպաւոր պարեգօտի վրայ ողջ աշխարհն էր դրուագուած,
քառաշար թանկագին քարերի վրայ քանդակուած էր հայրերի փառքը,
իսկ նրա գլխի թագի վրայ՝ քո մեծութիւնը։
25 Դրանցից էլ խորշեց կործանիչը եւ հէնց դրանցից էլ զարհուրեց,
քանզի բաւական էր միայն քո բարկութեան այդ փորձը։