Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԵՐԵՄԻԱՆ ԹԱՔՑՆՈՒՄ Է ՎԿԱՅՈՒԹԵԱՆԽՈՐԱՆԸ ԵՒ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ2 Նախկին…
ԵՐԵՄԻԱՆ ԹԱՔՑՆՈՒՄ Է ՎԿԱՅՈՒԹԵԱՆ
ԽՈՐԱՆԸ ԵՒ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ
2 Նախկին մատեաններում գրուած է, թէ Երեմիա մարգարէն դրանից յետոյ հրամայել է վերցնել այդ կրակից, այնպէս, ինչպէս ցոյց է տրուած։ Մարգարէն նրանցից յետոյ եկած սերնդին պատուիրել 2 եւ օրէնք է դրել, որ, երբ տեսնեն քանդակուած կուռքեր, ոսկուց ու արծաթից կերտուած նկարներ ու դրանց շուրջը գտնուող զարդեր, չմոլորուեն իրենց խորհուրդների մէջ. 3 նա պատուէր տալով աղաչում էր, որ չմոռանան եւ իրենց սրտից չհանեն Տիրոջ Օրէնքը։ 4 Նրա մատեանում նաեւ այսպէս է գրուած եղել. իբր թէ մարգարէն, երկնային հրամանի համաձայն, հրամայել է վկայութեան խորանն ու կտակարանների տապանակը իրենց հետ ման ածել, հասցնել այն լեռը, որտեղ բարձրացել էր Մովսէսը Աստծու ժառանգութիւնը տեսնելու համար։ 5 Երբ Երեմիա մարգարէն եկաւ հասաւ այդ վայրը, այնտեղ գտաւ անտառապատ ամուր քարանձաւներ. վկայութեան խորանը, կտակարանների տապանակը, խնկերի սեղանը նա տարաւ դրեց ներս եւ փակեց մուտքը։ 6 Նրան ուղեկցող մարդիկ մօտեցան, որ գտնեն այդ վայրը, բայց այդ վայրը տանող ճանապարհն իսկ չգտան։ 7 Երբ Երեմիան իմացաւ դա, սկսեց յանդիմանել նրանց ու ասաց. «Մի՞թէ չգիտէիք, որ, ըստ հրամանի, անյայտ պիտի մնայ այդ վայրը, մինչեւ որ Տէրերի Տէրը բարեհաճ վերաբերմունք ցոյց տայ իր արարածների նկատմամբ, եւ Աստուած հրամայի ի մի հաւաքել իր ժողովրդին։ 8 Դրանից յետոյ միայն Տէրը ցոյց կը տայ այդ վայրը, Տիրոջ փառքը կ’երեւայ ամպի սիւնից, ինչպէս Մովսէսի ժամանակ։ Եւ ինչպէս Սողոմոնն էր աղաչել, Տիրոջ այդ վայրը կատարելապէս կը սրբագործուի»։ 9 Պատմում էին նաեւ այն մասին, թէ ինչպէս, իմաստութեամբ լցուած, Սողոմոնը մատուցել էր նաւակատիքի ու տաճարն աւարտելու զոհերը։ 10 Ինչպէս որ Մովսէսն աղօթել էր Աստծուն, կրակն իջել էր երկնքից, լափել փայտն ու պատարագների ողջակէզները, նոյն ձեւով էլ աղօթքի էր կանգնել Սողոմոնը, եւ կրակն իջնելով լափել էր զոհասեղանի վրայի ողջակէզները։ 11 Մովսէսը չէր հրամայել, որ մեղքերի համար մատուցուած զոհերի միսն ուտէին, ուստի կրակն իջնում ու լափում էր զոհերը։ 12 Նոյն ձեւով Սողոմոնն էր ամբողջ ութ օր տօն կատարել։
13 Նէեմիի օրօք գրուած հին մատեաններում՝ յիշատակարաններում, գրուած է նաեւ, թէ ինչպէս են հաւաքուել թագաւորների ու իշխանների, նաեւ Դաւթի մասին գրուած բոլոր գրքերը, ինչպէս նաեւ թագաւորների այն հրովարտակները, որ տարբեր պատճառներով տաճարին էին նուիրուել։ Այդ բոլորը հաւաքուել է մի տեղ։ 14 Նոյն ձեւով Յուդան է մի տեղ հաւաքել պատերազմի պատճառով կորած ու ցրուած գրքերը։ Դրանք հիմա մեզ մօտ են պահւում։ 15 Արդ, եթէ դրանց կարիքն ունէք, մա՛րդ ուղարկեցէք, որ դրանք բերեն ձեզ։ 16 Բարի գործ կատարած կը լինէք, եթէ միշտ պահէք տօն օրերը։ 17 Ամբողջ ժողովրդին փրկութիւն պարգեւած Աստուածն ինքը բոլորին վերադարձրել է իրենց ժառանգութիւնը, թագաւորութիւնը, քահանայութիւնն ու սրբութիւնները, 18 ինչպէս խոստացել էր Կտակարանների մէջ։ Յուսանք, որ Աստուած շուտով բոլորին կը հաւաքի սուրբ վայրում, 19 որովհետեւ նա է փրկել մեզ մեծամեծ փորձանքներից ու մաքրել սրբավայրը։
ՀԵՂԻՆԱԿԻ ՏԵՍԱԿԷՏԸ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
20 Ինչ վերաբերում է Յուդա Մակաբայեցու եւ նրա եղբայրների օրօք կատարուած դէպքերին, մեծ տաճարի սրբագործմանը, նաւակատիքի զոհասեղանի 21 կամ Անտիոքոս Երեւելու, ինչպէս նաեւ ազնուազարմ Հօր որդու դէմ մղուած ճակատամարտերին, յանուն օրէնքների քաջագործութիւն կատարած ու հաստատակամութիւն ցուցաբերած մարդկանց երկնքից երեւացած յայտնութեանը 22 կամ աշխարհին տիրանալ ցանկացող խուժդուժ ազգերին հալածելու համար մահուանն ընդառաջ գնացած սակաւաթիւ մարդկանց, 23 ամբողջ տիեզերքում հոյակապ, շքեղ տաճարը նորից կառուցելուն կամ մեծ քաղաքն ամէն փորձանքից ազատելուն կամ Տէր Աստծուն քաղցրութեամբ ու խաղաղութեամբ մեր նկատմամբ հաճելի դարձնելուն, - 24 ահա այս բոլորի մասին հանգամանօրէն եւ ժամանակին գրուած է Յասոն Կիւրենացու գրքի հինգ գլուխներում։ Այս ամէնը աշխատեցինք մի գրքում համառօտակի վերարտադրել։ 25 Մենք նկատեցինք, որ նրանք, ովքեր կ’ուզենան խորամուխ լինել այդ մատեաններում նկարագրուած դէպքերին, կարող են խճճուել թուերի շատութեան պատճառով, 26 մոլորուել շարադրուող նիւթերի մանրամասնութեան մէջ։ Մենք հոգ ենք տարել, որ իմաստուն ընթերցողների գործը հեշտանայ, նրանք յիշեն առանց չարչարուելու եւ առանց որեւէ բան եղծելու։ 27 Չկարծէք թէ հեշտ, քիչ քրտինք ու տքնութիւն պահանջող գործ ենք ձեռնարկել, եթէ յանձն ենք առել համառօտ բան գրելու աշխատանքը։ 28 Եթէ մէկը պատրաստւում է հիւրասիրել խնջոյքի հրաւիրուած իր ընկերներին, ապա նրանց ուրախացնելու համար պէտք է ճոխ սեղան բաց անի եւ ոչ թէ իր հանգստեան մասին մտածի։ Մենք շատերին հաճոյք պատճառելու համար ենք ջանք թափել։ 29 Ճշտելն ու ճշգրտելը մեր նախորդների գործն է եղել, մենք յանձն ենք առել միայն համառօտել, պարզ ու սեղմ դարձնել ընդարձակ խօսքը։ 30 Ինչպէս ապարանքի շինութեան ժամանակ շատերին է գործ յանձնարարւում, բայց գործի սկիզբն ու աւարտը բուն ճարտարապետի գործն է, իսկ ծեփելը, ներկելը, զարդարելն ու նկարելը արուեստագէտի գործն է, 31 նոյնը վերաբերում է մեզ. հարցուփորձ անելը, քննելը, ճշմարիտ խօսքին հետամուտ լինելը, գաղտնիքների մէջ թափանցելը մատենագրութեանը հետեւողների խնդիրն է, 32 իսկ համառօտ պատմութիւն ներկայացնելը, որ այժմ յանձն եմ առնում, կարող էք պահանջել ինձանից։
33 Արդ, այստեղ սկսենք պատմել այն, ինչ խոստացել էինք։ Անմտութիւն է գրքի նախաբանն ընդլայնել, իսկ բուն մատեանի բովանդակութիւնը ներկայացնել համառօտակի։