Հին Կտակարան
Նոր Կտակարան
Որթատունկի փայտի մասինԱՌԱԿ ՈՐԹԱՏՈՒՆԿԻ ՄԱՍԻՆ15 Տէրը խօսեց ինձ հետ ու ա…
Որթատունկի փայտի մասին
ԱՌԱԿ ՈՐԹԱՏՈՒՆԿԻ ՄԱՍԻՆ
15 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, ինչի՞ կը ծառայի որթատունկի փայտը այն բոլոր ծառերի ու ճիւղերի մէջ, որ կան անտառում։ 3 Միթէ նրանից մի փայտ կ’առնե՞ն՝ որեւէ գործիք սարքելու համար, կամ նրանից մի ցից կ’առնե՞ն՝ դրանից մի աման կախելու համար։ 4 Բայց քանի որ այն հրոյ ճարակ է դառնում, քանի որ տարէցտարի կրակը նրա արգատն սպառում է, եւ որթատունկն իսպառ վերանում է, - մի՞թէ այն որեւէ գործի համար պիտանի կը լինի։ 5 Թէկուզ եթէ որթատունկը ձեռք չտուած՝ ամբողջական լինի, դարձեալ ոչ մի բանի պիտանի չէ, ուր մնաց երբ իսպառ հրոյ ճարակ է դառնում. բոլորովին ոչ մի բանի պիտանի չէ։ 6 Ուստի ասա՛. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ինչպէս որ անտառի փայտերի միջից որթատունկի փայտը հրոյ ճարակ եմ դարձրել, այնպէս էլ Երուսաղէմի բնակիչներիդ հետ եմ վարուելու։ 7 Երեսս ուղղելու եմ նրանց դէմ։ Կրակից դուրս են գալու, բայց ուրիշ կրակի ճարակ են դառնալու։ Ու երբ երեսս ուղղեմ նրանց դէմ, պէտք է իմանան, որ ես եմ Տէրը։ 8 Եւ երկիրը կործանման եմ ենթարկելու այն բանի համար, որ յանցանքներ գործեցին”», - ասում է Ամենակալ Տէրը։
ԼՔԵԱԼ ԵՐՈՒՍԱՂԷՄԸ
16 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, իրազե՛կ դարձրու Երուսաղէմին իր անօրէնութիւնների մասին եւ ասա՛. 3 “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը Երուսաղէմին. քո արմատն ու ծնունդը քանանացիների երկրից են. հայրդ ամորհացի է, մայրդ՝ քետացի հիթիթ։ 4 Քո ծննդի ժամանակ, այն օրը, երբ ծնուեցիր, ոչ ոք պորտդ չկտրեց. քեզ սնուցող ստինքը չամրացրին. ջրով չլուացուեցիր՝ փրկուելու[†††††] համար, ոչ էլ աղով աղուեցիր. խանձարուրների մէջ չփաթաթուեցիր։ 5 Աչքս էլ քեզ չխնայեց. քեզ չզգուշացրի այն ամենից, որ կարող են քեզ պատահել։ Դաշտում շպրտուած էիր քո խոտորնակ մտքերի համար։ Այն օրը, երբ դու ծնուեցիր, 6 մօտովդ անցայ ու քեզ արեան մէջ թաթախուած տեսայ։ Ասացի քեզ՝ ‘ Կենդանացի՛ր արեանդ միջից. կեանքդ արիւնից է։ 7 Աճի՛ր, քանի որ դաշտի բոյսի պէս աճեցրի քեզ”։ Աճեցիր եւ ուռճացար, եկար մտար քաղաքների այս քաղաքը։ Ստինքներդ կազմաւորուեցին, մազերդ փարթամացան, բայց դու խայտառակ կերպով մերկ էիր։ 8 Եւ եկայ հասայ քեզ ու տեսայ, որ ժամանակդ[‡‡‡‡‡] եկել է, ինչպէս նաեւ քեզ գաղթեցնողների ժամանակը։ Թեւերս տարածեցի վրադ ու ծածկեցի խայտառակ մերկութիւնդ։ Երդում արեցի եւ ուխտ կապեցի հետդ, - ասում է Ամենակալ Տէրը, - եւ դու իմը եղար։ 9 Լուացի քեզ ջրով, մաքրեցի քեզ արիւնից ու օծեցի քեզ իւղով։ 10 Պէսպէս հագուստներ հագցրի քեզ. երկնագոյնով զգեստաւորեցի, մէջքիդ բեհեզ գօտի կապեցի, վրադ սնդուս գցեցի։ 11 Զարդեղէնով զարդարեցի քեզ. ձեռքիդ ապարանջաններ դրեցի, պարանոցիդ՝ քառամանեակ։ 12 Քթիդ գինդեր ու ականջներիդ օղեր դրեցի, գլխիդ՝ փառապսակ։ 13 Եւ դու զարդարուեցիր ոսկէ ու արծաթէ զարդերով։ Հագուստդ բեհեզ էր, ընտիր կերպաս՝ ասեղնագործուած։ Նաշիհ[§§§§§] կերար, իւղ ու մեղր, չափազանց գեղեցիկ եղար, փայփայուեցիր արքայական գուրգուրանքով։ 14 Քո գեղեցկութեան համբաւը տարածուեց բոլոր ազգերի մէջ, որովհետեւ այն գեղեցկութիւնը, որով ստեղծել էի քեզ, կատարելապէս վայելուչ էր”, - ասում է Ամենակալ Տէրը։
ՊՈՌՆԿԱՑԱԾ ԵՐՈՒՍԱՂԷՄԸ
15 “Եւ դու քո գեղեցկութեամբ պանծալի եղար, շնացար քո հոմանիների հետ ու պոռնկութիւնդ տարածեցիր բոլոր անցորդների վրայ, որոնց հետ առաջ այդպիսի բաներ չէին պատահել։ 16 Առար քո հագուստներից եւ դրանցից քեզ համար շինծու կուռքեր պատրաստեցիր։ Պոռնկացար դրանց հետ, բայց այնտեղ չե՛ս մտնելու, որովհետեւ առաջ դրանք չկային ու այլեւս չեն լինելու։ 17 Արծաթից ու ոսկուց զարդեղէնը, որ քեզ էի տուել, առար ու դրանից տղամարդու արձաններ պատրաստեցիր, պոռնկացար դրանց հետ։ 18 Քո գեղեցիկ հագուստն առար ու նրանց վրայ գցեցիր, իմ իւղն ու խունկն էլ նրանց առաջ դրեցիր։ 19 Հացն էլ, որ տուել էի քեզ, նաշիհը, իւղն ու մեղրը, որոնցով սնել էի քեզ, - որպէս անուշահոտութիւն նրանց առաջ դրեցիր։ 20 Եւ դրանից յետոյ, - ասում է Ամենակալ Տէրը, - վերցրիր տղաներիդ ու դուստրերիդ, որոնց դու ինձ համար էիր ծնել, սպանեցիր ու զոհ մատուցեցիր։ 21 Իբր թէ քիչ համարեցիր քո պոռնկանալը, զաւակներիս էլ նրանց քաւութեան զոհ դարձրիր, ընծայաբերեցիր։ 22 Իսկ դա աւելի սաստիկ մի բան եղաւ, քան քո բոլոր պոռնկութիւններն ու պղծութիւնները։ Ու չյիշեցիր քո մանկութեան օրերը, երբ մերկ էիր ու խայտառակ, արեանդ մէջ թաթախուած. այդ վիճակից էիր կենդանացել։
23 Եւ այդ բոլոր չարիքները եկան քո գլխին. վա՜յ, վա՜յ քեզ, - ասում է Ամենակալ Տէրը։ - 24 Քեզ համար պոռնկութեան տուն շինեցիր, բագիններ կանգնեցրիր բոլոր հրապարակներում, 25 բոլոր ճանապարհների գլխին բարձրացրիր քո պոռնկատները, ապականեցիր դէմքիդ գեղեցկութիւնը, երանքդ բաց արիր ճանապարհի ամէն անցորդի առաջ ու սաստկացրիր պոռնկութիւնդ։ 26 Պոռնկացար նաեւ քեզ սահմանակից Եգիպտոսի մեծ առնանդամ ունեցող զաւակների հետ, պոռնկացար բազմապատիկ, որպէսզի ինձ զայրացնես։ 27 Արդ, ես ձեռքս իջեցնելու եմ քեզ վրայ եւ քո սննդի վրայ, քեզ մատնելու եմ քեզ ատելի այլազգիների դուստրերի ձեռքը, որոնք շեղում էին քեզ քո ճանապարհից։ 28 Ամբարշտութիւն արեցիր ու պոռնկացար նաեւ Ասորեստանի զաւակների հետ, սակայն չյագեցար։ Խրուեցիր պոռնկութեանդ մէջ, բայց եւ այնպէս չյագեցար։ 29 Շատացրիր դաշինքներդ՝ պոռնկանալով նաեւ քանանացիների ու քաղդէացիների երկրների հետ, սակայն եւ այնպէս դարձեալ չյագեցար։ 30 Ինչպէ՞ս վարուեմ քո դուստրերի հետ, - ասում է Ամենակալ Տէրը, - այնքան բաներից յետոյ, որ արեցիր պոռնիկ կնոջ պէս. բազմիցս պոռնկացար անգամ դուստրերիդ հետ։ 31 Պոռնկատներ կառուցեցիր բոլոր ճանապարհների գլուխներին եւ կոթողներ էիր կանգնեցնում բոլոր հրապարակներում։ Դու մի պարզ պոռնիկ կին չեղար, որ վարձ է հաւաքում, 32 որովհետեւ ամէն պոռնիկ կին չէ, որ քեզ նման շնանում է իր ամուսնու հետ, ամուսնուց դրամ առնում ու վարձ տալիս իր հոմանիներին։ 33 Բոլոր պոռնիկները վարձ են առնում իրենց համար, մինչդեռ դու ինքդ էիր վարձ տալիս տարփածուներիդ եւ նուէրներով հրապուրում էիր նրանց, որ գային քեզ մօտ բոլոր կողմերից՝ քեզ հետ շնանալու։ 34 Եւ քեզ հետ, բոլոր պոռնկացող կանանց համեմատութեամբ, հակառակը տեղի ունեցաւ, ու ոչ ոք քեզ չհետեւեց, քանի որ նրանք իրենք էին տղամարդկանցից վարձ առնում, մինչդեռ դու ինքդ էիր տարփածուներիդ վարձ տալիս։ Ու քեզ հետ հակառակը տեղի ունեցաւ”։
ԱՍՏԾՈՒ ԴԱՏԱՍՏԱՆԸ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԱՍԻՆ
35 “Ուստի, պոռնի՛կ, լսի՛ր, Տիրոջ պատգամները։ 36Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այն բանի համար, որ այլասերութեամբ թափեցիր քո դրամները, ու հոմանիներիդ առաջ բացայայտուեցին պոռնկութեանդ ամօթանքը, բոլոր պիղծ մտադրութիւններդ, ինչպէս նաեւ զաւակներիդ արեան համար, որ հոմանիներիդ էիր տալիս նրանց, - 37ահա սրանց համար ես քո դէմ եմ հաւաքելու բոլոր հոմանիներիդ, որոնց հետ խառնակուել ես, քո դէմ եմ հանելու քո բոլոր սիրելիներին ու ատելիներին, հաւաքելու եմ նրանց եւ շրջապատել եմ տալու քեզ, յայտնելու եմ նրանց առաջ քո բոլոր չարագործութիւնները, ու նրանք տեսնելու են քո բոլոր խայտառակութիւնները։ 38 Քեզնից վրէժ եմ լուծելու իբրեւ շնացողի ու արիւն թափողի. քո առաջ եմ դնելու քո թափած արիւնը, քո առաջ եմ դնելու զայրոյթի ու նախանձի արիւնը։ 39 Քեզ նրանց ձեռքն եմ մատնելու, եւ նրանք կործանելու են քո պոռնկատները, քանդելու են քո կոթողները, մերկացնելու են քեզ քո զգեստներից, առնելու են քո փառապսակը եւ թողնելու են քեզ մերկ ու խայտառակուած։ 40 Եւ ամբոխին քո դէմ են հանելու, քարերով քարկոծելու են քեզ ու քեզ կտոր-կտոր են անելու իրենց սրերով։ 41 Հրով են այրելու տներդ, դատաստանդ են տեսնելու կանանց բազմութեան առաջ։ Վերջ եմ տալու քո պոռնկութեանը, եւ դու այլեւս վարձ չես տալու տարփածուներիդ։ 42 Բարկութիւնս թափելու եմ քեզ վրայ, ու այդպիսով քո հանդէպ վրէժխնդրութիւնս վերջ է գտնելու. հանգստանալու եմ եւ այլեւս հոգ չեմ անելու։ 43 Այն բանի համար, որ չյիշեցիր մանկութեանդ օրերը, այդ ամենի համար տրտմեցնում էիր ինձ, - ես էլ ահա քո բռնած ճանապարհի համար գլխիդ բերի այս բաները, - ասում է Ամենակալ Տէրը։ - Այսպէս է որ ամբարշտութիւն եւ անօրէնութիւններ գործեցիր”։
ԵՐՈՒՍԱՂԷՄՆ ԱՒԵԼԻ ՎԱՏ Է, ՔԱՆ ՄԻՒՍ ՔԱՂԱՔՆԵՐԸ
44 Այս բոլորի համար է որ քո մասին առակներ են փսփսում ու ասում, թէ՝ ‘ Ինչպիսին որ մայրն է, այնպիսին էլ աղջիկն է”։ 45 Արդ, դու այն աղջկայ մայրն ես, որ վռնդեց ամուսնուն ու զաւակներին, եւ քոյրն ես քո այն քոյրերի, որոնք վռնդեցին ամուսիններին ու զաւակներին։ Ձեր մայրը քետացի[******] էր, եւ ձեր հայրը՝ ամորհացի։ 46 Ձեր աւագ քոյրը Շամրինն[††††††] է, որ իր դուստրերի հետ բնակւում է քո ձախ կողմում, իսկ կրտսեր քոյրը՝ Սոդոմը, որ իր դուստրերի հետ բնակւում է քո աջ կողմում։ 47 Սակայն դու նրանց ճանապարհով չընթացար, ոչ էլ նրանց անօրէնութիւններին հետեւեցիր, այլ դու քո ընթացքի մէջ փոքր-ինչ աւելի առաջ գնացիր։ 48 Վկայ եմ, - ասում է Ամենակալ Տէրը, - որ քո քոյրը՝ Սոդոմը, եւ նրա դուստրերը հազիւ թէ աւելին արեցին, քան դու եւ քո դուստրերը։ 49 Քո քրոջ՝ Սոդոմի անօրէնութիւնն այս էր՝ ամբարտաւանութիւն, հացով լիացածութիւն, գինու մէջ յղփացածութիւն։ Մեղկ կեանք էին վարում ինքն էլ, դուստրերն էլ։ Դրա մէջ էին խրուած ինքն էլ, դուստրերն էլ։ Ձեռք չէին մեկնում աղքատին ու տնանկին, 50 մեծամտանում էին ու իմ առաջ անօրէնութիւններ անում։ Ու երբ դա տեսայ՝ մէջտեղից վերացրի նրանց։ 51 Շամրինն անգամ քո մեղքերի կէսը չգործեց։ Իսկ դու բազմապատկեցիր քո անօրէնութիւնները աւելի, քան նրանք, նաեւ արդարացրիր քո քոյրերին այն անօրէնութեան մէջ, որ ինքդ էլ էիր գործել։ 52 Արդ, կրի՛ր տանջանքներն այն բանի համար, որ փչացրիր քոյրերիդ, որ անօրէնութիւններ գործեցիր աւելի շատ, քան նրանք, որ աւելի արդարացրիր նրանց, քան քեզ։ Արդ, ամաչի՛ր եւ կրի՛ր քո անարգանքն այն բանի համար, որ քո քոյրերին աւելի արդարացրիր, քան քեզ”։
ՍՈԴՈՄՆ ՈՒ ՍԱՄԱՐԻԱՆ ԿԸ ՎԵՐԱԿԱՆԳՈՒԵՆ
53 Գերութիւնից յետ եմ դարձնելու նրանց՝ քո քոյր Սոդոմին ու նրա դուստրերին, յետ եմ դարձնելու քո քոյր Շամրինին ու նրա դուստրերին. նրանց հետ քեզ էլ եմ յետ դարձնելու, 54 որպէսզի կրես քո տանջանքները եւ անարգուես այն ամենի համար, ինչ կատարել ես, որ ինձ բարկացնես։ 55 Քո քոյրը՝ Սոդոմն ու նրա դուստրերը վերստին հաստատուելու են այն վիճակի մէջ, որ էին ի սկզբանէ. Շամրինն ու նրա դուստրերն էլ վերստին հաստատուելու են այն վիճակի մէջ, որ էին ի սկզբանէ. դու եւ քո դուստրերն էլ հաստատուելու էք նոյն վիճակի մէջ, որ էիք ի սկզբանէ։ 56 Եւ քանի որ քո քոյր Սոդոմը չէր յիշւում քո բերանում՝ քո հպարտութեան օրերին, 57 քանի դեռ չէին բացայայտուել չարագործութիւններդ, ինչպէս որ հիմա ես նախատւում Ասորիքի ու նրա շուրջ գտնուող բոլոր այլազգիների դուստրերի առաջ, - 58 ուրեմն քաղի՛ր քո ամբարշտութիւնների ու անօրէնութիւնների պտուղները”», - ասում է Տէրը։
ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ ՈՒԽՏ
59 «Ամենակալ Տէրն այսպէս է ասում. “Քեզ հետ վարուելու եմ այնպէս, ինչպէս դու ես վարուել, ինչպէս որ անարգել ես ամէն բան ու զանց առել իմ ուխտը։ 60 Բայց ես յիշելու եմ ուխտս, որ երիտասարդութեանդ օրերին կապել էի քեզ հետ, յաւիտեան հաստատ եմ պահելու այդ ուխտը։ 61 Յիշելու եմ նաեւ քո ընթացած ճանապարհը, եւ դու ամօթահար ես լինելու, երբ միտքդ բերես քոյրերիդ՝ աւագներին ու կրտսերներին։ Նրանց տալու եմ քեզ փորձութեան համար եւ ոչ թէ որպէս դաշնակից։ 62 Հաստատ եմ պահելու քեզ հետ իմ ուխտը, եւ պէտք է իմանաս, որ ես եմ Տէրը։ 63 Որպէսզի յիշես ու ամաչես ու քո կրած անարգանքների պատճառով այլեւս չհամարձակուես բերանդ բաց անել, քաւութիւն պիտի տամ այն բոլոր չարագործութիւններիդ, որ կատարել ես”», - ասում է Ամենակալ Տէրը։
Առակ արծիւների մասին
ԱՐԾԻՒԸ ԵՒ ՈՐԹԱՏՈՒՆԿԸ
17 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2 «Մարդո՛ւ որդի, մի պատմութի՛ւն պատմիր, մի առա՛կ բեր Իսրայէլի այդ տան մասին եւ ասա՛. 3 “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը.
Մի արծիւ կար, մեծ, լայնատարած թեւերով,
մագիլներով լեցուն։
Մտածեց Լիբանան մտնել,
ընտիր-ընտիր մայրիներից մատաղ տունկեր վերցրեց
4 ու քանանացիների երկիրը տարաւ,
դրանք տնկեց պարսպապատ քաղաքում։
5 Վերցրեց նաեւ երկրի սերմից, մանր-մանր ցանեց դաշտի երեսին,
կարգադրեց, որ առատօրէն ջրեն այդ դաշտը։
6 Բուսաւ ու եղաւ վտիտ,
տեսքով փոքր որթատունկ.
վրան ոստեր երեւացին։
Նրա արմատները տակն էին։
Որթատունկը մեծացաւ,
ողկոյզներ տուեց,
իր շիւերն արձակեց։
7 Ապա երեւաց մի ուրիշ մեծ արծիւ՝ մեծաթեւ ու բազմամագիլ։
Եւ ահա այս որթատունկը սրան փաթաթուեց,
արմատները սրա կողմը ձգուեցին,
ճիւղերն էլ՝ սրա տակ։
Ուղարկեց, որ այդ ամբողջ տունկը ջրեն։
8 Գեղեցիկ դաշտում առատ ջրով պիտի ուռճացուէր՝
ոստեր արձակելու, պտղաբերելու եւ մեծ որթատունկ դառնալու համար”։
9 Այս մասին ասա՛. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը.
Արդեօք որթատունկն ուռճանալո՞ւ է։
Չէ՞ որ նրա նուրբ արմատներն ու պտուղները նեխելու են,
ու նրա ոստերը՝ չորանալու։
Ո՛չ մեծ բազուկ է պէտք գալու
եւ ո՛չ էլ շատ մարդ՝
ձեռք գցելու եւ այն արմատախիլ անելու համար։
10 Արդ, որթատունկն ուռճանալո՞ւ է։
Չի՛ փարթամանալու։
Չէ՞ որ խորշակը երբ մօտենայ,
չորանալու է ամբողջ բոյսը՝ իր ոստերով”»։
ԱՌԱԿԻ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԸ
11 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 12 «Մարդո՛ւ որդի, ասա Իսրայէլի այդ տանը՝ դառնացնողների տանը. չգիտէ՞ք, թէ այդ ի՛նչ բան էր, որ ձեզ ասացի։ Երբ բաբելացիների թագաւորը Երուսաղէմ գայ, սրա թագաւորին ու իշխաններին պիտի վերցնի ու տանի նրանց իր մօտ՝ Բաբելոն։ 13 Թագաւորի զաւակներից մէկին պիտի առնի, ուխտ պիտի դնի նրա հետ եւ նրան հաւատարմութեան երդում անել պիտի տայ։ Երկրի իշխաններին էլ պիտի վերացնի, որպէսզի թագաւորութիւնը տկարանայ, 14 բոլորովին ոտքի չկանգնի, նրա ուխտը պահի ու հաւատարիմ մնայ դրան։ 15 Պիտի ապստամբի նրա դէմ՝ սուրհանդակներ ուղարկելով Եգիպտոս, որպէսզի իրեն ձիեր ու բազում զօրք տան։ Բայց յաջողութիւն ունենալո՞ւ է։ Փրկուելո՞ւ է նա, ով այսպիսի հակառակ բաներ է անում, դրժում է ուխտը։ Փրկուելո՞ւ է։ 16 Վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - որ ճիշտ այն տեղում, ուր թագաւորը նրան թագաւոր դարձրեց, ուր անարգեց ինձ տուած հաւատարմութեան երդումը եւ դրժեց նրա հետ իմ կնքած ուխտը՝ հէնց Բաբելոնում մեռնելու է։ 17 Ոչ էլ Փարաւոնն իր մեծ զօրութեամբ, բազում գնդերով պատերազմելու է նրա դէմ։ Բաբելոնի թագաւորը պատնէշներ ու մարտկոցներ է սարքելու, որպէսզի ոչնչացնի շատերին այն բանի համար, 18 որ անարգեց երդումը, դրժեց ուխտը։ Եւ ահա մատնել եմ նրա՝ Բաբելոնի թագաւորի ձեռքը, այս բոլորը բերել եմ նրա գլխին։ Մի՞թէ փրկուելու է։
19 Այս մասին ասա՛. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը.
Վկայ եմ ես, -ասում է Ամենակալ Տէրը, -
ըստ իմ ուխտի, որ դրժել է,
եւ ըստ իմ երդման, որ անարգել է,
հատուցել եմ տալու նրան։
20 Նետելու եմ նրա վրայ ուռկանս,
եւ նա բռնուելու պաշարուելու է իմ կողմից։
Բերելու եմ նրան Բաբելոն, այնտեղ էլ դատաստան եմ տեսնելու հետը այն անիրաւութիւնների համար, որ գործել է իմ նկատմամբ։ 21 Նաեւ բոլոր խուսափածները նրա բոլոր պատերազմներում սրով են ընկնելու, իսկ բոլոր մնացորդներին չորս հողմերին եմ ցրելու։ Եւ պէտք է իմանաք, որ ես՝ Տէրս եմ ասել”»։
ՏԻՐՈՋ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
22 «Այս մասին այսպէս է ասում Ամենակալ Տէրը.
“ Բարձրաւանդակի ընտիր-ընտիր մայրիներից մէկն առնելու եմ,
դրա կատարի ճիւղերից վերցնելու եւ խորն եմ տնկելու բարձր լերան վրայ
23 եւ այն կախելու եմ Իսրայէլի բարձր, երեւացող լեռից։
Տնկելու եմ, եւ ոստեր է արձակելու այն,
պտուղ է տալու,
դառնալու է մի մեծ մայրի։
Նրա տակ հանգստանալու,
նրա հովանու տակ օթեւանելու են բոլոր գազաններն ու թռչունները։
Նրա ճիւղերը հաստատ են մնալու նրա վրայ։
24 Եւ դաշտի բոլոր ծառերը պէտք է իմանան,
որ ես՝ Տէրս եմ որ խոնարհեցնում եմ բարձրացած ծառը
կամ բարձրացնում խոնարհուած ծառը,
չորացնում եմ դալար ծառը
կամ դալարեցնում չորացած ծառը։
Ես՝ Տէրս եմ ասել սա, եւ անելու եմ”»։