Հին Կտակարան
Նոր Կտակարան
23 Տէ՛ր, Հա՛յր եւ Իշխա՛ն իմ կեանքի, մի՛ թող ինձ դրանց խորհուրդների մէ…
23 Տէ՛ր, Հա՛յր եւ Իշխա՛ն իմ կեանքի, մի՛ թող ինձ դրանց խորհուրդների մէջ[††††]։
2 Ո՞վ կապանք կը դնէր իմ մտքերի վրայ եւ իմաստութեան խրատ իմ սրտի վրայ,
3 որպէսզի դրանք չխնայեն իմ տգիտութեանը եւ թոյլ չտան, որ մեղք գործեմ, որպէսզի չծանրանան իմ զանցանքները, եւ չմեծանան իմ մեղքերը, որպէսզի չընկնեմ հակառակորդների առջեւ, եւ իմ թշնամին ինձ ոտնատակ չանի[‡‡‡‡]։
4 Տէ՛ր, Հա՛յր եւ իմ կեանքի՛ Աստուած,
5 մի՛ տուր[§§§§] ինձ աչքերի ունայն խաղ եւ հեռացրո՛ւ ինձնից սրտի ցանկութիւնը։
6 Թող ինձ չհասնեն որովայնի ցանկութիւնն ու անառակութիւնը, եւ մի՛ մատնիր ինձ անամօթ մարդու ձեռքը։
ԽՐԱՏՆԵՐ ԼԵԶՈՒՆ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
7 Որդինե՛ր, լսեցէ՛ք բերանի մասին այս խրատը. ով որ պահի այն, չի որսուի։
8 Մեղաւորն իր շուրթերով է որսւում, եւ հայհոյիչն ու ամբարտաւանը դրանցով է սայթաքում։
9 Մի՛ ընտելացրու քո բերանը երդումի։
10 Մի՛ վարժուիր Սրբի անունով երդուել։
11 Ինչպէս այն ծառան, որ յաճախ պատժի է ենթարկւում, անպակաս չէ վէրքերից, այնպէս էլ ով երդւում եւ մշտապէս Սրբի անունն է տալիս, չի մաքրւում մեղքերից։
12 Շատ երդուող մարդը անօրէնութեամբ է լցւում, եւ հարուածներն անպակաս կը լինեն նրա տնից։
13 Եթէ յանցանք գործի, իր մեղքն իր վրայ է, եւ եթէ շփոթուի, կրկնակի մեղք է գործում։
14 Եթէ ի զուր երդուեց, չի արդարանայ, որովհետեւ նրա տունը տանջանքով է լցուելու։
ԱՆՊԱՏԵՀ ԽՕՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
15 Խօսք կայ, որ հաւասար է մահուան. թող այն չգտնուի Յակոբի տոհմի ժառանգութեան մէջ։
16 Թող այս ամէնը բարեպաշտներից հեռու մնայ, եւ նրանք մեղքի մէջ չեն թաւալուի։
17 Մի՛ ընտելացրու քո շուրթերը տգիտութեան, քանզի դրա մէջ մեղաւոր խօսքեր կան։
18 Երբ մեծամեծների մէջ նստես, յիշի՛ր քո հօրն ու մօրը,
19 որպէսզի քեզ չկորցնես նրանց առջեւ եւ, ըստ քո սովորութեան, յիմարութիւն չանես ու չասես, թէ՝ «Լաւ էր չծնուէի», եւ քո ծննդեան օրն անիծես։
20 Այն մարդը, որ վարժուած է նախատինքի, իր բոլոր օրերում չի խրատուի։
ԱՆՊԱՐԿԵՇՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
21 Երկու բան կայ, որ շատացնում է մեղքերը, մի երրորդ բան էլ՝ որ բարկութիւն է առաջ բերում։
22 Ցասկոտ հոգին բորբոքուած կրակի նման է՝ չի մարի մինչեւ չսպառուի։
23 Բոզաբարոյ մարդը չի դադարի իր մարմնի անդամների հետ անառակութիւն անել, մինչեւ որ կրակը վառի նրան։
24 Պոռնիկ մարդուն ամէն տեսակ հաց քաղցր է, նա չի դադարի, մինչեւ որ մեռնի։
25 Մարդը, որ մեղք է գործում իր մահճի դէմ, իր սրտում ասում է. «Ո՞վ կը տեսնի ինձ։
26 Իմ շուրջը խաւար է, պատերը ծածկում են ինձ, ոչ ոք չի տեսնում ինձ. ինչո՞ւ կասկածեմ, չէ՞ որ Բարձրեալը չի տեսնում իմ մեղքը»։
27 Նրա երկիւղը մարդկանց աչքն է։
28 Նա չգիտի, որ Տիրոջ աչքը բիւր անգամ լուսատու է արեգակից, տեսնում է մարդկանց բոլոր ճանապարհները եւ նկատում նրանց բոլոր գաղտնի տեղերը։
29 Մինչեւ նրանց ստեղծուելը ամենայն ինչ ծանօթ էր նրան, այդպէս էլ կը լինի նրանց վախճանուելուց[*****] յետոյ։
30 Այդպիսին կը պատժուի քաղաքի հրապարակներում եւ կը բռնուի այնտեղ, ուր չէր ենթադրի։
ԱՆԲԱՐՈՅ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ
32 Այդպէս կը պատժուի նաեւ այն կինը, որ թողել է իր ամուսնուն եւ օտարից ժառանգ է բերել։
33 Նախ՝ որովհետեւ Բարձրեալի օրէնքին չհնազանդուեց, երկրորդ՝ յանցանք գործեց իր ամուսնու դէմ, եւ երրորդ՝ շնացաւ պոռնկութեամբ եւ օտար մարդուց որդի բերեց։
34 Նա ժողովրդից պիտի վտարուի, եւ նրա որդիներին պիտի հոգ չտանեն։
35 Նրա որդիները արմատներ պիտի չարձակեն, եւ նրա ոստերը պտուղ չպիտի տան։
36 Նա անէծք է թողնելու իր յիշատակին, եւ նրա նախատինքը չի ջնջուելու։
37 Աւելի լաւ բան չկայ, քան երկիւղը Տիրոջից, եւ չկայ աւելի քաղցր բան, քան անսալ Տիրոջ պատուիրաններին։