Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՍԻՄՈՆԸ ԶՐՊԱՐՏՈՒՄ Է ՕՆԻԱՅԻՆ4 Դարձեալ Սիմոնի մասին, որը մատնել էր գանձի…
ՍԻՄՈՆԸ ԶՐՊԱՐՏՈՒՄ Է ՕՆԻԱՅԻՆ
4 Դարձեալ Սիմոնի մասին, որը մատնել էր գանձի տեղը եւ դաւաճանել իր երկրին։ Նա սկսեց աւելի յաճախ ամբաստանել Օնիային, որ նա ինքն է անձամբ դրդել Հելիոդորոսին այդ քայլին ու ինքն էլ լլկել է նրան, եւ որ նա է բոլոր չարիքների պարագլուխն ու կատարողը։ 2 Քաղաքի այդ բարերարին ու վերակացուին, ազգի երախտաւորին, օրէնքների նախանձախնդիր այդ մարդուն նա ներկայացրեց իբրեւ արքունի գործերի վնասարար։ 3 Նա կարողացաւ թշնամական այնպիսի զգացումներ հրահրել, որ Սիմոնի նշանակած մարդկանցից մի քանիսն ուզում էին մահուան դատապարտել այդ մարդուն։ 4 Օնիան տեսաւ, որ հակառակութիւնը դառնում է անհանդուրժելի, իսկ Ասորիքի ու Տաճկաստանի սպարապետ Ապոլոնիոսը ընկերացել եւ աջակցում է Սիմոնի չար գործերին, որ նրանք գրգռում են նաեւ թագաւորին։ 5 Նա գտաւ, որ այլեւս անհնար է առանց թագաւորի հրամանի հասարակութեանը օգուտ տալ, 6 մանաւանդ որ անհանգիստ Սիմոնին տեսնում էր, որ անընդհատ խարդախութիւններ է նիւթում։
ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՅԱՍՈՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է ՅՈՒՆԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ
7 Երբ Սելեւկիոսը մեռաւ, եւ գահ բարձրացաւ Անտիոքոսը, որ կոչւում էր Երեւելի, Յասոն անունով մէկը, որ Օնիայի եղբայրն էր, անամօթաբար աշխատեց քահանայապետութիւնը խլել Օնիայից։ 8 Նա խոստացաւ երեք հարիւր քանքարից բացի արքունիքին յաւելեալ տալ վաթսուն քանքար, իսկ այլ եկամուտներից՝ եւս ութսուն քանքար[§]։ 9 «Ես դրան կ’աւելացնեմ եւս հարիւր[**], - ասում էր նա, - եթէ գործը գլուխ գայ։ Քաղաքը կ’ենթարկեմ ձեզ, թատրոններ ու կրկէսներ կը շինեմ, երուսաղէմացիներին ձեր անունով անտիոքացիներ կը գրեմ»։ 10 Երբ թագաւորը համաձայնեց, եւ Յասոնը հասաւ իր ցանկացած իշխանութեանը, աշխատեց յոյների հեթանոսութիւնը անմիջապէս ազգային օրէնք դարձնել։ 11 Նա վերացրեց նախկին այն արքունական արտօնութիւնները, որ յօգուտ հանրութեան սիրով տրուել էին Փտողոմէոսի հայր Յովհաննէսի առաքելութեան ժամանակ. արգելեցին օրինաւոր կրօնը, ընդունել տուեցին անօրէն նոր կրօնը։ 12 Բերդի ներսում նա կառուցեց թատրոն ու մարզարան, ուր ընտիր ու առոյգ պատանիներին մարմնամարզութեան արուեստն էին ուսուցանում։ 13 Այդ ամբարիշտ ու չքահանայապետ Յասոնն այնպէս եռանդագին աշխատեց, որ նրա ծայրայեղ մոլորութեան պատճառով այլազգութեան ու հեթանոսութեան սկիզբ դրուեց, 14 որովհետեւ դրանից յետոյ քահանաները թողեցին զոհասեղանի իրենց պարտականութիւնն ու տաճարի ծառայութիւն կատարելը եւ արհամարհեցին ողջակէզի զոհաբերութիւնները։ Քահանաների ցեղն աւելի սիրով իրեն նուիրում էր մարզիկներին ու բռնցքամարտին, կաքաւիչներին պիղծ նուէրներ տալուն, աղմուկ-աղաղակով գունդ հրելուն եւ նիզակ նետելուն։ 15 Հայրերի պատիւն արհամարհեցին, անօրէն հեթանոսութեան փառքը գերադասեցին օրհնութեան փառքից։ 16 Այդ իսկ պատճառով շուտով նրանց վրայ թափուեցին այն նեղութիւնները, որոնք պատել էին նրանց։ Ում բարքին ու սովորութեանը նախանձում էին ու աշխատում ամէն ինչով նմանուել նրանց, հէնց նրանց էլ իրենց համար դահիճներ, թշնամիներ ու տանջողներ դարձրին։ 17 Անպատիժ չեն մնայ նրանք, ովքեր կ’անարգեն աստուածային օրէնքները։ Ստորեւ պատմուող դէպքերը բացայայտ կերպով այդ են ցոյց տալիս։
18 Արդ, ժամանակն էր, որ Ծուր քաղաքում թագաւորի ներկայութեամբ աստուածների պաշտամունք կատարէին։ 19 Անօրէն Յասոնը, իբրեւ այդ խաղերի մասնակից ու հանդիսատես, անտիոքացիներին ուղարկեց սուրբ Երուսաղէմից եւ նրանց յանձնարարեց, որ այնտեղ մուծեն երեք հարիւր սատեր՝ իբրեւ Վահագնի[††] պաշտամունքի համար զոհերի գին։ Երբ սրանք եկան ու բերեցին այն, ինչ պէտք է բերէին, խնդրեցին, որ այդ արծաթը չխառնեն կուռքերի պաշտամունքի զոհերին, որովհետեւ պարտ ու պատշաճ չէր սուրբ վայրի գանձը յատկացնել դիցապաշտութեան կուռքերի զոհերին։ 20 Ընդունելով պաշտամունքի համար բերուած զոհերի գինը՝ այն չխառնեցին Վահագնի պաշտամունքի զոհերի համար յատկացուածներին, այլ, բերողների աղաչանքին անսալով, յատկացրին արքունի գործերին՝ նաւեր պատրաստելու համար։
ԱՆՏԻՈՔՈՍԻ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԷՄՈՒՄ
21 Մենեսթէոսի որդի Ապոլոնիոսը պատգամաւորութիւնից յետոյ գնաց Եգիպտացիների երկիրը, որպէսզի մասնակցի եգիպտացիների թագաւոր Փտողոմէոսի թագադրութեանը։ Անտիոքոսը զգաց, որ իրեն այս կողմերի համար օտար մարդ են համարում, ուստի վերադարձաւ, եկաւ յոպպէացիների քաղաքը։ 22 Այդտեղից էլ եկաւ Երուսաղէմ, որտեղ Յասոնն ու այդ քաղաքի բնակիչները նրան ընդունեցին մեծ պատուով՝ ջահերով ու լուսաճաճանչ աշտանակներով։ Այնտեղից նա իր ողջ զօրքով գնաց Տաճկաստանի կողմերը։
ՄԵՆԵԼԱՒՈՍԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ
23 Երեք տարի անց Յասոնն ազատ արձակեց մոլեգնած Սիմոնի եղբօրը՝ Մենելաւոսին, եւ նրա ձեռքով արքունի գանձերն ուղարկեց արքային։ 24 Երբ նա հանդիպեց արքային ու մեծարուեց նրա կողմից, սկսեց քահանայութիւն պահանջել ու Յասոնին մեղադրել։ Նա իր յանձնած գանձի վրայ աւելացրեց եւս երեք հարիւր քանքար 25 եւ արքայից իշխանութիւն ստանալու հրաման առնելով՝ վերադարձաւ։ Նա հասաւ իշխանութեան, բայց քահանայապետութեանը արժանի ոչ մի գործ չկատարեց, այլ գազանի նման դառն զայրոյթ էր յարուցում։ 26 Յասոնը, որ իր եղբօր քահանայութիւնը խլել էր դաւով, ինքը նոյնպէս զրկուեց քահանայութիւնից եւ հալածական դառնալով՝ փախաւ Ամոնացիների երկիրը։
27 Մենելաւոսը իր ձեռքն առաւ քահանայութեան իշխանութիւնը, սակայն ամբողջութեամբ չկարողացաւ տալ այն գումարը, որ խոստացել էր թագաւորին։ Դղեակ-միջնաբերդի հազարապետն սկսեց անհանգստանալ ու պահանջել գումարը, 28 որովհետեւ նրան էր յանձնարարուած հաւաքել երկրի հարկը, ուստի երկուսն էլ պալատ կանչուեցին։ 29 Երբ Մենելաւոսը տեսաւ, որ հարկը չի կարող վճարել, իր փոխարէն փոխանորդ նշանակեց իր եղբայր Լիւսիմաքոսին, իսկ Սուստրատոսը դարձաւ կիպրացիների գործերի կառավարիչ։
ՕՆԻԱՅԻ ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ
30 Երբ այս դէպքերը տեղի էին ունենում, տարսոնացիներն ու մալոտացիներն ըմբոստացան, որովհետեւ իրենք իբրեւ սեփականութիւն յանձնուել էին թագաւորի հարճ Անտիոքիդէին։ 31 Թագաւորը գնաց, որ հասնի, հնազանդեցնի նրանց։ Նա իր փոխարէն փոխանորդ նշանակեց բարձրաստիճան Անդրոնիկոսին։ 32 Մենելաւոսը տեսնելով, որ պատեհ առիթ է ներկայացել, զգուշութեամբ տաճարից ոսկէ սպասներ գողացաւ, մի մասը տուեց Անդրոնիկոսին, իսկ միւս մասն էլ վաճառեց Ծուրում եւ դրա շրջակայքում գտնուող այլ քաղաքներում։ 33 Օնիան այդ մասին տեղեկանալով՝ մեղադրեց նրան եւ գնաց անտիոքացիների Դափնա քաղաքը։ 34 Դրա համար էլ Մենելաւոսը Անդրոնիկոսին իբրեւ իւրային համարելով՝ աղաչում էր նրան ու աշխատում նրա միջոցով իր ձեռքը գցել Օնիային։ Նա գնաց Օնիայի մօտ, նենգութեամբ համոզեց նրան եւ մեծ երդումներով հաւատարմութեան դաշինք կնքեց նրա հետ։ Օնիան թէեւ բնաւորութեամբ կասկածամիտ էր, բայց համաձայնեց դուրս գալ բերդից։ Հէնց որ դուրս եկաւ, Անդրոնիկոսը սրախողխող արեց նրան՝ ամենեւին չվախենալով արդար դատաստանից։ 35 Դրա համար էլ ոչ միայն հրեաները, այլեւ անգամ հեթանոսները զայրացել էին յատկապէս այդ մարդու անարդար սպանութեան համար։
36 Երբ թագաւորը վերադարձաւ Կիլիկիայի կողմերից, բոլոր քաղաքների հրեաներն ու հեթանոսները նրա մօտ սրտի կսկիծով դժգոհութիւն յայտնեցին այդ մարդու անարդար սպանութեան եւ նրա տարապարտ մահուան համար։ 37 Անտիոքոսն անկեղծօրէն խղճաց, զգացուեց ու խիստ սգաց սուրբ ու շատ իմաստուն մարդու մահը։ 38 Բարկութիւնից նա եռաց, հրամայեց Անդրոնիկոսի վրայից հանել ծիրանին, մերկացնել նրան իր զգեստներից, ման ածել քաղաքում եւ հէնց այն վայրում, ուր նա Օնիայի նկատմամբ անօրէնութիւն էր գործել, հրամայեց կտրել այդ ստոր մարդասպանի գլուխը։ Այսպիսով Տէրը արժանի պատիժ հասցրեց չարագործին։
ԼԻՒՍԻՄԱՔՈՍԻ ՄԱՀԸ
39 Երբ շատ գանձեր գողացուեցին Լիւսիմաքոսի ձեռքով ու Մենելաւոսի խորհրդով, եւ երբ այդ լուրը տարածուեց, զօրքը հաւաքուեց Լիւսիմաքոսի դէմ, որովհետեւ ոսկէ շատ առարկաներ էին կորել գանձատնից։ 40 Երբ ժողովուրդը յուզուած ու զայրացած ոտքի ելաւ, Լիւսիմաքոսն սկսեց սպառազինել մօտ երեք հազար մարդ եւ ձեռնարկեց չար գործերի, առաջնորդութեամբ մի մարդու, որը որքան դժնադէմ էր, նոյնքան էլ՝ թանձրամիտ։ 41 Երբ տեսան Լիւսիմաքոսի գործած դաւն ու նենգութիւնը, անմիջապէս հաւաքուեցին, որ միջոցներ ձեռնարկեն։ Մէկը քար, միւսը փայտ, երրորդը աւազ ու հողախառն խիճ վերցնելով՝ նետեցին բոլոր յարձակուողների վրայ։ 42 Ոմանց վիրաւորեցին, ոմանց գլուխը կտրեցին, շատերին սպանեցին, իսկ մնացած բոլորին փախուստի մատնեցին, սուրբ տաճարի զոհասեղանը կողոպտողին գանձատնից հալածեցին[‡‡]։
43 Այս ամենի համար դատեցին Մենելաւոսին։ 44 Երբ թագաւորն եկաւ Ծուր, տեղի էր ունենում դատը։ Ժողովրդի ծերակոյտից ընտրուած երեք մարդ եկան նրան բողոք ներկայացնելու։ 45 Երբ Մենելաւոսը մեղաւոր ճանաչուեց, խոստացաւ շատ գանձեր տալ Փտողոմէոսին, եթէ սա սիրաշահէր թագաւորի սիրտը։ 46 Այդ մտադրութեամբ սա, իբրեւ թէ թագաւորի հետ զբօսնելու նպատակով, նրան մի կողմ տարաւ, յեղաշրջեց նրա միտքը, 47 համոզեց, որ մեղապարտ Մենելաւոսն ազատուի բոլոր տեսակի մեղադրանքներից, իսկ այդ տառապեալներին, որոնց թէեւ խաղտէացիների[§§] առաջ դատել էին եւ անպարտ համարել, ազատ էին արձակել եւ անմեղ ճանաչել, - մահուան դատապարտեցին։ 48 Անարդար պատիժն անմիջապէս ի գործ դրեցին նրանց նկատմամբ, ովքեր յանուն քաղաքի, բանակի ու սրբազան անօթների պաշտպանութեան, բողոք էին բարձրացրել։ 49 Ահա թէ ինչու չարատեաց ծուրացիները սրտացաւութեամբ ու առատապէս հոգացին այն ամէնը, ինչ պէտք էր նրանց յուղարկաւորելու համար։ 50 Իշխանների ժլատութիւնից ու դժգոհութիւնից օգտուելով՝ Մենելաւոսը չարախօսութեամբ էր զբաղւում եւ իր համաքաղաքացիներին մեծամեծ չարիքներ պատճառում։