Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՅՈՎԱԹԱՄ ԹԱԳԱՒՈՐԸ(Դ Թագ. 15. 32-38) 27 Քսանհինգ տարեկան …
ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՅՈՎԱԹԱՄ ԹԱԳԱՒՈՐԸ
(Դ Թագ. 15. 32-38)
27 Քսանհինգ տարեկան էր Յովաթամը, երբ թագաւոր դարձաւ, եւ տասնվեց տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Յերուա էր. սա Սադոկի դուստրն էր։ 2 Յովաթամն արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ, արեց այն բոլորը, ինչ իր հայր Օզիասն էր արել։ Նա, սակայն, Տիրոջ տաճարը չմտաւ։ Իսկ ժողովուրդը դեռ շարունակում էր մեղքեր գործել։ 3 Նա շինեց Տիրոջ տան Վերին դուռը եւ Օփեղի պարսպի վրայ շատ բաներ կառուցեց։ 4 Յուդայի երկրի լեռներում ու անտառներում նա կառուցեց քաղաքներ, բնակավայրեր եւ աշտարակներ։ 5 Նա կռուեց ամոնացիների արքայի դէմ եւ յաղթեց նրան. ամոնացիները նրան տարեկան հարիւր տաղանդ արծաթ էին տալիս, տասը հազար քոռ[§§§§] ցորեն ու տասը հազար քոռ գարի։ Այս ամէնը Ամոնի արքան բերում էր ամէն տարի՝ թէ՛ առաջին, թէ՛ երկրորդ, թէ՛ երրորդ տարում։ 6 Յովաթամը զօրացաւ, որովհետեւ նա ուղիղ էր ընթանում Տիրոջ առաջ նրա ճանապարհներով։
7 Յովաթամի մնացեալ գործերը, նրա պատերազմներն ու մարտերը ահա գրի են առնուած Յուդայի երկրի եւ Իսրայէլի թագաւորների գրքում։ 8 Նա քսանհինգ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ տասնվեց տարի թագաւորեց Երուսաղէմում։ 9 Յովաթամը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում։
Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Աքազը։