Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՄՈՒՐԹՔԷԻ ԱՂՕԹՔԸ13 8 Մուրթքէն թախանձագին աղաչեց Տիրոջը՝ մտաբերելով եւ …
ՄՈՒՐԹՔԷԻ ԱՂՕԹՔԸ
13 8 Մուրթքէն թախանձագին աղաչեց Տիրոջը՝ մտաբերելով եւ յիշելով Տիրոջ փառաւոր գործերը։ Նա ասաց. 9 «Տէ՛ր Աստուած, Թագաւո՛ր Ամենակալ, քո հրամանին է սպասում ամէն ոք, ոչ ոք չի կարող ընդդիմանալ քեզ, եթէ դու կամենում ես ապրեցնել քո ժողովրդին՝ Իսրայէլին, 10 որովհետեւ դու, Տէ՛ր, ստեղծեցիր երկինքն ու երկիրը եւ բոլոր սքանչելիքները. 11 դու տիրում ես ամէն բանի վրայ, եւ ոչ ոք չի կարող հակառակ լինել քո տէրութեանը. դու գիտես ամէն ինչ. 12 որովհետեւ ես ո՛չ հպարտութիւնից, ո՛չ ամբարտաւանութիւնից եւ ո՛չ էլ թշնամանքից ելնելով չերկրպագեցի ամբարտաւան Համանին։ 13 Մինչդեռ ես հաճոյքով կը կամենայի համբուրել նրա ոտքերի գարշապարները Իսրայէլի այս տան փրկութեան համար։ 14 Բայց ես այս բանն արեցի, որպէսզի փառք չտամ մարդ արարածին, այլ միայն քեզ՝ ճշմարիտ Աստծուդ. ես չեմ երկրպագի որեւէ մէկին, այլ միայն քեզ՝ իմ Տիրոջը. ես դա չարեցի ամբարտաւանութեամբ։ 15 Արդ, Աբրահամի Տէ՛ր Աստուած, դու խնայի՛ր քո ժողովրդին, քանզի մեր դէմ բարձրացել են ապականիչները, որովհետեւ ցանկանում են կորստի մատնել քո սկզբնական ժառանգութիւնը։ 16 Մի՛ անտեսիր քո բաժինը, որ դու ինքդ փրկեցիր Եգիպտացիների երկրից։ 17 Լսի՛ր, Տէ՛ր, իմ աղօթքի ձայնը եւ քաւի՛չ եղիր քո ժառանգութեանը, մեր սուգն ուրախութեա՛ն փոխիր, որպէսզի մենք՝ ապրողներս, օրհնենք քո մեծ անունը, Տէ՛ր։ Մի՛ ապականիր այն բերանը, որ օրհնում է քեզ»։
18 Եւ բոլոր իսրայէլացիները, իրենց ամբողջ զօրութեամբ, կանչեցին Տիրոջը, քանի որ մահը նրանց առջեւ էր։