Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆԸ ԻԴԷԱԼԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿԻՑ ՍՈՂՈՄՈՆԻ ՀԱՄԱՐ8 Օգտակար առողջութեամբ…
ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆԸ ԻԴԷԱԼԱԿԱՆ
ԸՆԿԵՐԱԿԻՑ ՍՈՂՈՄՈՆԻ ՀԱՄԱՐ
8 Օգտակար առողջութեամբ տարածուելով ծագից ծագ,
իմաստութիւնը քաղցրութեամբ բուժում է բոլորին։
2 Սիրեցի այն, հետամուտ եղայ նրան իմ պատանեկութեան օրերից,
խնդրեցի նրան, որ ինձ հարսնանար,
եւ ցանկացայ նրա գեղեցկութիւնը։
3 Փառաւոր է նրա ազնուական ծագումը,
քանզի նա կեանքի հաղորդութիւն ունի Աստծու հետ,
եւ բոլորի Տէրը սիրեց այն։
4 Նա խորհրդակից է Աստծու իմաստութեանը
եւ ինքն էլ տենչում է նրա գեղեցկութիւնը։
5 Եթէ կեանքում հարստութիւնն է ցանկալի ունեցուածքը,
ապա ո՞ր հարստութիւնն է աւելի մեծ, քան իմաստութիւնը,
որ կարող է ամէն ինչ անել։
6 Եթէ իմացականութեամբ է, որ գործւում է այս կամ այն բանը,
ապա ո՞վ կարող է առաւել լաւ ճարտարապետ լինել եղած բաների մէջ, քան իմաստութիւնը։
7 Եթէ մարդ արդարութիւն է սիրում, ապա արդարութեան վաստակի արդիւնքը առաքինութիւնն է,
որովհետեւ նա է, որ սովորեցնում է գիտութիւն եւ խոհեմութիւն,
արդարամտութիւն եւ արիութիւն,
որոնցից առաւել պիտանի բան չկայ մարդու կեանքում.
8 իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել,
թող նա տենչայ իմաստութիւն, որ գիտի անցեալը եւ կռահում է գալիքը,
հասկանում է թէ՛ խօսքի իմաստները եւ թէ՛ առակների մեկնութիւնը,
կանխապէս ճանաչում է թէ՛ նախանշանները, թէ զարմանահրաշ բաները
եւ թէ՛ ժամ ու ժամանակների ելքերը։
9 Եւ ահա ես որոշեցի, որ նա կեանքում անբաժան լինի ինձնից,
գիտակցելով, որ նա բարի խորհրդատու կը լինի ինձ համար
եւ կը մխիթարի ինձ հոգսերից եւ տրտմութիւնից։
10 Ես նրա շնորհիւ փառք կը վաստակեմ ժողովրդի մէջ
եւ պատիւ՝ ծերերի առջեւ։
11 Դեռ պատանի՝ միտքս սուր կը լինի դատ ու դատաստանի ժամանակ,
եւ ես փառաւոր կ’երեւամ հզօրների աչքին։
12 Երբ լռեմ, պիտի սպասեն, որ ինձ լսեն,
երբ սկսեմ խօսել, ուշադիր պիտի հետեւեն ինձ,
եւ երբ խօսելիս լինեմ, պիտի զարմանքից ափ ի բերան մնան։
13 Իմաստութեան շնորհիւ ես անմահութիւն պիտի գտնեմ
եւ յաւերժ յիշատակ թողնեմ իմ յետնորդների մէջ։
14 Դարման պիտի լինեմ ժողովուրդներին,
եւ ազգերը պիտի հնազանդուեն ինձ։
15 Սոսկալի բռնակալները պիտի սարսափեն ինձնից՝ լսելով իմ մասին.
բազմութեան մէջ ես շնորհաշատ պիտի երեւամ
եւ պատերազմի մէջ՝ առաքինի։
16 Մտնելով իմ տունը՝ ես պիտի հանգստանամ իմաստութեան հետ,
քանզի նրա ընկերակցութեան մէջ դառնութիւն չկայ,
եւ նրա կեանքի հետ հաղորդակցուելն էլ վիշտ ու ցաւ չունի,
այլ՝ ուրախութիւն եւ խնդութիւն։
ՍՈՂՈՄՈՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԽՆԴՐԵԼ
17 Իմ մէջ խորհելով այսպէս՝ ես վճռեցի իմ սրտում,
որ անմահութիւնը ազգակից է իմաստութեանը,
18 որ բարիքների վայելչութիւնը բխում է նրա բարեկամութիւնից,
անսպառ հարստութիւնը՝ նրա ձեռքի վաստակներից,
իմաստութիւնը՝ նրա խօսքերի կրթութիւնից,
փառքի ձեռքբերումը՝ նրա մտքերին հաղորդակից լինելուց,
ուստի ես շրջում եւ փնտռում էի այն,
որ վերցնէի ինձ մօտ։
19 Ես մտավարժ մանուկ էի եւ բարի հոգու հանդիպեցի.
20 մանաւանդ՝ խիստ ազնիւ էի, եւ մարմինս էլ՝ անարատ։
21 Եւ այն էլ հասկացայ, որ եթէ Աստուած ինձ չտար,
ես այլ կերպ չէի կարող լինել իմաստուն։
Իմաստութիւնը նաեւ այն է,
որ ճանաչես, թէ ումից է շնորհը տրւում։
Ես ընկայ Տիրոջ առջեւ եւ ամբողջ սրտով աղաչեցի նրան։