Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԽԱՒԱՐԸ ԵՒ ԿՐԱԿԷ ՍԻՒՆԸ17 Մեծ եւ անպատմելի են քո դատաստանները, դրա համա…

ԽԱՒԱՐԸ ԵՒ ԿՐԱԿԷ ՍԻՒՆԸ

17 Մեծ եւ անպատմելի են քո դատաստանները,

դրա համար էլ անխոհեմ անձերը մոլորուեցին։

2 Անօրէնները կարծում էին, թէ կարող են բռնադատել սուրբ ազգը,

մինչդեռ նրանք կապուած էին խաւարին

եւ երկարատեւ գիշերով կաշկանդուած,

իրենց յարկի տակ արգելափակուած փախստականներ էին նրանք՝

լքուած յաւիտենական նախախնամութիւնից։

3 Մտածելով, թէ իրենց մեղքերը գաղտնի են պահուած,

նրանք յիմարութեան անճաճանչ առագաստի ներքոյ ցրուեցին

ծայր աստիճան յիմարացած եւ խուճապի ու խռովքների մատնուած։

4 Արդարեւ, այն մութ վայրը, որ թաքցնում էր նրանց, չփրկեց երկիւղից.

նրանց սարսափեցնում էին իրենց շուրջը թնդացող բոմբիւնները,

նրանց աչքին անժպիտ ու խոժոռադէմ ցնորքներ էին երեւում։

5 Կրակի եւ ոչ մի ուժ չկարողացաւ լուսաւորել մութը,

եւ խարոյկից ծնուած ոչ մի բորբոք բոց ի վիճակի չեղաւ փարատելու տխուր գիշերը։

6 Նրանց միայն ինքնակէզ երկիւղալի խարոյկ էր երեւում,

եւ դրա աներեւոյթ տեսիլքից զարհուրած՝

այն, ինչ տեսնում էին, համարում էին առաւել եւս մեծ չարիք։

7 Նրանք ընկնում էին հմայական արուեստի խաբկանքների յաւակնոտ մտածումների մէջ

եւ արժանանում թշնամանքով լի կշտամբանքի.

8 որովհետեւ, ովքեր խոստանում էին հիւանդների հոգուց հալածել զարհուրանքն ու խռովքները,

իրենք էին բռնւում ծաղրելի երկիւղի այդ ախտով։

9 Թէպէտեւ նրանց ինչ-որ նորանշան բան չէր զարհուրեցնում,

բայց ճիճուների անցնելուց եւ սողունների շչիւնից խուճապահար՝

դողալով մեռնում էին,

վախենալով նայել անգամ այդ օդին,

որից չէին կարող խուսափել ոչ մի կերպ։

10 Արդարեւ, երկչոտն ինչ-որ առանձնայատուկ չարութիւն ունի,

որն ինքն է վկայում՝ դատապարտելով իրեն

եւ, խղճմտանքից նեղուելով, միշտ անհնարինն է կանխազգում,

11 քանի որ երկիւղն այլ բան չէ, քան մտքի օգնականութիւնից զրկուած լինելը։

12 Եւ քանի դեռ մէկի ներսը վախ կայ,

փոքր է նրա ակնկալութիւնը,

եւ շատ են չգիտակցուած այն պատճառները,

որոնք տանջանքներ են յարուցում։

13 Նրանք դժոխքի անմատչելի խաւարից վրայ հասած այդ սոսկալի գիշերը եւս քնեցին սովորական քնով,

14 բայց մերթ սահմռկում էին ուրուատեսիլ ցնորքներից,

մերթ լքուած հոգով վհատութեան էին մատնւում,

քանի որ յանկարծահաս եւ անակնկալ ահը մերուել էր նրանց.

15 եւ ով որտեղ էլ գտնւում էր, այնտեղ էլ ցած ընկաւ

եւ վախից փակուեց չերկաթապատուած բանտի մէջ։

16 Հողագործ լինէր թէ հովիւ,

կամ թէ դաշտային ծանր աշխատանքներով զբաղուող գործաւոր,

ահով բռնուած՝ ընկնում էր անխուսափելի տագնապի մէջ,

17 քանզի բոլորն էլ կապուել էին խաւարի անքակտելի մի շղթայով։

Եթէ հողմ էր փչում,

կամ եթէ թանձրախիտ ոստերի միջից քաղցրաձայն թռչունների դայլայլ էր հնչում,

կամ բուռն թափով հոսող յորդ ջրերն էին յորձանք տալիս,

18 կամ գլորուող քարերի սպառնալից դղրդիւն էր լսւում,

կամ կայտառ կենդանիների աներեւոյթ վազքի ոտնաձայն,

կամ ահռելի գազանների գոչիւն,

կամ լեռների քարանձաւներից անդրադարձող սրտաբեկ ձայն ու արձագանքներ,

- այս ամէնը զարհուրեցրեց եւ յուսալքեց նրանց։

19 Իսկ ողջ աշխարհը լուսաւորւում էր պայծառ լոյսով,

եւ ամէն ոք աշխատում էր իր գործին ամուր կպած,

20 մինչդեռ միայն նրանց վրայ էր տարածւում ծանր գիշերը,

խաւարի այն պատկերը, որ ի վերջոյ պատելու էր նրանց.

բայց իրենք իրենց վրայ աւելի ծանր էին, քան խաւարը։