Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՌԱՓԱՅԷԼԸ ՅԱՅՏՆՈՒՄ Է, ԹԷ ՈՎ Է ԻՆՔԸ12 Տոբիթը կանչեց իր որդի Տուբիին ու …

ՌԱՓԱՅԷԼԸ ՅԱՅՏՆՈՒՄ Է, ԹԷ ՈՎ Է ԻՆՔԸ

12 Տոբիթը կանչեց իր որդի Տուբիին ու ասաց նրան. «Որդեա՛կ, այժմ տես, թէ ի՛նչ վարձ ես ուզում տալ հետդ եկած մարդուն. արժէ, որ աւելին տաս»։ 2 Տուբին նրան ասաց. «Հա՛յր, ինձ ոչինչ չի պակասի, եթէ նրան տամ բերուած ունեցուածքիս կէսը, 3 որովհետեւ ինձ ողջ առողջ բերեց քեզ մօտ, բուժեց իմ կնոջը, բերեց իմ արծաթը եւ քեզ նոյնպէս առողջացրեց»։ 4 Ծերունին ասաց. «Իրաւացի է նրան տալը»։ 5 Եւ նա կանչեց Հրեշտակին ու ասաց նրան. «Վերցրո՛ւ դու կէսն այն ամէնի, որ բերեցիր»։

6 Այն ժամանակ Հրեշտակը կանչեց նրանց երկուսին եւ ասաց. «Դուք Աստծո՛ւն օրհնեցէք, նրա՛ն խոստովանեցէք, փա՛ռք տուէք նրան եւ բոլոր ապրողներին պատմեցէ՛ք այն մասին, ինչ նա արեց ձեզ հետ, որովհետեւ բարի է Աստծուն օրհնելը, նրա անունը բարձրացնելը եւ Աստծու գործերի պատգամները պատուով մեծացնելը. մի՛ յապաղէք նրան բարեբանելու։ 7 Լաւ է թագաւորի գաղտնիքը թաքցնել, իսկ Աստծու գործերը փառքով յայտնել։ Բարի՛ն գործեցէք, եւ չարը ձեզ չի հանդիպի։ 8 Բարի են աղօթքները՝ պահեցողութիւններով, ողորմութիւններով եւ արդարութիւններով. բարի է քիչ ունեցուածքը արդարութեամբ, քան շատը՝ անիրաւութեամբ. լաւ է ողորմութիւններ անել, քան ոսկու գանձ կուտակել. 9 ողորմութիւնը փրկում է մահից, նա ինքն էլ մարդուն մաքրում է բոլոր մեղքերից. ովքեր ողորմութիւններ եւ արդարութիւններ են անում, լցւում են կեանքով, 10 իսկ ովքեր մեղք են գործում, նրանք իրենց կեանքի դէմ պատերազմողներ են։ 11 Այժմ ես ձեզանից ոչինչ չեմ թաքցնի, որովհետեւ արդէն ասացի, որ լաւ է արքայի գաղտնիքները թաքցնել, իսկ Աստծու գործերը փառքով յայտնել։ 12 Երբ աղօթելու կանգնեցիր դու, նաեւ քո հարս Սառան, ես ձեր աղօթքների յիշատակը մատուցեցի սուրբ Աստծուն. իսկ երբ դու թաղում էիր մեռելներին, ես քեզ հետ էի. 13 երբ դու չյապաղեցիր վեր կենալ, թողեցիր քո ճաշը, որպէսզի գնաս եւ թաղես մեռելը, ես չմոռացայ քեզ. երբ բարիքներ էիր գործում, ես կրկի՛ն քեզ հետ էի։ 14 Աստուած ինձ ուղարկեց բժշկելու քեզ եւ քո հարս Սառային։ 15 Ես Ռափայէլն եմ՝ մէկն այն եօթը սուրբ հրեշտակներից, որոնք վեր են հանում աղօթքները, մտնում սուրբ եւ փառաւոր Աստծու մօտ եւ մատուցում նրան»։ 16 Նրանք երկուսն էլ շփոթուեցին ու երեսնիվայր ընկան գետնին, որովհետեւ շատ էին վախեցել։ 17 Հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, թո՛ղ խաղաղութիւն լինի ձեզ, օրհնեցէք Աստծո՛ւն, 18 որովհետեւ ես ոչ թէ իմ շնորհով եկայ, այլ ձեր Աստծու կամքով. 19 նրան օրհնեցէ՛ք յաւիտեան, որովհետեւ այն բոլոր օրերին, որ ես երեւում էի ձեզ, ո՛չ կերայ եւ ո՛չ խմեցի, այլ դուք ինձ տեսնում էիք որպէս երազ։ 20 Այժմ խոստովանեցէ՛ք ձեր Աստծուն, որովհետեւ ես բարձրանում եմ նրա մօտ, ով ուղարկեց ինձ. եւ դուք գրեցէ՛ք այս ամենի մասին, որ եղաւ ու կատարուեց»։

21 Եւ այս ամէնը գրուեց իմ Գրքի մէջ։ Իսկ նրան այլեւս չտեսան։ 22 Նրանք գոհութիւն էին մատուցում Աստծուն նրա մեծագործութիւնների համար եւ նրա համար, թէ ինչպէս իրենց յայտնուեց Տիրոջ Հրեշտակը։