Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԵՂԻԱԶԱՐԻ ԱՂՕԹՔԸ6 Քահանաների սերնդից Եղիազար անունով երեւելի մի մարդ, …
ԵՂԻԱԶԱՐԻ ԱՂՕԹՔԸ
6 Քահանաների սերնդից Եղիազար անունով երեւելի մի մարդ, որ արդէն ծերութեան էր հասել, եւ որի կեանքը մանկութիւնից քաջութեամբ ու արդարութեամբ էր զարդարուած, իր շուրջը համախմբեց մի քանի ծերունիների, հանգստացրեց նրանց եւ սուրբ Աստծուն դիմելով՝ աղօթեց այսպիսի խօսքերով. 2 «Մեծազօր թագաւոր, բարձրեալ եւ Ամենակալ Աստուած, որ քո բոլոր ստեղծածներին առաջնորդում եւ ուղղում ես քո ողորմած գթութեամբ, նայի՛ր Աբրահամի զաւակների, սուրբ Իսահակի ու Յակոբի որդիների՝ քո բաժին ժառանգութեան վրայ, որոնք օտար երկրում օտար ժողովրդի ձեռքին կորստի են մատնւում։ 3 Դու այն Աստուածն ես, որ եգիպտական Փարաւոնին իր բազմաթիւ մարտակառքերով, երիվարներով ու զինուորներով՝ գոռոզ ու ամբարտաւան եգիպտական զօրքի հետ միասին ծովասոյզ անելով՝ կորստեան մատնեցիր։ 4 Դու ես, որ կոտորեցիր Ասորեստանի պարծենկոտ Սանատրուկ արքայի զօրքը, որը մի սրով ու մի տէգով գրաւել, նուաճել էր ամբողջ Հրէաստան երկիրը։ Նա ինքնահաւան խօսքերով գոռոզացել էր, սպառնացել, թէ յանդուգն զայրոյթով եւ մեծ նախատինքով կը յարձակուի նաեւ սուրբ քաղաքի վրայ։ Դու, Տէ՛ր, հարուածեցիր, կոտորեցիր ու կործանեցիր նրան եւ բոլոր հեթանոսներին ցոյց տուեցիր քո բազկի ուժը։ 5 Դու փրկեցիր երեք մանուկներին, որոնք Բաբելացիների երկրում սնոտի աստուածներին չերկրպագելու համար իրենք իրենց ինքնակամ կերպով հրի էին մատնել, որպէսզի նրանց մազի մի թելին անգամ կրակ չդիպչի։ Դու հրոյ ճարակ դարձրիր թշնամուն։ 6 Դու ես, որ անվնաս պահեցիր եւ գբից հանեցիր Դանիէլին, որը նենգ վրէժխնդրութեան պատճառով յանձնուած էր կատաղած գազանների երախին։ 7 Դու ես, որ տեսար եւ անդունդներից հանեցիր այն հիւրին, որ մաշւում էր ձկան որովայնում, եւ անվնաս բերեցիր յանձնեցիր իր ընտանիքին։ 8 Դու, ո՜վ Հայր, որ ատում ես ամբարտաւաններին, որ բարեսէր ես, որորմած, բոլորի ապաւէն, շտա՛պ յայտնուիր իսրայէլացիներին, որոնք պիղծ ու անօրէն հեթանոսների ձեռքին չարաչար կորստեան են մատնւում։ 9 Իսկ եթէ մեր ամբարիշտ կեանքը այսպիսի սպառնալիքներով է վախճան ունենալու, ապա գոնէ թշնամիների ձեռքից ազատի՛ր եւ յետոյ, ինչպիսի սոսկալի պատուհասներով էլ ցանկանաս պատժել մեզ, պատժի՛ր, որպէսզի դատարկամիտ ու ունայնախոհ հեթանոսները մեզ կոտորելով չպարծենան իրենց սնոտի աստուածների առաջ ու չասեն, թէ՝ “Անգամ իրենց Աստուածը նրանց չփրկեց մեր ձեռքից”։ 10 Դու, որ բոլոր զօրութիւնները, իշխանութիւնները եւ պետութիւնները յաւիտեանս պահում ես քո ձեռքում, ո՜վ անուշ, անմահ ու ողորմած Աստուած, ողորմի՛ր, գթա՛ մեզ, որ այսպիսի անօրէն թշնամութեամբ մահուան անիմաստ պատիժ կրելով՝ կեանքից զրկուելով մահուան չմատնուենք իբրեւ չարագործներ։ 11 Քո ամենայաղթ զօրութիւնը թող հալեցնի, մաշեցնի հեթանոսներին, որովհետեւ Յակոբի տոհմի փրկութիւնը քո պատիւն է։ 12 Ահա մատղաշ երեխաները, նրանց հայրերն ու մայրերը խումբ-խումբ ծնկի եկած, արցունք թափելով աղաչում են, որ բոլոր հեթանոսներին ցոյց տաս, թէ դու մեր նկատմամբ ողորմած ես, որ, ո՜վ մեր Տէր, դու մեզ հետ ես ու երես չես թեքել մեզանից, ինչպէս առաջ էլ խոստացել էիր, թէ մեր թշնամիների երկրում չես լքի մեզ։ Արդ, քո նոյն այդ խոստումը կատարի՛ր, ո՜վ Տէր»։
ԹԱԳԱՒՈՐԸ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ Է ՏԱԼԻՍ ՀՐԵԱՆԵՐԻՆ
13 Երբ Եղիազարն իր այս աղօթքը ուղղում էր Աստծուն, խիստ զայրացած թագաւորը գազաններով ու զօրքով եկաւ հրապարակ։ Եբրայեցիները, տեսնելով դա, իրենց աչքերը վեր բարձրացրին եւ բարձր ձայնով աղաղակեցին դէպի երկինք։ Աղաղակի այս ձայնին արձագանքեցին բոլոր լեռներն ու հովիտները։ Երկու կողմերի աղմուկ-աղաղակից սաստիկ խռովութիւն բարձրացաւ զօրքի մէջ։ 14 Այդ ժամին Բարձրեալը՝ փառաւոր, մեծապատիւ, ամենակալ, ճշմարիտ Աստուած, ցոյց տուեց իր երեսը։ Նա բաց արեց երկնքի դռները, որտեղից եկան իջան երկու ահեղ, փառաւոր ու աներեւոյթ հրեշտակներ, որոնք, բացի հրեաներից, ոչ ոքի չէին երեւում[*]։ 15 Նրանք ելան թշնամիների դէմ, զօրքը խռովքի մատնեցին, ահ ու դողի մէջ գցեցին նրանց եւ բոլորին առհասարակ կաշկանդեցին, անշարժ պահեցին։ Թագաւորի մարմինն ու ոսկորները սոսկալի դողում էին, փշաքաղւում։ Կատաղութեան խիստ սպառնալիքը եւ զայրոյթը խելագարեցրել էին նրան։ Ապա գազանները յարձակուեցին զինուած զօրքի վրայ, նրանցից շատերին ոտնակոխ անելով՝ սպանեցին։ 16 Նոյն տեղում թագաւորի զայրոյթն ու խստութիւնը անմիջապէս փոխուեցին արտասուքի ու գութի նախկինում իր ցոյց տուած յամառութեան ու խստութեան համար, որովհետեւ երբ լսեց նրանց աղաղակն ու յիշեց բազմութեան կոտորածը, վրդովուեց, արցունքներ թափեց, խստութեամբ սկսեց խօսել բարեկամների հետ ու ասաց. 17 «Դուք չափն անցկացրիք, բռնութիւններ գործեցիք, ուզում էք թագաւոր դառնալ, ուզում էք իմ երախտիքների փոխարէն ինձ առհասարակ իշխանութիւնից զրկել։ Դուք՝ առաքինի խորհրդականներդ, ինձ խելքից հանեցիք եւ խորամանկութեամբ ուզեցիք անել այն, ինչ օգտակար չէ մեր պետութեանը։ 18 Այդ ո՞վ է, որ ուզում է սասանել մեր հզօր ու հաստատուն աշտարակը՝ մեր ուխտի աւանդապահներին, ո՞վ է, որ սրանցից իւրաքանչիւրին իրենց բնակավայրերից կտրելով, իբրեւ չարագործ գազանների, հաւաքել ու պաշարուած պահում է այստեղ։ Ո՞վ է, որ այս մարդկանց պահում է կապած-կապկպած, անասելի տանջանքների ենթարկում, պաշարուած պահում, երբ սրանք, արդարամտութեանը հաւատարիմ մնալով, բազմաթիւ պատերազմների ու յուզումների ժամանակ սկզբից եւեթ մեր նկատմամբ աւելի հաւատարիմ ու արդար են եղել, քան միւս ազգերը։ 19 Քանդեցէ՛ք, արձակեցէ՛ք այդ անօրէն կապանքները, ամէն մէկին խաղաղութեամբ իր բնակավայրն ուղարկեցէ՛ք, նախկինում պատճառած լլկանքների փոխարէն մխիթարեցէ՛ք կենդանի Երկնաւորի՝ Ամենակալ Աստծու որդիներին, որը մեր նախնիներից սկսած մինչեւ այսօր մեզ տուել է հզօր իշխանութիւն ու հաստատուն իրաւունքներ»։
Թագաւորն այսպիսի խօսքերով յայտնեց իր միտքը։ 20 Եբրայեցիները անմիջապէս, մի ակնթարթում արձակուելով իրենց կապանքներից՝ օրհնեցին իրենց ամենակալ փրկիչ սուրբ Աստծուն, որ իրենք անհաւատալի կերպով մազապուրծ ազատուել են մահուանից։ 21 Թագաւորը եբրայեցիներին այս ազատութիւնը տալուց յետոյ մտաւ քաղաքամէջ, հրամայեց կանչել ծախսերի գրագրին ու ասաց. «Գինի, ընտիր ալիւր եւ ինչ որ պէտք է եօթը օրուայ ուրախութեան հանդէսի համար, բեր մատուցի՛ր հրեաներին»։ Հրաման տրուեց, որ այնտեղ, ուր պէտք է կատարուէր նրանց կոտորածի նախճիրը, նոյն տեղում փրկութեան առիթով եօթը օր ուրախութիւն կատարուի։ 22 Այն ժամանակ, երբ նրանք նախատինքի, ծաղրուծանակի ենթարկուելով՝ եկել հասել էին մահուան դուռը, նոյնիսկ մտել էին դժոխքի դռնից ներս, այժմ այդ դառն օրհասի փոխարէն ուրախութեան խնջոյք էին կատարում այն նոյն փրկութեան վայրում, որտեղ սպասում էին կոտորուելու ու մահուան վիհն ընկնելու։ Այժմ, խմբերի բաժանուած, ուրախութեամբ լի, ամէն մէկն իր տեղը գնաց։ 23 Նրանք արտասուալից ողբերի փոխարէն իրենց մայրենի լեզուով սկսեցին օրհնել հրաշագործ, փրկիչ Աստծուն։ Մոռացան լացն ու կոծը։ Ի նշան խաղաղութեան ու ցնծութեան, նրանք ուրախ պարեր էին պարում։
24 Այս ձեւով թագաւորն էլ մեծ տաճարում ժամ նշանակելով՝ անսահման ուրախութեամբ հրամայեց ներս կանչել կոչնականներին։ Նա անդադար աղօթելով ու երկինք նայելով՝ ժողովրդի անակնկալ եւ սքանչելի փրկութեան համար օրհնում էր Աստծուն։ Ովքեր առաջ ժողովրդին ուզում էին ուրախութեամբ գազանների ու գիշատիչ թռչունների կեր դարձնել, այժմ ամօթից ու իրենց մեղաւոր զգալուց հառաչում, իրենց հրաբորբոք բարկութիւնը իջեցնում եւ ցնծում էին անզուսպ ուրախութեամբ։ 25 Իսկ հրեաները, ինչպէս քիչ առաջ ասացինք, եօթը օր ուրախութեան պարեր պարելով եւ զուարճանալով՝ օրհնում էին Աստծուն։ 26 Ընդհանուր համաձայնութեամբ օրէնք սահմանեցին, որ իրենց բնակութեան բոլոր վայրերում այդ օրերը ուրախութեամբ անցկացնեն։ Դա ոչ թէ իրենց հպարտութեանը կամ որկրամոլութեանը յագուրդ տալու համար էր, այլ գոհութիւն յայտնելու Աստծուն՝ նրա պարգեւած փրկութեան համար։ 27 Որոշեցին այդ օրերը դասել իրենց տարեկան տօների շարքը։ Դրանից յետոյ խնդրեցին թագաւորին, որ թոյլ տայ իրենցից ամէն մէկին մեկնելու իր բնակավայրը։ Քառասուն օր՝ Պաքոն ամսի քսանհինգից մինչեւ Եպիփոս ամսի չորսը, ցուցակ կազմեցին։ 28 Որոշեցին նոյն տեղում, Եպիփոս ամսի հինգից սկսած երեք օրուայ ընթացքում կազմել ծախսերի ցանկը, երբ Աստուած առատաձեռն կերպով իր ողորմածութիւնն էր պարգեւել եւ նրանց բոլորին անվնաս պահել։ 29 Ուրախացան, որ թագաւորը հրամայել է մինչեւ տասնչորսերորդ օրը խնջոյքի պատրաստութիւններ տեսնել, որից յետոյ նա պիտի տար իրենց ազատ արձակելու վճիռը։ Թագաւորը յանձն առաւ եւ հրամայեց, որ բոլոր քաղաքների զօրավարներին ուղարկուեն այսպիսի հրովարտակներ.