Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ ՏԻՐՈՋԻՑ Է10 Իմաստուն դատաւորը խրատում է իր ժողովրդ…

ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ ՏԻՐՈՋԻՑ Է

10 Իմաստուն դատաւորը խրատում է իր ժողովրդին, խելամիտ մարդու իշխանութիւնը կարգաւորուած է լինում։

2 Ինչպիսին ժողովրդի իշխանն է, այնպիսին նրա սպասաւորներն են, ինչպիսին քաղաքի առաջնորդն է, այնպիսին՝ նրա բնակիչները։

3 Տգէտ թագաւորը կորստեան է մատնում իր ժողովրդին. քաղաքը կառուցւում է հզօրների իմաստութեամբ։

4 Երկրի իշխանութիւնը Տիրոջ ձեռքին է. նա է ժամանակին արժանի մարդուն բարձրացնում իշխանութեան։

5 Տիրոջ ձեռքին է մարդու յաջողութիւնը. նա է իր փառքը դնում օրէնսգէտի վրայ։

6 Մերձաւորիդ նկատմամբ ոխ մի՛ պահիր նրա բոլոր մեղանչումների պատճառով եւ թշնամական արարքներ մի՛ գործիր նրա դէմ։

7 Ամբարտաւանութիւնը ատելի է թէ՛ Տիրոջ եւ թէ՛ մարդկանց համար. դա երկուսի համար էլ անիրաւութիւն է։

8 Թագաւորութիւնն անցնում է մի ազգից միւսին անիրաւութեան, թշնամանքի եւ ընչաքաղցութեան պատճառով։

9 Ինչո՞ւ է հպարտանում մարդը, որ հող է ու մոխիր։

10 Դեռեւս կենդանի՝ թափւում է նրա փորոտիքը։

11 Բժիշկը կարճեցնում է երկարատեւ ցաւերը։

12 Թագաւորն այսօր կայ, իսկ վաղը վախճանւում է։

13 Երբ մարդը մեռնում է, սողուններ, ճիճուներ եւ որդեր է ժառանգում։

14 Մարդու ամբարտաւանութեան սկիզբը նրա ապստամբելն է Տիրոջ դէմ, նրա սրտի ստահակութիւնը՝ իր Արարչի դէմ։

15 Մեղքի սկիզբն ամբարտաւանութիւնն է, եւ ով ունի այն, նրանից պղծութիւն պիտի ժայթքի։

16 Դրա համար էլ Տէրը նրան սարսափելի հարուածներ հասցրեց եւ իսպառ կործանեց նրան։

17 Տէրը ջախջախեց իշխանների աթոռները եւ նրանց փոխարէն հեզերին նստեցրեց։

18 Տէրն արմատախիլ արեց հեթանոսներին եւ նրանց փոխարէն խոնարհներին տնկեց։

19 Տէրը քարուքանդ արեց ժողովուրդների բնակավայրերը եւ դրանք կորստեան մատնեց մինչեւ հիմքերը։

20 Կործանեց եւ կորստեան մատնեց դրանք, եւ դրանց յիշատակը վերացրեց երկրից։

ՏԷՐԸ ՄԵԾԱՐՈՒՄ Է ԱՐԺԱՆԱՒՈՐԻՆ

22 Ամբարտաւանութիւնը մարդկանց համար չի հաստատուած, եւ ոչ էլ զայրալից բարկութիւնը՝ կանանցից ծնուածների համար։

23 Ո՞վ է մարդու պատուական զաւակը. նա, ով երկնչում է Տիրոջից։ Ո՞վ է մարդու անարգ զաւակը. նա, ով զանց է առնում Տիրոջ պատուիրանները։

24 Բազում եղբայրների մէջ աւագն է պատուականը, իսկ Տիրոջ աչքում՝ իրենից երկնչողները։

25 Հարուստ լինի, անուանի թէ աղքատ, նրա պարծանքը Տիրոջ երկիւղն է։

26 Արդարացի չէ անպատուել իմաստուն աղքատին, եւ օրինաւոր չէ պատուել անարդար մարդուն։

27 Հարուստը, դատաւորը եւ իշխանը գովաբանւում են, սակայն նրանցից եւ ոչ մէկը մեծ չէ նրանից, ով երկնչում է Տիրոջից։

28 Իմաստուն ծառային ազատներն են սպասաւորում, եւ խելամիտ մարդը չի տրտնջում դրա համար։

29 Քո գործը կատարելու համար մի՛ պերճաբանիր եւ մեծութիւն մի՛ ծախիր քո նեղութեան ժամանակ։

30 Աւելի լաւ է նա, ով փողոց է մաքրում, քան նա, ով սիգալով ճեմում է, բայց մնում է հացի կարօտ։

31 Որդեա՛կ, հեզութեա՛մբ փառաւորիր քո հոգին եւ նրան պատի՛ւ տուր ըստ իր արժանիքների։

32 Ո՞վ կ’արդարացնի նրան, որ մեղանչում է իր հոգու մէջ, կամ ո՞վ կը փառաբանի նրան, որ անարգում է իր կեանքը։

33 Աղքատը մեծարւում է իր իմաստութեան համար, իսկ հարուստը փառաբանւում իր հարստութեան համար։

34 Ով իմաստութեամբ փառաւորւում է հարստութեան մէջ, որքա՜ն եւս կը փառաւորի աղքատութեան մէջ, իսկ նա, ով չի մեծարւում աղքատութեան մէջ, առաւել եւս չի մեծարուի հարստութեան մէջ։