Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՀՐԵԱՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՀԱՐԵՒԱՆՆԵՐԸ3 Երբ այդ անօրէնը տեղեակ դարձաւ նրանց նպ…

ՀՐԵԱՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՀԱՐԵՒԱՆՆԵՐԸ

3 Երբ այդ անօրէնը տեղեակ դարձաւ նրանց նպատակներին, խիստ զայրացաւ, հրաման տուեց, որ իր բարկութիւնը թափեն ոչ միայն երուսաղէմացիների, այլեւ ամբողջ երկրի վրայ, ուր եբրայեցիներն են բնակւում, հրամայեց բերել հաւաքել նրանց, տանջալի մահով սպանել վերացնել նրանց երկրի երեսից։ 2 Երբ տանջանքի այս անօրէն հրամանը հրապարակուեց, նրանք գտան, որ իրենց համար աւելի ծանր է օրէնքները փոխելու տառապանքը, քան դառն մահը։ 3 Եբրայեցիները հաւատարմութեամբ արքայի օրէնքը պահում էին, բայց եւ իրենց Տէր Աստծուն հաւատարիմ էին մնում, տրուած օրէնքները հաստատ էին պահում, հեռու էին մնում ապստամբների անօրէնութիւններից, որի պատճառով շատերի աչքից ընկնում էին, 4 բայց հէնց նրա համար, որ հաւատարիմ էին մնում օրէնքի սպասաւորութեանը, դրա համար էլ բոլոր մարդկանց առաջ փառաւորւում էին։ Սակայն այլազգիները հաշուի չէին առնում հրեայ ազգի բարեմասնութիւնները, այլ նրանց պաշտամունքի եւ կերակուրների տարբերութիւնը համարում էին ապստամբութիւն իրենց դէմ եւ ասում. «Այս ազգն առհասարակ թագաւորին ու արքունի զօրքին թշնամի է»։ Եւ այսպիսի հայհոյալից խօսքերով արքունիքին մեծ վնաս ու պատուհաս էին բերում։

5 Ինչ վերաբերում է քաղաքում ապրող հեթանոսներին, ապա սրանք տեսնելով մարդկանց յանկարծակի խռովութիւնը, այսպիսի հալածանքների յանկարծակի վրայ հասնելը, ո՛չ կարողանում էին օգնել նրանց, ո՛չ էլ արքունի հրամանին դէմ կանգնել։ 6 Միայն կարեկցում էին, մխիթարում, քաջալերում, խնդրում էին անցկացնել բարկութեան պահն ու ասում էին. «Իրենց Տէր Աստուածը չի թողնի, որ այսպիսի մի ազգ իզուր ոչնչացնեն»։ Բարեկամները, մերձաւորները, վաճառականները լռելեայն ուխտում էին օգնական լինել միմեանց՝ որքան կարող են։ 7 Անօրէնը, սակայն, միառժամանակ այնքան էր ամբարտաւանացել, որ բոլորովին անտեսել էր մեծն Աստծու զօրութիւնը։ Նա կարծում էր, որ իր իշխանութիւնը մշտնջենական է։ Նա ամբողջ երկրում այսպիսի մի հրովարտակ տարածեց.

ԱՆՏԻՈՔՈՍԻ ՀՐՈՎԱՐՏԱԿԸ ԱՆՀՆԱԶԱՆԴ

ՀՐԵԱՆԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

8 «Եգիպտոսի կողմերի արքայ Անտիոքոսը ողջունում է բոլոր վայրերի սպարապետներին, զօրավարներին ու զինուորներին։ Ո՛ղջ եղէք, իսկ ես ինքս ամէն ինչով, զօրքով ու տէրութեան օրէնքների շնորհիւ ողջ եմ։ 9 Դուք ինքներդ լսած կը լինէք մեր հեծելազօրի անցած ճանապարհի մասին, թէ ինչպէս աստուածների օգնութեամբ իմ զինուորներով ճանապարհ ընկայ։ Ո՛չ զօրքի ուժով անցայ, ո՛չ տէգ ու նիզակով, ո՛չ ամրապինդ աղեղներով, այլ՝ հեզութեամբ ու խոնարհութեամբ, մարդասիրական նպատակներով, որպէսզի դայեակի նման սնուցանեմ Ստորին Ասորիքի ու Տաճկաստանի բոլոր կողմերը։ Ամէն ինչ բարեյաջող աւարտուեց։ 10 Մենք մեծարեցինք բոլոր քաղաքները, նուէրներ մատուցեցինք այնտեղ։ Եկանք մտանք Երուսաղէմ, ցանկացանք մտնել տաճար՝ այն չարագործների սրբավայրը, որոնք երբեք չեն կամենում հրաժարուել իրենց չար խորամանկութիւններից։ 11 Նրանք խօսքերով առերես ուրախացան, որ եկել ենք իրենց մօտ, բայց գործով խաբեցին մեզ, որպէսզի խանգարեն մեր այնտեղ մտնելը։ Նրանք մեզ ո՛չ տաճարին մօտիկ թողեցին, ո՛չ էլ ընդունեցին իրենց տաճարին մատուցած մեր մեծարժէք ընծաներն ու զոհաբերութիւնները։ Ապաւինելով իրենց ամբարտաւան հպարտութեանը, մի բան, որ շատ հնուց է գալիս, արգելեցին մեզ ներս մտնել։ Հրաժարուեցին մեր այն մարդասիրական բարութիւնից, որ մենք ունենք բոլոր մարդկանց նկատմամբ։ 12 Նրանք մեր հանդէպ ունեցած իրենց անմիտ թշնամութիւնը կամեցան բացայայտ կերպով ցոյց տալ, միայն թէ կարողանային բոլոր ազգերի մէջ վարազի պէս գլուխները տնկել, ելնել, տիրել, թագաւորել, հպարտանալ, ամբարտաւանել, բարձրապարանոց երեւալ իրենց երախտաւորների առաջ։ 13 Մենք հանդուրժեցինք նրանց անմտութիւնը, եւ երբ յաղթանակով վերադարձանք Եգիպտոսի կողմերից, նուաճեցինք բոլոր ցեղերն ու ազգերը մարդասիրական հեզութեամբ, խնամք տածելով, ինչպէս պարտ ու պատշաճ է մեր օրէնքներին։ 14 Առանց ոխ պահելու բազում անգամ նրանց ցուցաբերած յանդգնութեան ու լրբութեան համար, հրամայեցինք նրանց ազգատոհմերին համարել ալեքսանդրացիներին արժանի համաքաղաքացիներ։ 15 Բայց նրանք ստոր, յետին նպատակներով ու բնածին խորամանկութիւններով այդ բարեգործութիւնից էլ հրաժարուեցին, եւ քանի որ նրանց միտքը միշտ դէպի չարագործութիւնն է հակուած, նրանք ոչ միայն մերժեցին ընկերութիւնը, մեծարանքն ու պատիւը, այլեւ գարշում են, խօսքով կամ լռելեայն անարգում են ու պիղծ համարում մեզ։ Եւ սակաւաթիւ մարդկանց եւս, որոնք գթութեամբ համակրում են մեզ, նրանք մերժում, անարգում են եւ արագօրէն թշուառ կեանքի հասցնում։ Նրանք հապշտապ, տագնապահար՝ նրանց գործերը ձախողման են ուզում հասցնել։ 16 Այս ամենի պատճառով մենք համոզուեցինք, որ նրանք մեր թշնամիներն են, ուստի մենք ենթադրում ենք, որ այդպիսի խորամանկ մտադրութիւն ունենալով՝ նրանք գուցէ յանկարծ խռովութիւն բարձրացնեն մեր դէմ, ըստ իրենց անօրէն սովորութեան՝ օգնութիւն հայցեն ուրիշներից, ներքուստ մեզ իրենց թշնամի ու մատնիչ համարեն։ Հրամայում ենք. մեր այս հրովարտակն ստանալուց անմիջապէս յետոյ մոլի չարագործներին իրենց կանանց ու երեխաների հետ նախատինքների ու տանջանքների ենթարկելով, ոտք ու ձեռքը եւ պարանոցները կապկպած, չորս կողմ կարգուած պահակախմբերով, խիստ պատիժների ենթարկելով՝ մեզ մօտ բերել, 17 որպէսզի նրանք, իբրեւ խորամանկ մարդիկ, իրենց անօրէն չարագործութիւնների համար իրենց կատարած գործերին արժանի պատիժ ու պատուհաս կրեն, եւ մենք կարողանանք հեշտ ու խաղաղ մեր գործերը կարգի բերել։ Եթէ գտնուեն մարդիկ, որոնք կը թաքցնեն նրանցից մի տղամարդ, մի կին կամ մի տղայ երեխայ՝ ալեհեր ծերունուց մինչեւ ծծկեր երեխայ, ապա նրան ու նրա տոհմը չարաչար տանջանքներով մահապատժի կ’ենթարկէք։ 18 Իսկ եթէ գտնուեն մարդիկ, որոնք ի յայտ կը բերեն այդ թաքնուած մարդկանց, ապա յայտնողը թող սեփականացնի թաքնուածի ինչքն ու ունեցուածքը, արքունի գանձարանից թող պարգեւ ստանայ եւ ազատութեան պսակով պսակուած՝ գայ ու մեծարուի հրապարակում։ 19 Բոլոր այն վայրերը, ուր կ’երեւան փախստականներ կամ թաքնուածներ, թող աւերուեն, հրդեհուեն ու վերածուեն անապատի, թող կրակի մատնուեն եւ ամէն ազգի մարդկանց համար մշտապէս համարուեն ոչ պիտանի»։