Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՏՈԲԻԹՆԱԽԱԲԱՆ[*]1 Այս է գիրքը պատմութեան Տոբիթի, որ Նեփթաղիմի ազգից էր…
ՏՈԲԻԹ
ՆԱԽԱԲԱՆ[*]
1 Այս է գիրքը պատմութեան Տոբիթի, որ Նեփթաղիմի ազգից էր, Սասիէլի սերնդից։ Տոբիթը որդին էր Տոբէլի, սա՝ Անանիէլի, սա՝ Անաւելի, եւ սա՝ Գաբայէլի։ 2 Ասորեստանի Ենեմեսար թագաւորի օրօք նա գերուեց Թեզբուից, որ Նեփթաղիմի երկրի աջ կողմում է՝ Գալիլիայում, Ասէի վերեւում։
ՏՈԲԻԹԻ ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ
3 Ես՝ Տոբիթս, իմ կեանքի բոլոր օրերին ընթացայ ճշմարտութեան եւ արդարութեան ճանապարհներով, բազում ողորմութիւններ արեցի իմ եղբայրներին եւ իմ ազգակիցներին, որ Ասորեստանի երկրում՝ Նինուէում ինձ հետ էին։
4 Երբ դեռեւս Իսրայէլի երկրում էի, իմ հայրենի գաւառում, եւ քանի դեռ երիտասարդ էի, իմ հայր Նեփթաղիմի ողջ ազգն արտաքսուեց ու հեռացուեց Երուսաղէմի տաճարից, որն ընտրուած էր Իսրայէլի բոլոր ազգերի կողմից, որպէսզի բոլորն այնտեղ զոհ մատուցեն, եւ ուր Բարձրեալի բնակութեան տաճարը սրբագործուել էր եւ կառուցուել բոլոր ժամանակների համար։ 5Երուսաղէմից ապստամբ եւ Բահաղի երինջին զոհ մատուցող բոլոր ազգերի նման էր նաեւ իմ հայր Նեփթաղիմի տունը։ 6 Միայն ես էի, որ տարեկան տօներին բազմիցս գնում էի Երուսաղէմ, ինչպէս սահմանուած է ամբողջ Իսրայէլի համար յաւիտենական հրամանով։ Ստացուած բերքի պտուղներն ու տասանորդները եւ բոլոր արդիւնքներից իրենց ստանալիք ընծաները զոհասեղանի առջեւ տալիս էի քահանաներին՝ Ահարոնի որդիներին։ Տասանորդները տալիս էի Ղեւիի որդիներին, որոնք Երուսաղէմում Աստծու տաճարի սպասաւորներն էին։ 7 Երկրորդ տասանորդը հաւաքում եւ վաճառում էի, ամէն տարի գնում Երուսաղէմ ու ամբողջովին ծախսում այն։ 8 Երրորդը տալիս էի նրանց, ում պատշաճ էր, ինչպէս պատուիրել էր իմ հօր մայր Դերուրան. որովհետեւ հօրիցս որբ էի մնացել։ 9 Երբ տղամարդ դարձայ, իմ հայրենի ցեղից կնութեան առայ Աննային եւ նրանից ունեցայ Տուբիին։
10 Իսկ երբ գերեվարուեցի Նինուէ, իմ բոլոր եղբայրներն ու ազգակիցներն ուտում էին հեթանոսների հացից, իսկ ես ինձ զսպեցի, որպէսզի չուտեմ, 12 քանզի ողջ հոգովս յիշում էի Աստծուն։ 13 Բարձրեալն ինձ Ենեմեսարի կողմից շնորհներ եւ բարեհաճութիւն տուեց. ես նրա վաճառականն էի, գնում էի Մարաստան։ 15 Մարաց երկրի Ռագիւս քաղաքում, Գուրիի եղբայր Գաբայէլին պահելու տուեցի տասը քանքար արծաթ։ 18 Իսկ երբ Ենեմեսարը մեռաւ, եւ նրա փոխարէն թագաւորեց նրա որդի Սենեքերիմը, այդ տարիներին խռովութիւններ սկսուեցին, եւ ես չկարողացայ գնալ Մարաստան։
19 Ենեմեսարի օրօք իմ եղբայրներին բազում բարեգործութիւններ էի անում. 20 իմ հացը տալիս էի քաղցածներին, հագուստս՝ մերկերին. իսկ երբ տեսնում էի, որ իմ ազգից որեւէ մէկը մեռել է, եւ նրան դուրս են գցել պարսպից, ես թաղում էի։ Կամ էլ երբ Հրէաստանից փախստական վերադառնալուց յետոյ 21 Սենեքերիմ արքան որեւէ մէկին սպանում էր, ես գաղտնի թաղում էի նրան. որովհետեւ նա իր զայրոյթով շատերին կոտորեց, իսկ յետոյ դիակները փնտռեց ու չգտաւ։ 22 Նինուէացիներից ինչ-որ մէկը մտել էր թագաւորի մօտ ու նրան տեղեկացրել իմ մասին, որ դիակները թաղում եմ։ Ես թաքնուեցի, որովհետեւ իմացայ, որ ուզում են ինձ սպանել. եւ ահաբեկուած փախայ գնացի Նինուէից։ 23 Իմ ամբողջ ունեցուածքը յափշտակուեց. որեւէ բան չմնաց, մնացին միայն կինս ու Տուբի որդիս։ 24 Ապա, յիսուն օր չանցած, իր երկու որդիներն սպանեցին նրան եւ փախան Հայոց լեռները։ Դրանից յետոյ թագաւորեց իր որդի Ասորդանը։ Սա իմ եղբօրորդի Աքիաքարոս Անայէլին կարգեց իր թագաւորութեան բոլոր իշխանների եւ ամբողջ արքունի տան գլխաւոր։ 25 Աքիաքարոսը թագաւորին բարեխօսեց ինձ համար։ Եկան ինձ վերադարձնելու, եւ ես եկայ Նինուէ։ Աքիաքարոսը տակառապետն էր, թագաւորի տան ամբողջ ելեւմտի գիրքը նրա ձեռքին էր։ Ասորդանը նրան նշանակեց իր թագաւորութեան երկրորդ մարդը. իսկ նա իմ եղբօրորդին էր։ Երբ ես եկայ իմ տուն, ինձ տուեցին իմ Աննա կնոջը եւ իմ Տուբի որդուն։