Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՏՈԲԻԹԻ ԿՏԱԿԸ4 Նոյն օրը Տոբիթը յիշեց արծաթը, որ Մարաց երկրի Ռագիւս քաղ…
ՏՈԲԻԹԻ ԿՏԱԿԸ
4 Նոյն օրը Տոբիթը յիշեց արծաթը, որ Մարաց երկրի Ռագիւս քաղաքում պահ էր տուել Գաբայէլին։ Նա իր մտքում ասաց. «Ես ինձ համար մահ խնդրեցի. քանի դեռ չեմ մեռել, ինչո՞ւ չկանչեմ իմ որդի Տուբիին եւ ամէն ինչ չյայտնեմ նրան»։ 2 Եւ նա կանչեց ու ասաց նրան. 3 «Որդեա՛կ իմ, երբ մեռնեմ, կը թաղես ինձ. չանարգե՛ս կամ չանտեսե՛ս քո մօրը, այլ նրան կը պատուես կեանքիդ բոլոր օրերին, նրա համար կ’անես այն ամէնը, ինչ հաճելի է իրեն, չտխրեցնես նրան։ 4 Կը յիշես, որ, երբ դու նրա որովայնում էիր, նա քեզ համար շատ նեղութիւններ է կրել. 5 երբ նա մեռնի, կը թաղես ինձ մօտ, նոյն գերեզմանում։ 6 Յիշի՛ր քո Տէր Աստծուն կեանքիդ բոլոր օրերին, մեղք չգործե՛ս կամ նրա պատուիրանները զանց չառնես, քո ամբողջ կեանքում արդարութիւն կը գործես, անիրաւութեան ճանապարհներով չգնաս, քանի որ, երբ արդար գործ անես, քո բոլոր գործերը կը յաջողուեն, ինչպէս յաջողւում է բոլորին, ովքեր արդարութիւն են գործում։ 7 Քո ունեցուածքից ողորմութիւններ կ’անես. ողորմութիւն անելիս թող քո աչքը ագահ չլինի. երեսդ չդարձնես բոլոր աղքատներից, եւ Տէր Աստուածն էլ ի՛ր երեսը չի դարձնի քեզանից։ 8 Ինչքան շատ ունենաս, ըստ այդ շատութեան կ’անես քո ողորմութիւնները, եթէ քիչ ունենաս՝ ըստ քչի։ 9 Չյապաղես ողորմութիւններ անել, 10 քանի որ դրանով բարիքներ կը գանձես քո կեանքի օրերին։ 11 Արդարեւ, ողորմութիւնները փրկում են մահուանից եւ թոյլ չեն տալիս մտնել խաւարի մէջ. 12 ողորմութիւնները բարի պարգեւ են բոլորին, ովքեր այն անում են Աստծու առջեւ։ 13 Անձիդ համար զգոյշ կը լինես պոռնկութիւնից, կին կ’առնես քո հայրերի սերնդից. օտար ազգից կին չառնես, որովհետեւ մարգարէների՝ մենք մեր առաջին հայրերի՝ Նոյի, Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի որդիներն ենք։ Դու, որդեա՛կ, յիշի՛ր՝ սրանք բոլորն էլ իրենց եղբայրներից կին առան եւ օրհնուեցին իրենց որդիներով. եւ նրանց սերունդը պիտի ժառանգի երկիրը։ Դու, որդեա՛կ, պիտի սիրես քո եղբայրներին, երեսդ չշրջես, սիրտդ չշրջես քո եղբայրներից, քո ժողովրդի որդիներից ու դուստրերից. նրանցի՛ց կին կ’առնես քեզ համար։ 14 Ամբարտաւանութիւնից առաջ են գալիս կորուստ եւ մեծ խռովութիւն, պղծութիւնից՝ պակասութիւն եւ մեծ աղքատութիւն, քանի որ պղծութիւնը սովի մայրն է։ 15 Վարձկանիդ վարձը թող մի օր էլ չմնայ քեզ մօտ, այլ կը վճարես անմիջապէս. եւ եթէ դու ծառայես Աստծուն, նա քեզ բարիքներով կը հատուցի։ Որդեա՛կ, քո բոլոր գործերում զգոյշ կը լինես, խելամի՛տ եղիր քո ողջ կեանքում. 16 ինչը դու ատում ես, ուրիշին չանես։ Հարբելու աստիճան գինի չխմե՛ս, հարբած ճանապարհ չգնա՛ս. 17 քո հացից կը տաս քաղցածներին, քո հագուստներից՝ մերկերին. եւ ինչ կ’աւելանայ քեզ պէտք եղածից, ողորմութիւն կ’անես։ 18 Քո հացը չխնայես տալ արդարների գերեզմանների վրայ, բայց մեղաւորների համար չտա՛ս։ 19 Ամէն մարդուց խորհուրդ կը խնդրես, չարհամարհես ոչ մի պիտանի խորհուրդ։ 20 Ամէն ժամ կ’օրհնես քո Տէր Աստծուն եւ կը խնդրես նրանից, որ քո բոլոր ճանապարհներն ուղիղ լինեն, քո բոլոր մտադրութիւններն ու գործերը յաջողուեն, որովհետեւ մարդու բոլոր մտադրութիւնները ոչինչ են։ Տէրն ինքն է տալիս բարի խորհուրդներ, եւ ում կամենում է՝ խոնարհեցնում է, ինչպէս հաճելի է իրեն։ Ահա, որդեա՛կ իմ, դու կը յիշես իմ բոլոր պատուիրանները, որ տալիս եմ քեզ, եւ թող նրանք չջնջուեն քո սրտից։ 21 Հիմա ես յայտնում եմ քեզ տասը քանքար արծաթի մասին, որ Մարաց երկրի Ռագիւս քաղաքում պահելու տուեցի Գաբրիի որդի Գաբայէլին։ 23 Չվախենաս, որդեա՛կ, որ շատ աղքատացանք, որովհետեւ եթէ Աստծուց վախենաս, բոլոր մեղքերից հեռու լինես եւ անես նրան հաճելին, քեզ շատ ունեցուածք եւ հարստութիւն կը գայ»։