Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՊԱՏԺԻ ՉԱՓԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ ՔԱՆԱՆԱՑԻՆԵՐԻ ՀԱՆԴԷՊ12 Ամէն բանի մէջ …
ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՊԱՏԺԻ ՉԱՓԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ ՔԱՆԱՆԱՑԻՆԵՐԻ ՀԱՆԴԷՊ
12 Ամէն բանի մէջ է քո անեղծ հոգին։
2 Դրա համար էլ մեղապարտներին յանդիմանում ես սակաւ առ սակաւ
եւ յիշեցնելով, թէ ինչ մեղքեր են գործում, սովորեցնում ես,
որ չարիքներից խուսափելով՝ հաւատան քեզ, Տէ՛ր։
3 Դու ատեցիր նաեւ քո սուրբ երկրի հին բնակիչներին
4 իրենց կատարած գարշելի գործերի՝
կախարդութիւնների, անսուրբ զոհաբերութիւնների,
մանուկների անողորմ կոտորածների
5 եւ աստուածութեանդ նուիրուած խորհրդաւոր ծէսերի ժամանակ՝
մարդկային մարմնի փորոտիք եւ արիւն ուտելու համար։
6 Եւ այն ծերերին ու ծնողներին, որոնք սպանեցին անօգնական հոգիներին,
դու կամեցար կորստի մատնել մեր հայրերի ձեռքով,
7 որպէսզի այն երկիրը, որ ամենից թանկ էր քեզ համար,
իր մէջ ընդունէր Աստծուն արժանաւոր ծառաներ։
8 Բայց նրանց եւս, որպէս մարդկանց, խնայեցիր,
արձակելով քո զօրքի առաջամարտիկներին՝
պիծակներին, որ սակաւ առ սակաւ սպանեն նրանց,
9 թէեւ դու անզօր չէիր ամբարիշտների դէմ պատերազմելու
արդարների ձեռքով կամ ամեհի գազաններով,
կամ հէնց մի խօսքով միանգամից կործանելու նրանց.
10 բայց դու կամաց-կամաց դատաստան տեսնելով՝
ապաշխարութեան տեղ էիր թողնում՝
չմոռանալով սակայն, որ չար է նրանց արարքը,
բնածին է նրանց չարութիւնը,
եւ յաւիտեան չեն փոխուելու նրանց մտածումները,
11 քանզի սկզբից եւեթ անիծուած էր նրանց ծնունդը։
Դու երկիւղ չէիր կրում որեւէ մէկից,
երբ ներում էիր շնորհում մեղաւորներին։
12 Արդարեւ, ո՞վ կարող է ասել քեզ, թէ ինչ ես անում,
եւ ո՞վ կարող է դէմ կանգնել քո դատաստանին,
կամ ո՞վ կարող է քեզ կշտամբել ազգեր կործանելու համար, որ դու արել ես,
եւ կամ ո՞վ կարող է քեզ հակառակուել՝ անիրաւ մարդկանցից վրէժխնդիր լինելու համար։
13 Ո՛չ, քեզնից բացի չկայ այլ Աստուած, որ հոգար բոլորի համար,
որին յայտնի դարձնէիր, թէ անարդար չես դատել։
14 Եւ ոչ մի թագաւոր ու ոչ մի բռնակալ չի կարող հայեացքը վեր բարձրացնել քո դէմ նրանց համար, ում պատժել ես դու.
15 որովհետեւ արդար ես եւ արդարութեամբ ես կառավարում բոլորին։
Ով արժանի է պատիժ կրելու, պատժում ես,
եւ քո ուժին օտար է անարդար պատիժը։
16 Քո զօրութիւնը արդարութեան իշխան է,
եւ բոլորի վրայ քո տիրելը մղում է քեզ բոլորին խնայելու։
17 Դու թերահաւատին ցոյց ես տալիս քո ուժը կատարեալ զօրութեամբ
եւ յանդիմանում ես նրանց, ովքեր չեն ճանաչում քո զօրութիւնը։
18 Դու զօրութեամբ ես տիրում, բայց դատում ես հեզութեամբ
եւ մեծ խնամքով խնամում ես մեզ,
քանի որ քո զօրութիւնը քեզ հետ է միշտ,
եւ դու երբ կամենաս, կարող է քո կամքը լինել։
ԱՍՏՈՒԱԾ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ Է ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ
19 Այսպիսի գործերով էլ դու սովորեցրիր քո ժողովրդին,
թէ արդարը պարտաւոր է մարդասէր լինել,
եւ բարի յոյս ներշնչեցիր քո որդիներին,
թէ նրանց մեղքերին ապաշխարութիւն կը տաս։
20 Եթէ քո ծառաների թշնամիներին եւ մահապարտներին
այդչափ ներելով դու պատժեցիր եւ փրկեցիր՝
նրանց տեղ ու ժամանակ տալով,
որ կարողանան ազատուել չարիքներից,
21 ապա որքա՜ն ճշմարիտ դատեցիր քո որդիներին,
որոնց հայրերի հետ երդում եւ դաշինք ես կնքել՝
բարի աւետիք տալու համար։
22 Արդ, մեզ խրատելու համար դու բիւրապատիկ պատժում ես թշնամիներին,
որպէսզի մենք, քո բարերարութեան չափն առնելով, հոգատար լինենք
եւ երբ դատուած լինենք, յուսանք ողորմութեան։
ԱՆԱՍՈՒՆՆԵՐ ՊԱՇՏՈՂՆԵՐԻ ՊԱՏԻԺԸ
23 Ուստի եւ նրանց, որ անմիտ եւ տարապարտ կեանքով էին ապրել,
դու տանջեցիր իրենց իսկ գարշելի կուռքերով,
24 քանի որ նրանք շատ հեռու գնացին իրենց մոլորութեան ճանապարհներով
եւ անմիտ երեխաների նման խաբուելով՝
աստուածներ համարեցին անգամ այն կենդանիներին,
որ անարգ էին իրենց իսկ թշնամիների համար։
25 Դրա համար էլ նրանց, ինչպէս անխօս մանուկների,
դատաստանի փոխարէն ծաղր ու ծանակ արիր։
26 Եւ որովհետեւ նրանք ծաղր ու ծանակի սաստից չխրատուեցին,
Աստծու արժանի դատաստանին պիտի ենթարկուեն։
27 Նրանք պատիժ են կրելու հէնց այն անասուններից,
որոնց չարչարելիս զայրանում էին
եւ որոնց աստուածներ էին համարում։
Եւ տեսնելով Նրան, ում առաջ ուրանում էին,
ճանաչեցին, որ նա ճշմարիտ Աստուած է,
եւ այդ պատճառով էլ դատապարտութեան նշանը եկաւ իրենց վրայ։