Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

8 Ո՜վ իմ սիրեցեալ, երանի՜ թէ իմ եղբայրը լինէիր՝մօրս կաթով սնուած,եւ ե…

8 Ո՜վ իմ սիրեցեալ, երանի՜ թէ իմ եղբայրը լինէիր՝

մօրս կաթով սնուած,

եւ երբ հանդիպէի քեզ դրսում, համբուրէի քեզ,

եւ ոչ ոք չնախատէրինձ։

2 Վերցնէի քեզ, բերէի իմ մօր տունը,

այն սենեակը, ուր նա յղիացել է ինձնով,

քեզ ազնիւ գինի տայի խմելու,

օշարակ տայի իմ նռնենիներից։

3 Թող նրա ձախը լինի գլխիս տակ,

եւ նրա աջը թող գրկի ինձ։

4 Երդուեցէ՛ք, ո՜վ Երուսաղէմի դուստրեր,

հողի ու հանդի զօրութեան վրայ,

որ երբ վեր կենաք,

դուք իմ սիրածին չէք արթնացնի,

մինչեւ որ ինքը չկամենայ»։

ՎԵՑԵՐՈՐԴ ԵՐԳ

ԿԱՆԱՅՔ

Դուստրերը եւ թագուհիները ասում են.

5 «Ո՞վ է սա, որ գալիս է սպիտակ հագած,

գալիս է՝ յենած իր սիրեցեալին»։

Փեսան ասում է Հարսին.

«Ես քեզ արթնացրի խնձորենու տակ.

այնտեղ քո մայրը երկնել է քեզ,

այնտեղ քո ծնողը ծնել է քեզ։

6 Ինձ իբրեւ կնիք դի՛ր քո սրտի վրայ,

իբրեւ մատանի դի՛ր քո աջ ձեռքին,

քանզի հզօր է սէրը մահուան պէս,

խանդը դաժան է դժոխքի նման,

նրա թռիչքը նման է հրի բոցի թռիչքին։

7 Առատ ջրերը չեն կարող սէրը մարել,

եւ ոչ էլ գետերը կարող են արգելել այն։

Եթէ մի մարդ իր ողջ հարստութիւնը տար սէր գնելու համար,

նրան արհամարհելով կ’արհամարհէին մարդիկ»։

ԿՆՈՋ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

8 «Մեր քոյրը փոքրիկ է

եւ դեռ չունի ստինքներ.

ի՞նչ պիտի անենք այն օրը,

երբ գան նրան ուզելու։

9 Եթէ պարիսպ լինէր նա,

վրան արծաթէ աշտարակներ կը կանգնեցնէինք,

եթէ դուռ լինէր նա,

եղեւնափայտի տախտակներ կը շինէինք վրան»։

Հարսը համարձակւում է եւ ասում.

10 «Ես պարիսպ եմ,

եւ իմ ստինքները նման են աշտարակների.

նրա աչքին ես երեւում եմ ինչպէս մէկը,

որ իր խաղաղութիւնն է գտել»։

ՄԱՐԴԸ

11 Սողոմոնը մի այգի ունէր Բեէլմաւոնում.

իր այգին նա տուեց պահապաններին։

Նրանցից իւրաքանչիւրը հազար արծաթ պիտի բերէր պտղի փոխարէն։

12 Իմ այգին իմ առջեւն է.

հազարը Սողոմոնին,

եւ երկու հարիւրը՝ պահապաններին,

որ պահում են նրա պտուղը։

Հարսն ասում է.

13 «Դու՛, որ նստել ես պարտէզների մէջ,

եւ ուրիշները լսում են քեզ,

քո ձայնը լսելի՛ դարձրու նաեւ ինձ»։

ԿԻՆԸ

14 «Փախի՛ր, իմ սիրեցեալ, այծեամի պէս,

կամ եղնիկների հորթերի նման,

որ լինում են խնկաբեր լեռների վրայ»։